«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2004-01-28 | #13, 2004-01-29 | #14, 2004-01-30


ԵՐԿԱՐԱՏԵՎ ԽԱՌՆԱՇՓՈԹԻՑ ՀԵՏՈ ՄԵՐ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ»

Հարցազրույց կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի հետ

- Առաջիկա օրերին հանրության քննարկմանը կդրվի նոր կրթակարգը, որը թելադրում է կրթական նոր ծրագրեր, գնահատման այլ համակարգ, բոլորովին նոր դասագրքեր։ Կրթական համակարգում վերջին տարիների խառնաշփոթին փոխարինելու է գալիս մի իրավիճակ, որ կարծես ամեն ինչ սկսում ենք զրոյից։ Համոզիչ ի՞նչ երաշխիքներ կան ասելու, որ իրականացվող փոփոխությունները կբարձրացնեն կրթական մակարդակը։

¬ Նախ համաձայն չեմ, որ ամեն ինչ սկսում ենք զրոյից։ Նոր կրթակարգի հիմքում ընկած են թե՛ խորհրդային դպրոցի լավագույն ավանդույթները, թե՛ սեփական ծրագրեր ու դասագրքեր կազմելու վերջին 10-15 տարիների մեր փորձառությունը, իսկ ամենագլխավորըՙ եղած կրթական մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը։ Ինչ վերաբերում է նոր ծրագրերին, ապա ակնկալում ենք 12-ամյա ուսուցման ընթացքում աշակերտին տալ հիմնարար գիտելիքներ, զարգացնել ոչ միայն աշակերտի գիտելիք ստանալու, այլեւ ստացած գիտելիքը կյանքում կիրառելու հնարավորությունը, նաեւ ստեղծագործաբար վերարտադրելու ունակությունն ու մտածելու կարողությունը։ Մենք ենթադրում ենք, որ նոր կրթակարգը հնարավորություն կտա դպրոցի ավարտական քննությունները բուհականի հետ համատեղելու, թոթափելու առարկաների ծանրաբեռնվածությունը, միաժամանակ մոտ 20 տոկոսով հավելելու նոր առարկաներ։ Խնդիրն այն է, որ ներկա կրթակարգում որոշակի առարկաների պակաս կա, որոնք աշակերտին պիտի օգնեն կյանք մտնելու շեմին։

Առաջիկա օրերին կրթակարգը կհրապարակվի մամուլում, գրքույկների տեսքով կբաժանվի դպրոցներին ու կրթական մյուս հաստատություններին։ Արձագանքների ու քննարկումների հիման վրա կունենանք կարծիքների ամբողջականություն, պարզորոշ կերեւա մտավորականության վերաբերմունքը։

¬ Իսկ հասարակական քննարկումների հիման վրա կարվե՞ն լրացումներ ու փոփոխություններ, թե դիտողությունները կմնան սոսկ թղթի վրա։

¬ Անկասկած, հասարակական կարծիքը հաշվի կառնվի, կմտցվեն որոշակի փոփոխություններ, հակառակ դեպքում անիմաստ կլիներ համընդհանուր քննարկման դնելը։ Կրթության խնդիրն ամենքիս է առնչվում, ուրեմն պետք են նոր մոտեցումներ, բովանդակային հարցերի համակողմանի վերլուծություններ։

- Կրթական բարեփոխումների ամենախոցելի շրջանը օպտիմալացումն էր, որը մի տեսակ դուրս մնաց վերահսկողությունից, ինչն էլ, շատ դեպքերում, տեղիք տվեց կամայականությունների, ուսուցիչների ապօրինի կրճատումների։

¬ Օպտիմալացման քաղաքականությունն հռչակել էր նախարարությունը, սակայն իրականացումն ապահովել են մարզպետարանները։ Ունենք ընդհանուր թվով 1480 դպրոց, բնականաբար, նախարարությունը ոչ մի կերպ չէր կարող վերահսկել, թե ինչպես է իրականացվում իր իսկ մշակած քաղաքականությունը։ Մենք ամենօրյա կապ ունենք մարզպետարանների հետ, գիտենք 350 դիմում-բողոքների մասին, որոնք առնչվել են այս գործընթացին։ Այսօրվա դրությամբ 34 ուսուցիչներ վերականգնվել են աշխատանքում։ Նրանց կրճատելու պատճառը եղել է օրենքի կամ կարգի ոտնահարումը, օրենքի չիմացությունը, կամ էլ օրենքի ոչ ճիշտ մեկնաբանումը։ Անկասկած, սա որոշակի եզրահանգումների տեղիք է տալիս, որ բացառված չեն կամայականությունները։ Ներկայումս ընթանում են դատական գործերՙ ուսուցիչների իրավունքները վերականգնելու համար։

Այս ամենը մեզ հուշում է, որ ժամանակն է նախարարությունում վերականգնելու տեսչական ծառայությունը։ Այսօր ունենք տեսչական փոքր բաժին, որտեղ աշխատում են ընդամենը 7 հոգի, իսկ այդքանով ոչ մի կերպ հնարավոր չէ իրականացնել պահանջվող մեծածավալ աշխատանքը։

¬ Իսկ ի՞նչ կասեք, երբ դպրոցի տնօրենի քմահաճությամբ մանկավարժական ուսումնարանն ավարտածն ավելի շատ դասաժամեր ունի, քան պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետ ավարտածը։ Սա չի՞ վկայում, որ վերջին տարիներին տնօրեններին տրված ինքնակառավարումն ի վնաս մեզ է գործում։

¬ Եթե պետհամալսարանն ավարտածը ստացել է մանկավարժի որակավորում, նա չի կարող զրկվել եւ իրեն հասանելի դասաժամերը զիջել ուսումնարան ավարտածին։ Նմանատիպ դեպքերը կարիք ունեն պարզաբանման եւ ստուգման։ Բողոք-դիմում ստանալուն պես դրանք անպայման կուսումնասիրվեն։

¬ Ուսուցիչներն ու ծնողները դժգոհում են հատկապես դասարանների ծանրաբեռնվածությունից։ Շատ դպրոցներում մեկ դասարանի աշակերտների թիվը հասնում է 45-ի, ինչը, նրանց համոզմամբ, մեծապես վնասում է ուսուցման մակարդակին։

¬ Խնդիրն այն է, որ անցնելով նոր կրթակարգի, դպրոցներում դեռեւս պահպանվում են գիտելիքի ստուգման եւ մատուցման նախկին մեթոդները։ Մինչդեռ նոր կրթակարգով ենթադրվում է բոլորովին նորՙ ինտերակտիվ մեթոդների կիրառում։ Մի քանի աշակերտի ավելացումն, ըստ իս, էական խնդիր չպետք է դառնա, կարեւորը գիտելիք մատուցելու ու յուրացնելու որակն է։ Մ. Նահանգներում ինձ անչափ զարմացրեց, որ մեղադրում են ոչ թե չսովորող աշակերտին, այլ բավարար գիտելիք չտվող ուսուցչին։ Ամենագլխավորը կրթության որակն է, դրանից ավելի կարեւոր բան դպրոցում գոյություն չունի։ Ինչ խոսք, քիչ թվով աշակերտների հետ աշխատելն ավելի հեշտ է։ Շատ գործոններ կան, որոնք գիտելիքների մատուցման եւ գնահատման համակարգում դեռեւս գոյություն ունեն, բայց նոր կրթակարգի պայմաններում դրանք որեւէ էական նշանակություն չեն ունենա։

¬ Գնահատման համակարգում կատարվելիք փոփոխությունները եւս մտահոգում են մեր հանրությանը։ Ձեր կարծիքով, դրանք կապահովե՞ն գնահատման օբյեկտիվ համակարգ, կվերացնե՞ն դպրոցական կոռուպցիան։

¬ Քննարկում ենք գնահատման մի քանի մոդելներ, ձգտում ենք կիրառել այնպիսի մոդել, որը թույլ կտա աշակերտի գիտելիքը ստուգել առավելագույն չափով։ Հիմա ընդունելության քննությունների ժամանակ ընդգրկվում են 5 -8, տեստերումՙ 6-8 հարցեր։ Լավ պարապած աշակերտը կարող է 1¬2 ժամում ավարտել, իսկ թույլերին սովորաբար օգնում են։ Ի՞նչ է նախատեսվում նոր մեթոդով։ Ելնելով մերձբալթյան երկրների փորձից կարելի է սահմանել գնահատման 100 միավոր, նույնքան էլ առաջադրանքներ են տրվում, սակայն չի պարտադրվում 3 ժամում դրանք ամբողջությամբ կատարել։ Եթե աշակերտը կատարում է 50-60-ը, այդքան էլ միավոր է ստանում։ Այս պարագայում դժվար թե հնարավոր լինի աշակերտին մեծ քանակությամբ հարցեր հուշել ու բարձրացնել միավորը։ Ենթադրում եմ, որ նոր մեխանիզմների միջոցով շատ ճեղքեր կփակվեն։ Սա մերձբալթյան երկրների տարբերակն է, որը միանգամայն կիրառելի է մեզանում։ Մերձբալթյան երկրներում վերջին 2 տարիներին անգամ երկրի առաջին դեմքերի երեխաները չեն հաղթահարել անհրաժեշտ միավորը։

¬ Այդ դեպքում ինչպե՞ս համոզել աշակերտին ու ծնողին, որ գնահատականն օբյեկտիվ է։

¬ Ամենից առաջ համակարգը պետք է օբյեկտիվ լինի, դրա նկատմամբ հավատ պետք է ստեղծել։

Ավարտական քննությունների ժամանակ յուրաքանչյուր աշակերտ կարող է ընտրել 3, կամ միանգամից 6 ավարտական քննություն, հումանիտար կամ բնագիտական մասնագիտությունների համար։ Միաժամանակ յուրաքանչյուր բուհ սահմանում է պետական նպաստների եւ վճարովի համակարգի ներքին շեմերը։ Դիմորդին մնում է իր նախասիրությունների եւ սահմանված շեմերի համաձայն տեղադրել իր ավարտական քննությունների հավաքական միավորը։

Գնահատման այս նոր համակարգն առաջին անգամ կկիրառվի մյուս տարի, որից հետո 2006-2007 թթ. ուս. տարում ամբողջապես կանցնենք գնահատման նոր մոդելին։ Նշածս համակարգն այսօր շատ երկրներում է գործում, դպրոցական ավարտական եւ բուհական ընդունելությունները մեկտեղվում են գրեթե բոլոր երկրներում, ինչը մեծապես բարձրացնում է դպրոցի դերն ու պատասխանատվությունը։ Քննությունները դպրոցներն անցկացնում են գիտելիքների գնահատման ու տեստավորման կենտրոնի հետ։

¬ Իսկ այս տարվա բուհական ընդունելության քննություններում որեւէ փոփոխություն նախատեսվո՞ւմ է։

¬ Որոշակի փոփոխություններ կան քննությունների անցկացման կարգում։ Այսպես, մաթեմատիկայի 2 տարբեր քննությունները հանվել են եւ փոխարինվել մեկ ընդհանուր քննությամբ, նույնը վերաբերում է նաեւ ֆիզիկային ու քիմիային, կունենանք մեկ ամբողջական հանձնաժողով։ Երեւանի ճարտարագիտական, գյուղատնտեսական եւ ճարտարապետաշինարարական համալսարաններում դպրոցից տեղափոխվող ֆիզիկայի փոխարեն մտցվել է նույն առարկայից քննություն։ Հավանաբար այս տարի եւս կպահպանենք մեդալի ընձեռած հնարավորությունները։ Իսկ կոնսերվատորիայում եւ գեղարվեստի բուհերում միջազգային մրցույթների դափնեկիրների առավելությունները պահպանելու հարցը քննարկման փուլում է, առաջարկություն կա դրանք հաշվի չառնել, քանի որ վերջին ժամանակներս այդպիսի մրցույթները շատացել են։

Կարծում եմ, անպայման կպահպանվեն աշխարհի, Եվրոպայի եւ Հայաստանի չեմպիոնների առավելությունները ֆիզկուլտուրայի ինստիտուտ ընդունվելիս, ինչպես նաեւ դպրոցական առարկայական օլիմպիադաների հաղթողների առավելությունները։ Հիմնական փոփոխությունները սրանք են։

Ինչ վերաբերում է դասագրքերին, դրանք նույնությամբ կպահպանվեն, որեւէ նոր շտեմարան կամ դասագիրք չենք հրատարակելու, եւ նոր հրատարակվածի համար պատասխանատվություն չենք կրելու։

¬ Դասագրքերի հարցը թերեւս ամենահրատապն է, որովհետեւ դասագիրք հրատարակելն այսօր դարձել է խաղ ու պարՙ պատուհաս դառնալով ծնողների գլխին, որոնցից ամեն տարի պահանջվում է ռուսաց լեզվի կամ մեկ այլ առարկայի նոր հրատարակված դասագիրքը գնել, որն իբր ավելի մատչելի է եղածից։ Գրեթե բոլոր դասագրքերը խրթին են, անհետաքրքիր ու անհրապույր, հաճախ նույնիսկ անօգուտ։ Միջին դասարանների հայ գրականության եւ 9-10-րդ դասարանների ոճաբանության դասագրքերն արդեն ամեն ինչ ասում են։ Ի՞նչ կասեք այս մասին։

¬ Ինչպես վերեւում նշեցի, նոր կրթակարգի հետ նոր դասագրքեր ենք ունենալու, դրանք ստեղծելիս հաշվի կառնենք բոլոր դիտողությունները, վերջին ժամանակահատվածում մամուլում հրապարակված նյութերը, որոնք վերաբերում են ինչպես հայոց լեզվի ու գրականության, հայոց պատմության, այնպես էլ մյուս առարկաների դասագրքերին։ Հուսով եմ, որ նոր դասագրքերի հեղինակները նկատի կունենան առկա թերությունները։ Այս հարցերին զգալի ուշադրություն ենք դարձնելու։ Արդեն իսկ «Կրթական բարեփոխումների կենտրոնը» վերակազմավորել ենք «Կրթության ազգային ինստիտուտի», ինչը ենթադրում է, որ մեր մանկավարժության, կրթության համակարգի ստեղծման եւ զարգացման գործում կիրառելու ենք թե՛ մեր գիտության վերջին նվաճումները, թե՛ զարգացած երկրների փորձը։

¬ Շատերիս հուզող հաջորդ հարցը հայոց լեզվին է առնչվում, քանի որ նրա հանդեպ եղած անփույթ վերաբերմունքն օրեցօր ավելի գերիշխող է դառնում։ Պետական պաշտոնյայից մինչեւ դպրոցական աշակերտը խոսում են ոչ գրական, աղքատիկ հայերենով, իսկ ամենասոսկալին այն է, որ այդ երեւույթի դեմն առնելու ոչ մի քայլ չի ձեռնարկվում։ Փոխարենն ի հայտ են գալիս օտար լեզուների դասավանդումը խրախուսող տարբեր ծրագրերՙ լուրջ սպառնալիք ստեղծելով մեր լեզվի զարգացման համար։ Ինչպե՞ս եք պատկերացնում այս խնդրի լուծումը։

¬ Չեմ կարծում, որ հայերենն անպաշտպան է, թեպետ խնդիրներ կան։ Ձեր ասածի մեջ ռացիոնալ միտք կա։ Այո, մենք կամենում ենք, որ հայերենի ուսուցումն ավելի խորացված լինի։ Շատ երկրների կրթակարգերում մայրենի լեզուն չի առանձնացվում, բայց մենք հայոց լեզուն եւ գրականությունը առանձնացրել ենք, ինչն արդեն լուրջ մոտեցում է։ Կրթակարգում սահմանված 9 ուսումնական բնագավառներից մեկը հայերենն է, այլ երկրների կրթակարգերում մայրենի լեզուն միացված է օտար լեզուներին։ Մենք ընդգծելու ենք հայերենի դասավանդման անհրաժեշտությունըՙ ապահովելով անհրաժեշտ դասաժամեր ուսումնառության բոլոր տարիներին։ Իսկ հայերենի ուսուցիչների խրախուսման մասին պետք է մտածել։ Մասնագիտական մրցույթների կազմակերպումն անհրաժեշտ է։ Մենք ի վիճակի ենք դա անելու։

Նախանձախնդիր է Մայր աթոռ սուրբ Էջմիածինը եւ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման համար հայտարարել է 5 հազար դոլար մրցանակ, որը տարեվերջին կտրվի լավագույն ուսուցիչներին։ Կարծում եմ, որ Վեհափառ հայրապետի հետ հովանավորներ կգտնենք նաեւ հայոց լեզվի լավագույն դասավանդման համարՙ ավելի ծանրակշիռ մոտեցում ցուցաբերելով հայոց լեզվի ուսուցիչներին։ Կգտնենք խրախուսման նոր ձեւեր, որոնք թույլ կտան մեր լեզվի դրվածքն ապահովելՙ դասագրքերն ամբողջությամբ թարմացնելով։ Համոզված եմ, որ ընթացիկ տարին կդառնա ուսուցչի պատվի ու արժանապատվության, մասնագիտական կարողությունների բարձրացման տարի։

- Սահմանամերձ գյուղերում այսօր ուսուցիչների նկատելի պակաս կա, ի՞նչ քայլեր եք նախատեսում։

¬ Այս տարի առաջին անգամ մանկավարժական համալսարանում կհայտարարենք նպատակային ընդունելություն։ Սահմանամերձ գյուղերի յուրաքանչյուր շրջանավարտ կարող է հավակնել այդ տեղին։ Մրցույթը կանցկացվի միմիայն այդ գյուղերի շրջանավարտների միջեւ, ավարտելուց հետո հայրենի գյուղի դպրոցում դասավանդելու պայմանով։

¬ Իսկ եթե չվերադառնա՞ն։

¬ Այդ դեպքում ստիպված կլինեն վճարել ուսման վարձը, որը պետությունն էր հոգացել։ Ես լավատեսորեն եմ նայում այս խնդրին, որովհետեւ ուսանողների հետ հանդիպելով ավելի ու ավելի եմ համոզվում, որ նրանց մեջ հայրենասիրությունն ուժեղ է։ Շատերն են ոգեւորվում սահմանամերձ գյուղեր մեկնելու մտքից։ Այս տարի ուղղակի պարտավոր ենք այդ թափուր տեղերը լրացնելու, այլապես ստացվում է, որ անցնում ենք միջազգային չափանիշներին համապատասխան կրթության, բայց գյուղական շատ դպրոցներում դասավանդող ուսուցիչներ չունենք։

Հաջորդ բարդ խնդիրն այն է, որ սահմանամերձ ու հեռավոր բնակավայրերում դասավանդող 12 հազար ուսուցիչներ միջնակարգ կրթություն ունեն։ Սա նույնպես կրթության որակի մասին չի խոսում։

Ունենք նախագծեր բուհական, հետբուհական, միջին մասնագիտական եւ նախադպրոցական կրթության համար։ Դրվում են դրանց զարգացման օրենսդրական հիմքերը, իսկ ամենակարեւորըՙ կրթական բարեփոխումները ֆինանսապես ապահովված են։ Հանրակրթութան համար ունենք 19 մլն դոլարի վարկային ծրագիր, գումարած 1 մլն 200 հազար համաֆինանսավորումը, բարձրագույն կրթության համար կունենանք 26 մլն դոլարի ֆինանսավորում, իսկ միջին մասնագիտական կրթության վերափոխումների համար ունենք 2,5 մլն եվրո։ Կրթությունը մեր երկրի եզակի բնագավառներից է, որի զարգացումը ֆինանսապես ապահովված է։ Առաջիկա 4-10 տարիների ընթացքում կիրականացնենք լուրջ բարեփոխումներ։

Մեր կրթական համակարգը կդառնա որակյալ եւ մրցունակ ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում։

Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4