«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2004-01-28 | #13, 2004-01-29 | #14, 2004-01-30


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ԲՈՒՇԻ ՊԱՀԱՆՋԸ

Հայաստանի առաջընթաց քայլով է պայմանավորում Էրդողանը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

«Ազգը» նախորդ համարում, ելնելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հայաստանի նկատմամբ «բարի կամք» դրսեւորելու եւ որպես բարի կամքի դրսեւորում Հայոց ցեղասպանության անհիմն պնդումներից հրաժարվելու հայերին հասցեագրած պահանջից, կարծիք էր հայտնել, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում համարժեք քայլերով պետք է չեզոքացնի «բարի կամքի» թուրքական դրսեւորումներն ու մերժի թուրքերի մեկնած «բարեկամական» ձեռքը։

Կարծիքը հիմնավորվել է տարածաշրջանում ընթացող քաղաքական զարգացումներով, ինչպես նաեւ Էրդողանի ԱՄՆ կատարած այցի Թուրքիայի համար ոչ բարենպաստ ավարտի հավանականությամբ։ Այդ զարգացումները Հայաստանին Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը հակակշռելու հնարավորություն էր տալիս, իսկ այցի ոչ բարենպաստ ավարտը դա մեծապես ընդլայնում էր։ Այս ամենի առումով հատկանշական է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի առանձնազրույցը Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ։

Հունվարի 28-ի երեկոյան Սպիտակ տանը կայացած այդ առանձնազրույցը, որը մոտ կես ժամ է տեւել, թուրքական կենտրոնական թերթերի ուշադրության գլխավոր առարկան էր։ Թուրքիայում ամերիկյան քարոզչություն ծավալող այս թերթերը հասկանալիորեն Բուշ-Էրդողան առանձնազրույցը թուրք հասարակությանը մատուցեցին «Կատարյալ փոխըմբռնում» խորագրով, որպեսզի երկրում տպավորություն ստեղծվի, թե այցը թուրքական պետության անվիճելի հաջողությունն է։ Հատկապես թուրք-ամերիկյան հարաբերությունների նախկին մակարդակը վերականգնելու առումով։

Կենտրոնական թերթերին միացավ նաեւ թուրքական հանրային հեռուստատեսությունը։ Սակայն, ի տարբերություն թերթերի, հեռուստատեսությունը դիմեց քաղաքագետների կարծիքին, որոնք էլ թուրք-ամերիկյան տարաձայնությունների ֆոնին տվեցին առանձնազրույցի ընթացքում քննարկված հարցերի շուրջ իրենց մեկնաբանությունները։ Դրանք Թուրքիայի համար ամենեւին հուսադրող չէին։ Մեկնաբանության հեղինակները նույնիսկ չխորշեցին նախագահ Բուշին ստախոս անվանելուց։

Ինչո՞ւ։ Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ ԱՄՆ նախագահը Թուրքիայի վարչապետի հետ քննարկել է Կիպրոսի հակամարտության, Իրաքում տիրող իրավիճակին, քրդական պետության, Քիրքուքի կարգավիճակին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող խնդիրները։ Ըստ ամենայնի, քննարկվել է նաեւ Թուրքիայի համար նախատեսված 8,5 մլրդ դոլարի ամերիկյան վարկի հարցը, որը ոչ մի կերպ չի տրամադրվում։ Էրդողանին ուղեկցող պետնախարար Ալի Բաբաջանը թուրքական հեռուստատեսությամբ հայտարարեց, որ թուրքական տնտեսությունը բարվոք վիճակում է, ամերիկյան վարկի կարիքը չի զգացվում։ Ուրեմն վարկի շուրջ բանակցություններն ապարդյուն են անցել։

Այլ կերպ, ԱՄՆ-ը հրաժարվել է դա տրամադրել Թուրքիային։ Հարցը, սակայն, սոսկ վարկը չէ, այլ Բուշ-Էրդողան առանձնազրույցը, որի ընթացքում թերեւս կողմերը փոխըմբռնման են հասել Կիպրոսի հարցում։ Հարկ է սակայն նշել, որ այդ հարցն Իրաքի վերակառուցման ներկա փուլում պաշտոնական Վաշինգտոնի համար հազիվ թե առանցքային լինի։ Բացի այդ, վարչապետ Էրդողանը, հարցի շուտափույթ կարգավորման պատրաստակամություն հայտնելիս, նախագահ Բուշին խնդրել է ամերիկյան ազդեցիկ գործիչներից մեկին կողմերի միջեւ որպես միջնորդ նշանակել։ Այդ պարտականությունը հանձնարարվել է պետքարտուղար Քոլին Փաուելին։

Ակնհայտ է, որ Եվրամիությանը Կիպրոսի Հանրապետության անդամակցության կիպրական հիմնախնդրի նախաձեռնությունն ամբողջությամբ անցնում է եվրոպական երկրներին։ Ուրեմն, Էրդողանը նկատի ունենալով ԵՄ-ի հետ ԱՄՆ-ի մրցակցությունը, միջնորդի խնդրանքով Բուշին դիմելիս Կիպրոսում ամերիկյան նախաձեռնության պահպանման համար անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում։ Այսինքն, տվյալ փոխըմբռնումը միանգամայն բխում է ԱՄՆ-ի շահերից։

Թերեւս փոխըմբռնում կարելի էր համարել PKK-KADEK-ի իրավաժառանգորդ KONGRAGEL-ի ընդգրկումն ահաբեկչական կազմակերպությունների ամերիկյան ցուցակում։ Սակայն դա ամենեւին չի նշանակում Իրաքի հյուսիսից դրա վտարումը կամ չեզոքացումը։ Ի վերջո, այս կազմակերպության արմատները Թուրքիայում են, եթե նույնիսկ հայտարարությանը գործնական քայլեր էլ հետեւեն, որն իրատեսական չի թվում, եւ դրա պատճառով Բուշը ստախոս է անվանվում, միեւնույն է, դա Իրաքի հյուսիսում քրդական պետական միավորի ստեղծումը չի կարող խոչընդոտել։

Թեեւ նախագահ Ջորջ Բուշը Էրդողանին խոստացել էր պահպանել Իրաքի տարածքային ամբողջականությունը, սակայն նա անպատասխան է թողել էթնիկ հիմունքներով երկիրը դաշնության վերածելու, ինչպես նաեւ Քիրքուքը քրդերի վերահսկողությանը հանձնելու հավանականության մասին հարցը։ Այսինքն, Իրաքի հյուսիսում դե ֆակտո գոյություն ունեցող քրդական պետությունն իր գոյությունն առնվազն պահպանելու է որպես դաշնության սուբյեկտ, ինչը միանգամայն անընդունելի է Թուրքիայի համար։

Եթե այդպես է, ապա Բուշ-Էրդողան առանձնազրույցի համար էլ անընդունելի պետք է լինի փոխըմբռնում արտահայտությունը։ Թերեւս այս ամենի առումով պատահական չէր առանձնազրույցի ընթացքում թուրքական հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում արված հետեւյալ մեկնաբանությունը. «Վերջին շրջանում հաճախակի է վիճարկվում թուրք-ամերիկյան գործակցությունը։ Վիճարկման է ենթարկվում նաեւ այն, թե դա որքանով է ռազմավարական»։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա նախագահ Բուշն ընդգծել է դրանց կարգավորման անհրաժեշտությունը, իսկ վարչապետ Էրդողանը պատասխանել է նրանՙ ասելով. «Բայց առաջընթաց քայլը թող Հայաստանը կատարի»։ Այդ մասին հունվարի 29-ի համարում տեղեկացրել է թուրքական «Վաթանը»։ Թեեւ սա լուրջ թերթ չէ, բայց եւ այնպես դրա գրածները հեռուստատեսությամբ հաստատեց ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Նուզհեթ Քանդեմիրը։

Ուրեմն «Վաթանի» գրածները ճիշտ են, իսկ թուրք-ամերիկյան գործակցության, ինչպես նաեւ դրա ռազմավարական բնույթի շուրջ ծավալվող վիճարկումներըՙ հիմնավոր։ Այլապես Թուրքիայի վարչապետն ԱՄՆ-ի նախագահին, այն էլ Սպիտակ տանը, երբ կասկածի տակ է դրվում թուրք-ամերիկյան ռազմավարական դաշինքի նպատակահարմարությունը, այդպիսի պատասխան չէր տա։ Էրդողանն այս պատասխանով ոչ միայն Բուշի հետ առանձնազրույցից իր հիասթափությունն է արտահայտել, այլեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար առաջընթաց քայլը Հայաստանից պահանջելով մի անգամ եւս հաստատել է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը հակակշռելու անհրաժեշտությունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4