«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2004-02-07 | #21, 2004-02-10 | #22, 2004-02-11


ԽԱՂՙ ԽԱՂԻ ՄԵՋ

Որոնումների ճանապարհին

1990-ականների սկզբներին շատերը հեռացան Հայաստանից։ 70-80-ականներին Երեւանում ձեւավորված մշակութային մթնոլորտն աստիճանաբար սկսեց քայքայվել։ Հեռացան մտավորականներ, որոնց մեջ էր նաեւ կինոռեժիսոր Աննա Տերյանը, որ գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետն ավարտելուց հետո աշխատում էր Պատանի հանդիսատեսի թատրոնում։ 90-ականների ցուրտ ու մութ ձմեռներին փակվեցին թատրոնի դռները։ «Փակ դռները» եւ ազատության նորամուտ շունչը շատերին ստեղծագործական որոնումների տարավ օտար մշակույթների ու քաղաքակրթությունների հորիզոններում։ Մի մասը հաջողություններ արձանագրեց, որոշներն էլ տրվեցին առտնին կյանքի սովորական հոգսերին։

ԱՄՆ-ում Աննա Տերյանը շատերի նման փորձեց ստեղծագործական ուժերը. «Շատ արագ հասկացա, որ թատրոնում չեմ կարող ոչինչ անել, այնտեղ թատրոնը հսկայական մասշտաբի է, Բրոդվեյի մակարդակի, որտեղ թափանցելու մասին երազելն իսկ անմտություն է, կամ էլ հայկական համայնքում պատանի հանդիսատեսի ներկայացումից պատանի ներկայացում պիտի անեսՙ սիրողական մակարդակի, տներում փորձելով։ Ինձ համար ավելի լավ էր կարպետ վերանորոգելով զբաղվել, ինչը սկսել էի արդեն։ Փորձեցի ուժերս կինոյի ասպարեզումՙ որպես համեմատաբար անկախ արվեստ։ Ընդունվեցի Հոլիվուդի կինոյի դպրոց, որտեղ ընդամենը սովորում ես տիրապետել ֆիլմի նկարահանման տեխնիկային։ Եթե ունես ռեժիսորի էություն, ոչինչ չես սովորում, մնում է արհեստը սովորել, այսինքնՙ արտահայտչամիջոցները եւ նրանց գործածման ձեւերը»։

Աննա Տերյանի ստեղծագործության առաջին արգասիքը 26 րոպեանոց (սեւ, սպիտակ եւ գունավոր) համր ֆիլմի սկզբունքներով նկարահանված «Delusion» («Մտագարություն») ֆիլմն էր։ Ըստ ռեժիսորի, նման ֆիլմերի հնարավորությունն ավելի մեծ էՙ տարբեր փառատոներին մասնակցելու եւ շատերին հասկանալի լինելու առումով։ Ֆիլմի ներքին սյուժեն եւ գաղափարական բովանդակությունն արտահայտված է սիմվոլների համակարգով։ Խիստ պատկերային մտածողությամբ արտահայտված գործող անձինք նպաստում են ֆիլմի գաղափարական կոնցեպցիայի բացահայտմանը, որ շոշափում են մարդու երկրային գոյության եւ նրա էության իմացական հիմքերը։ Սիմվոլների, նշանների լեզվով խորհրդածություններըՙ կյանքի եւ մահվան մասին, ներկայացնում են հեղինակի անհատական տեսակետները.

- Մենք ծնվել եւ այս աշխարհում ենք նրա համար, որ ապրենք ու մասնակցենք այս խաղին։ Խաղը կա, եւ մենք այդ խաղի մեջ ենք։

- Նպատա՞կը խաղի։

- Նպատակը փորձն է։ Հիմնական հերոսը, որի դերակատարն Արմեն Ջիգարխանյանն է, սկզբունքորեն փորձում է ոչինչ չանել, որպեսզի չսխալվի։ Նա մի ծառ ունի, ամեն օր գնում է այդ ծառի մոտ։ Երազանքներ ունի, որ թելիկների տեսքով կախում է ծառից, բայց ոչինչ չի անում այդ երազանքն իրականացնելու համար։ Խաղից դուրս մարդ, որ իրեն համարում է մաքուր։ Սակայն ապրելը հենց փորձն է, դրա համար ես դու այստեղ, որ սխալվես, ուղղվես, հասկանաս, որը եւ կյանքի իմաստն է։ Ֆիլմի խնդիրը սա էՙ ընդհանրացված սիմվոլներով, որն ըստ էության ֆիլմում փոխարինում է խոսքին։

Աննա Տերյանի առաջին ֆիլմըՙ «Delusion»-ը, անակնկալ հաջողություն գրանցեց, երբ մասնակցեց համահայկական ԱՖՄԱ ֆիլմի 1999 թ. Լոս Անջելեսում կայացած փառատոնին։ Փառատոնի կազմակերպիչները, որ ի սկզբանե մրցանակաբաշխություն չէին նախատեսել, «խախտելով պայմանները», ֆիլմը պարգեւատրեցին «Փարաջանով» խորհրդանշական մրցանակով։ Ֆիլմը հետագայում մասնակցեց բազմաթիվ այլ փառատոների ԱՄՆ-ում, Գերմանիայում, Կանադայում, Կրակովում (Եվրո-Անդրգրաունդի, Ռիֆֆի, Ուորլդ Ֆեստհյուստոնի, Թելուրայդ ինտերնեշնլի)։

Աննա Տերյանի հաջորդ ֆիլմն ամերիկացի հայտնի հայ բժիշկ Ջաք Գեւորգյանի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմն է, որին «Ազգն» անդրադարձել է ֆիլմի պրոդյուսեր Արթուր Արմինի հետ ունեցած հարցազրույցներից մեկում։

«Մտագարություն» («Delusion») ֆիլմի կիսաիրոնիկ, կիսադրամատիկ հարաբերությունների դիմակահանդեսային լաբիրինթոսում հերոսները, անտեղյակ իրենք իրենց, ապրում են խճճված աշխարհի զգայական խաբկանքի օրենքներով։ Միայն ամենակուլ մահը ժամանակավորապես փորձում է սթափեցնել նրանց, սառեցնել ուղեղային զառանցանքները, բայցՙ ապարդյուն, որովհետեւ ողբերգությունը շարունակվում է։

Աննա Տերյանի այս ֆիլմը լուրջ հայտ է կինոյի աշխարհում. «Ձեւի առումով ֆիլմը զարմացնում եւ հիացնում է. խտացված սիմվոլներն այստեղ գործողության մեջ են եւ արագ ընթացքով զարգանում, ձեւավորում են միտքը։ Ֆիլմը հարուստ է իմաստավորված սիմվոլների շշմեցուցիչ հրավառությամբ, որն ինքնանպատակ դրսեւորում չի դառնում, այլ նպատակային իմպրեսիայի միջոցով դիտողին տանում է իր հետՙ խորհելու կյանքի իմաստի ու անիմաստության գաղտնիքի շուրջ։

Ճշմարիտ կամ բարձրագույն արվեստի տիրույթները սկսվում են մարդու լինելիության, նրան արարող վերին անպատճառականի մասին փնտրտուքի, ինչպես նաեւ կյանքի իմաստի եւ անիմաստության, գոյության փնտրտուքի, գոյության նպատակի եւ ներքին իմաստների որոնման հարցադրումներով։ Եվ երբ արարող արվեստագետն իր հոգու պարտադրանքով նման գլոբալ խնդիր է դնում իր առջեւ եւ ասելիք ունի ու իր ասելիքի կարեւորությունից է դիմում գեղարվեստի միջոցին, երբ օժտված է, եւ իր ասելիքը ներկայացնում է փոքր տարածության մեջՙ մեծ տեսողական լարվածություն ստեղծելու կարողությամբ, ապա ակնհայտ է, որ ներկայացնում է արվեստագետի լուրջ հայտՙ չափազանց լուրջ վերաբերմունքի պահանջով»։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4