Հավաստիացրեց տրանսպորտի եւ կապի նախարարը
«Փոստային կապի» մասին օրենքով, որի նախագիծը երեկ հաստատեց կառավարությունը, ներդրվելու է ունիվերսալ ծառայությունների համակարգը։ Այն ենթադրում է նամականիշները, մինչեւ 20 կգ ծանրոցները, թերթերն ու ամսագրերը հասցեատիրոջը առանց ուշացման հասցնելու պարտավորությունը։ Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը երեկ հայտնեց, որ պատասխանատվության նորմերն այստեղ շատ խստացված են, եւ եթե նամակը կամ փոստով ուղարկված մյուս իրերը ժամանակին չեն հասնում հասցեատիրոջը, ապա խիստ տույժեր եւ տուգանքներ են նախատեսված։ Ունիվերսալ ծառայությունների ցանկի ներդրումը Համաշխարհային փոստային միության եւ Եվրամիության պահանջն է նաեւ։ Համաձայն օրենքի, այս դաշտում կգործեն ինչպես ազգային օպերատորը, այնպես էլ այլ օպերատորներ։ Ազգային օպերատորը կորոշվի կառավարության կողմից։ Նախարարի կարծիքով, դա ամենայն հավանականությամբ կլինի «Հայփոստը»։ Ծառայությունների սակագները եւս որոշելու է կառավարությունը։ Համակարգը պետք է իրականացնի նաեւ դրամական փոխանցումներ, որի համար լիցենզիա կտրվի Կենտրոնական բանկից։
«Շահավե՞տ է բիզնեսի առումով փոստային ծառայությունների մատուցումը» հարցին Անդրանիկ Մանուկյանը դրական պատասխանեց, նշելով սակայն, որ կան մեծ ծախսեր կապված հեռավոր բնակավայրեր նամակներ կամ այլ իրեր հասցնելու հետ։
Ա. Մ.