Հայաստանում կովերի կատաղության եւ հավի գրիպ հիվանդությունների վտանգը ներկա պահին գոյություն չունի։ Այս մասին երեկ հայտնեց գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, ավելացնելով, որ այդ հիվանդությունների մասին մանրամասն տեղեկություններ են ստացվում ԱՄՆ գյուղդեպարտամենտի հայաստանյան գրասենյակից։
Գյուղնախարարը, անդրադառնալով կառավարության երեկ ընդունած որոշմանը գյուղնախարարության կազմում անասնաբուժական-անասնաբուծական, անասունների համարակալման գործակալություն ստեղծելու մասին, նշեց, որ դա պայմանավորված էր 29 մարզային եւ շրջանային անասնաբուժական ծառայությունների ստեղծմամբ։ Գործակալությունն այս տարի պետք է ավարտի խոշոր եղջերավոր անասունների համարակալումը, որը դարձյալ արվում է կենդանիների առողջությունը եւ սննդամթերքի անվտանգությունը ապահովելու համար։
Դավիթ Լոքյանը, պատասխանելով հարցերից մեկին, հայտնեց նաեւ, որ տեղական արտադրությունն ապահովում է հավի մսի պահանջարկի մոտ 60 տոկոսը։ Տարեկան 8-10 հազար տոննա էլ ներկրվում է։ Իսկ տավարի, խոզի եւ ոչխարի մսի պահանջարկն ամբողջապես բավարարում են տեղական արտադրողները։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ