«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2004-02-07 | #21, 2004-02-10 | #22, 2004-02-11


«ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ»

Արամ Կարապետյանն իրականացնելու է հեղափոխության «հայկական» տարբերակը

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն «Ազգի» հետ զրույցում վստահեցրեց, որ Հայաստանում առկա է ներքաղաքական ճգնաժամ, կան իշխանափոխության բոլոր պատճառները, եւ ինքը միանշանակ պատրաստ է դառնալ Հայաստանի նախագահ։

«Տնտեսության մեջ ոչ բարենպաստ գործընթացները շարունակվում են, առկա է սակագների աճ, որի դեմ պայքարի եղանակներ չենք տեսնում։ Կոալիցիայի կուսակցությունները կամաց-կամաց դառնում են ընդդիմադիր (նկատի ունի ՀՅԴ-ի վերջին հայտարարությունները), կոալիցիա որպես այդպիսին չունենք, ԼՂ հարցում վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանը երբեք միջազգային դաշտում նման պարտություններ չի կրել, հակակոռուպցիոն պայքարի մեջ որեւէ բան չի փոխվել, ոչ մի օլիգարխ չի բերվել հարկային դաշտ», ասաց նա։

Արամ Կարապետյանի նշած եւ իշխանափոխության համար առկա բոլոր փաստարկները նորություն չեն, դրանք բնորոշ են եղել նախկին մեկ, հինգ, ութ տարիներին, սակայն իշխանափոխություն չի եղելՙ բացառությամբ 1998-ի, երբ Հայաստանի առաջին նախագահը «հայտնի ուժերի ճնշման տակ» հրաժարական տվեց։ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը համամիտ է, բայց ավելացրեց, որ պետք է հաշվի առնել «Վրաստանի բարոյահոգեբանական մթնոլորտը, այսինքնՙ ճանապարհն էլ է երեւում, թե ինչպես կարելի է իշխանափոխություն անել»։

«Կարծում եմ, եթե ժողովուրդը դուրս է գալիս փողոց, իր պահանջներն է ներկայացնում խաղաղ եղանակով եւ կարողանում է այդ պահանջներին տեր կանգնել մի քանի օր, ապա իշխանությունները գնում են», ասաց Կարապետյանը։ Մյուս կողմից նշեց, որ Հայաստանում չի կիրառվելու վրացական հեղափոխության տարբերակը, այլ լինելու է հեղափոխության «շատ հնարամիտ», «հայկական» տարբերակը։ Նա չփորձեց կանխատեսել, թե Հայաստանում երբ է գալու իշխանափոխության պահը։ «Մեր կուսակցության վերլուծությունը ցույց է տալիս, որ պետք է նախապատրաստվել նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների։ Ինչո՞ւ նաեւ խորհրդարանական, որովհետեւ ճգնաժամը համակարգային է», ասաց նա։

«Նոր ժամանակների» առաջնորդը, որ նախագահական նախորդ ընտրություններում ստացավ քվեների 4 տոկոսը, վստահ է, որ իշխանափոխությունը լինելու է խաղաղ, իսկ «Լեւոն Տեր-Պետրոսյանի գնալու ձեւն ամենալավ տարբերակն է յուրաքանչյուր ճգնաժամից դուրս գալու համար»։ «Ինձանից շատ որեւէ մեկը Քոչարյանին չի քննադատել, բայց ես կարծում եմ, որ գործող նախագահը պատասխանատու պետական գործիչ է եւ իր հրաժարականը ժողովրդին բացատրելու շատ տարբերակներ ունի. կարող է ասելՙ նոր մարդիկ, նոր սերունդ, նոր ժամանակներ են գալիս, եւ պետք է աթոռը զիջել ավելի պատրաստված մարդու», ասաց Կարապետյանը։

«Նոր ժամանակների» առաջնորդը չի բացառում պալատական հեղաշրջման տարբերակը, բայց «նման հեղաշրջման արդյունքում իշխանության եկած մարդը չի կարողանա պահել իշխանությունը»։ «Ճիշտն ասածՙ մի քիչ պատկերացնում եմ, թե պալատական հեղաշրջմամբ ով կարող է գալ։ Նրա ֆոնի վրա Քոչարյանն ավելի խարիզմատիկ կերպար է երեւալու», ասաց նա։

Հարցին, թե ո՞վ է դրսից ֆինանսավորում իրեն եւ ո՞վ է ֆինանսավորել նախագահական ընտրություններում, Կարապետյանը պատասխանեց. «Իմ եղբայրն է ինձ ֆինանսավորում։ Հայաստանի իշխանությունները լիովին տեղեկացված են, շատ լավ վերահսկել են, դրսից ինձ ոչ ոք ոչ մի կոպեկ փող չի տվել։ Ոչ թե նրա համար, որ փող պետք չէ, այլ որովհետեւ եթե նախագահը դրսի օգնությամբ է դառնում նախագահ, ապա այս երկիրը «չմոյությունից» դուրս չի գալու»։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4