Բուհական ընդունելության քննությունների կանոններում այս տարի կատարվելիք փոփոխությունների մասին մամուլում հրապարակում եղավ չորեքշաբթի։ Իսկ երեկ այդ փոփոխություններից անակնկալի եկած մի խումբ քաղաքացիներ դիմեցին «Ազգի» խմբագրությանըՙ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ ԿԳ նախարար Սերգո Երիցյանին իրենց մտահոգությունը հայտնելու նպատակով։ Խնդիրն այն է, որ Երեւանի պետական համալսարանում հայոց լեզու եւ գրականություն մասնագիտությամբ ֆակուլտետում բացի հայոց պատմությունից մտցվել է օտար լեզվի քննությունՙ դիմորդին տալով դրանցից մեկն ընտրելու հնարավորություն։ Քանի որ մրցույթի ժամանակ հաշվի է առնվում բարձր միավորը, իսկ հայոց պատմության քննությունից որպես կանոն ոչ մի դիմորդ 20 միավոր դեռ չի ստացել, հետեւաբար ծնողներին անհանգստացրել է օտար լեզվի քննության հավելումը, որից նույնքան միավոր ստացողների թիվը գերազանցում է նույնիսկ հայերենին։ Մեզ դիմած 37 քաղաքացիները իրավացիորեն նշում են, որ այդպիսի փոփոխությունների մասին անհրաժեշտ էր հայտարարել ոչ թե հիմա, այլ 2003-ի հոկտեմբերին, երբ սկսվում են դիմորդների նախապատրաստական դասընթացները։ Այժմ, ըստ էության, անհավասար պայմաններ են ստեղծվում դիմորդների համար, եւ հայոց պատմություն պարապած դիմորդներին գրեթե զրկում են հայոց լեզու եւ գրականություն մասնագիտությամբ ընդունվելու հնարավորությունից։ Նրանք խնդրում են չոտնահարել հայոց պատմություն պարապած դիմորդների իրավունքները, եւ հիշյալ փոփոխությունները կիրառել հաջորդ տարվանից։
Ռ. Պ.