«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2004-01-30 | #15, 2004-01-31 | #16, 2004-02-03


ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄՐՑԱԿՑՈՒՄ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ

Մրցակցության պայմաններում անսկզբունքայնությունը դառնում է նրա գլխավոր սկզբունքը

Ավարտվեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարած այցը։ Արդյունքները դեռեւս ամփոփվում են, սակայն հիասթափությունն ակնհայտ է։ Վաշինգտոնում Էրդողանն ամեն կերպ փորձում էր նախագահ Բուշին համոզել Իրաքի հյուսիսում քրդական պետության ստեղծման, առավել եւս նավթային պաշարներով հարուստ Քիրքուքը քրդերի գերիշխանությանը հանձնելու աննպատակահարմարության մեջ։ Սակայն բանակցությունները նրան համոզեցին, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի գործակցությունը հետզհետե դադարում է ռազմավարական լինելուց։ Այս պայմաններում թուրք-ամերիկյան հարաբերությունների բարելավումն անհնար է դառնում։

Խոսքը տվյալ դեպքում սոսկ Քիրքուքի, քրդական պետության կամ Իրաքի ֆեդերալիզացիայի մասին չէ։ ԱՄՆ-ում Էրդողանին չհաջողվեց անգամ Թուրքիայի համար նախատեսված 8,5 մլրդ դոլարի ամերիկյան վարկն ստանալ։ Ավելինՙ նա Նյու Յորքում, Վաշինգտոնում եւ Բոստոնում Թուրքիայի համար առանցքային նշանակություն ունեցող քրդական հարցի կողքին արծարծեց նաեւ Հայոց ցեղասպանության հարցը։ Սա նշանակում է, որ թուրքերն այս հարցի առնչությամբ եւս լուրջ մտավախություններ ունեն։ Համենայն դեպս, թուրքական թերթերը սկսել են գրել ապրիլի 24-ին Թուրքիային սպասվող լուրջ գլխացավանքի մասին։

Վարչապետ Էրդողանը նախագահ Բուշի հետ թերեւս միայն Կիպրոսի հարցում էր փոխըմբռնման հասել, որի արդյունքում պետքարտուղար Քոլին Փաուելին հանձնարարվեց միջնորդի դեր կատարել հունական եւ թուրքական կողմերի միջեւ։ Հարկ է, սակայն, նշել, որ մինչ ԱՄՆ նախագահը պետքարտուղարին այդ հանձնարարականն էր տալիս, Եվրախորհրդի մայրաքաղաքի համարում ունեցող Բրյուսելում ելույթ ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանը։ Նա Փաուելի զբաղվածության պատճառաբանությամբ ուղղակիորեն մերժեց վերջինիս միջնորդությունը, ապա եւ ավելացրեց, որ ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ալվարո դե Սոտոն երկար ժամանակ զբաղվում է Կիպրոսի հիմնահարցով, հետեւաբար քաջատեղյակ է դրա բոլոր մանրամասներին։

Անանի ելույթը ստիպեց տեղի տալ Փաուելին։ Այսպիսով, առաջ քաշելով նրա միջնորդությունը Կիպրոսի հարցումՙ ԱՄՆ-ի քաղաքական նախաձեռնությունը պահպանելու Էրդողանի հաշվարկները խախտվեցին։ Առաջին հայացքից գուցե տարօրինակ թվա, բայց Էրդողանի այցի ընթացքում պաշտոնական Վաշինգտոնիՙ Անկարային պատճառած հիասթափությունը վերջինի առջեւ Եվրամիությանը մերձենալու հեռանկարներ բացեց։ ԵՄ-ի ներկայացուցիչները եւ այնպիսի երկրների ղեկավարները, ինչպիսիք են Գերմանիան եւ Իսպանիան, սկսեցին սիրաշահել Թուրքիային։ Մինչդեռ Էրդողանը Կիպրոսում ամերիկյան նախաձեռնությունը պահպանելու հաշվարկներով իրականում փորձում էր ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ խուսանավել, որպեսզի Թուրքիան չմեղադրվի ո՛չ ՄԱԿ-ի քարտուղարի ծրագիրը ձախողելու, ո՛չ էլ հիմնահարցի կարգավորումից խուսափելու մեջ։

Հարցը, սակայն, մեղադրվելը չէ, այլ Եվրահանձնաժողովի վերջին զեկուցագիրը, որտեղ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն առաջին անգամը լինելով պայմանավորվում էր Կիպրոսի հիմնահարցի կարգավորմամբ։ Ակամա հարց է ծագումՙ եթե դա այդպես է, ապա եվրոպական երկրները եւ ԵՄ-ը ինչո՞ւ են սիրաշահում Թուրքիային։ Հարցի պատասխանը միանշանակ էՙ առաջիկա մայիսի 1-ին Կիպրոսի Հանրապետությունը, թեկուզ առանց թուրքական հատվածի, դառնում է ԵՄ-ի անդամ։ Դա եվրոպական այս կառույցին արեւելյան Միջերկրականը վերահսկելու, ինչպես նաեւ ԱՄՆ-ի միանձնյա վերահսկողության տակ գտնվող Մերձավոր եւ Միջին Արեւելքին հնարավորինս մոտենալու հնարավորություն է տալիս։

Այլ կերպՙ Կիպրոսը նպատակ չէ, այլՙ միջոց։ Այս դեպքում կիպրական հիմնահարցն էլ ԵՄ-ի ձեռքին ազդեցության լծակ է դառնումՙ տալով եվրոպական երկրներին ե՛ւ Կիպրոսի հակամարտող կողմերին զսպաշապիկ հագցնելու, ե՛ւ դա Հունաստանի ու Թուրքիայի դեմ օգտագործելու հնարավորություն։ Ուրեմն ԵՄ-ի համար Կիպրոսի հիմնահարցի սառեցումը դրա կարգավորումից ավելի շահավետ է։ ԵՄ-ԱՄՆ մրցակցության պայմաններում Վաշինգտոնից Անկարայի հիասթափությունն էլ եվրոպական երկրների համար ավելի քան շահավետ է դարձնում Թուրքիային սիրաշահելը։ Դա, իհարկե, ինքնանպատակ չէ, այլ Թուրքիայի միջոցով եթե ոչ Մերձավոր եւ Միջին Արեւելք ներթափանցելու, ապա դրա հնարավորությունն ունենալ եւ դրա միջոցով տարածաշրջանում ԱՄՆ-ի հետ մրցակցության լուրջ հայտ ներկայացնելու համար է արվում։ Մրցակցության պայմաններում, երբ դա պայմանավորվում է քաղաքական շահերով, անսկզբունքայնությունն ինքնաբերաբար դառնում է մրցակցողների գլխավոր սկզբունքը։

ԵՄ-ի հետաքրքրությունների շրջանակները, սակայն, Կիպրոսով կամ Մերձավոր Արեւելքով չեն սահմանափակվում։ Դժբախտաբար, եվրոպական այս կառույցը քաղաքական շահեր է հետապնդում նաեւ Անդրկովկասում, որտեղ դիրքեր ամրապնդելու նկատառումով սկսում է սիրաշահել Ադրբեջանին։ Դրա վառ ապացույցը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման համար փուլային տարբերակի առաջարկումն է։

Օրակարգից վաղուց դուրս մղված այս տարբերակի առաջարկումը ԵՄ-ի անսկզբունքայնության մեկ այլ դրսեւորում է։ Համենայն դեպս, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն անմիջապես արձագանքեց եւ մերժեց առաջարկը։ Այդ իսկ պատճառով առանց խորանալու վերոհիշյալ առաջարկի էության մեջ, ասենք, որ անկախ Կիպրոսի միջոցով արեւելյան Միջերկրականը վերահսկելու, իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջոցովՙ համապատասխանաբար Մերձավոր ու Միջին Արեւելք եւ Անդրկովկաս ներթափանցելու այս հաշվարկներից, ԵՄ-ը դեռեւս ինքնուրույն բեւեռ չէ։ Հետեւաբար ԱՄՆ-ի հետ մրցակցությունը նրան հազիվ թե հաջողություն բերի։ Այս հանգամանքն Ադրբեջանը, Թուրքիան, Կիպրոսի Հանրապետությունը, Հունաստանը հաշվի կառնե՞ն, դժվար է ասել։ Բայց որ Հայաստանն արդեն հաշվի է առնումՙ ակնհայտ է։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4