ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Խորհրդային Հայաստանում աղքատության գծից ցածր եկամուտ էր ստանում բնակչության 20 տոկոսը։ Աղքատության գիծ կոչվածն էլ սահմանված էր 78 ռուբլի կամ 87 դոլար մեկ շնչի համար։ Այս տվյալները բերված են Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր (ԱՀՌԾ) կոչված փաստաթղթից։ Նշելով դրանք, ամենեւին նպատակ չենք հետապնդում խորհրդային անցյալի գովքն անել։ Անցյալ, որը լի էր զրկանքներով եւ զանգվածային բռնություններով։ Սակայն վերոնշյալ ցուցանիշները համադրելով ներկայումս ընդունված աղքատության չափանիշների եւ սահմանումների հետ, լուրջ խորհրդածությունների առիթ ենք ունենում։
Աղքատության սահմանումն ու կառավարության ընկալումը
«Աղքատության սահմանումները» բաժնում, վկայակոչելով Համաշխարհային բանկի սահմանած չափանիշները, բառացիորեն ասվում է, որ «այս ծրագրում աղքատության տակ հասկացվում է կենսաբանական, սոցիալական, հոգեւոր-մշակութային (ընդգծումները մերն են-Ա. Մ.) նվազագույն պահանջմունքները բավարարելու անհնարինությունը»։ Այնուհետեւ բացատրվում է, թե ինչ պետք է հասկանալ դրանցից յուրաքանչյուրի դեպքում։ Այսպեսՙ կենսաբանական պահանջմունքն ընդգրկում է մարդու սնունդը, անձնական եւ կենցաղային հիգիենայի անհրաժեշտ նվազագույն պահանջների բավարարումը, նվազագույն սեզոնային հագուստը, բնակարանի առկայությունը, ջրի, ջերմության, էլեկտրաէներգիայի անհրաժեշտ նվազագույն սպառման հնարավորությունը։ Այս ամենը կարծես թե վատ չէ։ Սակայն դա ամբողջը չէ։
Սոցիալական պահանջմունքը ենթադրում է առողջությունը, կրթությունը, աշխատանքը, նվազագույն սոցիալիզացման (ամուսնությանը, մանկածնությանը, մահվանն առնչվող ծեսեր, դատաիրավական համակարգի հետ առնչություններ) անհրաժեշտությունըՙ դրանց ուղեկցող նյութական հնարավորություններով հանդերձ, ներընտանեկան հարաբերությունների կայունությունը, նվազագույն տեղեկացվածության անհրաժեշտությունը (մամուլ, հեռուստատեսություն, ռադիո կամ այլ ԶԼՄ-ներ), միմյանց հետ մարդկանց շփվելու (հեռախոս, տրանսպորտ, կապի այլ միջոցներ), ինչպես նաեւ հասարակական կյանքին մասնակցելու հնարավորությունները։ Ուղղակի անհավատալի է։ Մի՞թե իսկապես կառավարության ընդունած ծրագրում աղքատությունը հենց այսպես էլ հասկացվում էՙ ներառյալ նաեւ հոգեւոր-մշակութային պահանջների բավարարումը։
Այս գաղտնիքը, ճիշտ էՙ ոչ միանգամից, բացահայտվում է հաջորդ կետին ծանոթանալիս։ «Մարդն աղքատ է կամ աղքատ չէՙ հիշյալ երեք խմբերի համակցությամբ եւ միայն նվազագույն նյութական (կենսաբանական) պահանջմունքների բավարարումը չի բերելու մարդու սոցիալական հնարավորությունների մեծացման եւ աղքատության վերացման»։ Միանգամայն ընդունելի ճշմարտություն, բայց պարզվում է, որ «աղքատության խնդրի շուրջ կատարված հետազոտությունների մեծ մասը ինչպես Հայաստանում, այնպես էլ շատ այլ երկրներում գործնականորեն խարսխված է կենսաբանական անհրաժեշտությունների ցուցանիշների վրաՙ մասնակիորեն ներառելով առողջապահական եւ կրթական մատչելիության հնարավորությունները»։ Ահա թե ինչ։
Այսինքն, պահանջմունքների երեք խմբերի համակցության, սոցիալական, հոգեւոր-մշակութային պահանջմունքների բավարարման մասին մինչ այդ գրվածներն ընդամենը չար կատակ են, որին պետք չէ հավատալ։ Հայաստանի կառավարության իրական նպատակը ամենեւին էլ իր իսկ ընդունած ծրագրում նշված, այդ տեսակ, ասել է թեՙ իրական աղքատության վերացումը չէ, ինչն ամրագրվում է արդեն ծրագրի հաջորդ կետերում։
Մասնավորապես նշվում է, որ աղքատության գնահատման հիմք է ծառայել աղքատության պարենային եւ աղքատության ընդհանուր գծերի հաշվարկը։ Ի՞նչ է սա նշանակում։ Շարունակությունը հասկանալի է դարձնում։ Երկու գծերն էլ կառուցվում են սննդամթերքի ձեռքբերման համար տնային տնտեսությունների կատարած փաստացի ծախսերի վրա։ Ընդգծում ենքՙ սննդամթերքի։ Այստեղ այլեւս նշված չեն ոչ միայն պահանջմունքների երեք խմբերը, այլեւ այն «կրթական եւ առողջապահական մատչելիության հնարավորությունները», որոնց մասնակի ներառումն էր խոստացվում ընդամենը նախորդ էջում։
Նվազագույն պարենային զամբյուղըՙ նվաստացուցիչ մարդկանց համար
Սա դեռ ամենը չէ։ Կառավարությունը զլացել է անգամ այդ սննդամթերքի սպառման մասնագիտական հիմնավորմամբ ներկայացրած եւ քիչ թե շատ իրատեսական պարենային զամբյուղը հիմք ընդունել։ Հիշեցնենք, որ առողջապահության նախարարության մշակած նվազագույն պարենային զամբյուղի արժեքը մեկ շնչի հաշվով կազմում էր մոտ 26 հզ. դրամ (1996 թ-ի գներով), իսկ էներգետիկ արժեքըՙ 2400 կկալ։ Ի տարբերություն սրան, ազգային վիճակագրական ծառայությունը հաշվարկել է 2100 կկալ էներգետիկ արժեքով եւ մոտ 12 հզ. դրամ կազմող պարենային զամբյուղ։ Բնականաբար, ԱՀՌԾ-ում հիմք է ընդունվել վերջին տարբերակը։ Ամենամեծ զավեշտը դրա հիմնավորումն էՙ տարբեր տարիների ընտրանքային հետազոտությունների ցուցանիշների համեմատելիությունն ապահովելու եւ միջազգային համադրումներ կատարելու անհրաժեշտությունից ելնելով։ Այս հիմնավորման հեղինակը կկարողանա՞ իր գոյությունը պահպանել վերոնշյալ 2100 կկալորիայով կամ 12 հզ. դրամով։ Նույնը կարելի է առաջարկել այդ հիմնավորման համահեղինակ դարձած կառավարության անդամներին եւ ղեկավարին։ Թող սեփական մաշկի վրա զգան պարենային նվազագույն զամբյուղի բարերար ազդեցությունը եւ ապահովեն «ցուցանիշների համեմատելիությունն» ու կատարեն «միջազգային համադրումներ»։
Մի՞թե ավելի ազնիվ չէր լինի նախ անկեղծորեն խոստովանել, որ աղքատությունը հաղթահարելու խնդիր կառավարությունը չի դնում։ Ապա հայտարարել, որ խոսքը ոչ թե աղքատության հաղթահարման, այլ զուտ պարենային ապահովման ծրագրի մասին է։ Վերջապես, դրա համար հիմք ընդունել մասնագիտորեն հիմնավորված նվազագույն պարենային զամբյուղը, այլ ոչ թե մարդկանց նվաստացնող եւ որեւէ լուրջ հիմնավորումից զուրկ ինչ-որ թիվ։ Իհարկե, պետք է իրատես լինել եւ չակնկալել մեկ շնչին 87 դոլար սահմանագիծը, բայց գոնե դրա կեսը պահանջելու իրավունք ունե՞նք։ Եվ միայն այս միջոցառումներն ապահովելուց հետո ձեռնամուխ լինենք իսկապես աղքատության հաղթահարման ծրագրին։
Մինչդեռ այսօր ստիպված ենք հերթական անգամ փաստել, որ կառավարության նպատակը Համաշխարհային բանկի սահմանած եւ ԱՀՌԾ-ում ամրագրված աղքատության հաղթահարումը չէ։ Իրական նպատակը աղքատության հաղթահարման իմիտացիա ստեղծելն ու նորանոր վարկեր ձեռք բերելն է։ Նպատակ, որի արմատական փոփոխությունը հնարավոր է միայն երկրի ղեկավարի քաղաքական կամքի եւ ցանկության դրսեւորման դեպքում։