Սաակաշվիլի-Պուտին հանդիպումը շրջադարձայի՞ն
Երեկ աշխատանքային այցով Մոսկվա ժամանած Վրաստանի նորընտիր նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Կրեմլում հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ։ Ըստ OPT հեռուստաընկերության, ռուս-վրացական բանակցություններում հատկապես կարեւորվել են երեք հարցեր. Վրաստանիՙ Ռուսաստանին ունեցած 160 մլն դոլար պարտք, Ախալքալաքում եւ Բաթումում տեղակայված ռուսական ռազմակայանների դուրսբերման ժամանակացույց, էներգակիրների ոլորտում համագործակցություն։
Սաակաշվիլին Պուտինի հետ հանդիպման ընթացքում ասել է. «Առավոտյան մենք աղոթում էինք Մոսկվայի վրացական եկեղեցում, որպեսզի մեր հանդիպումն անցնի բարենպաստ։ Ես ձեզ ուղղակի ասեմՙ եկել եմ, որպեսզի ձեզ հետ ընկերանամ»։ Իր հերթին Պուտինն ասել է. «Մենք Վրաստանի եւ վրացիների հանդեպ ունենք հատուկ զգացմունքներ։ Գործնականում բոլոր հարցերում մենք ընդառաջում ենք Վրաստանին»։
Ի՞նչ կարող է տալ Սաակաշվիլու մոսկովյան այցը, արդյոք հնարավո՞ր է շրջադարձ ռուս-վրացական հարաբերություններում, որոնք նախկին 10-12 տարիներին եղել են կայուն վատ, երբեմն թշնամական։
Խորհրդային Վրաստանի վերջին առաջին ղեկավար, «Էրթոբա» կուսակցության առաջնորդ Ջումբեր Պատիաշվիլին «Ազգի» հետ զրույցում ասաց. «Մենք դրական արդյունքներ ենք սպասում Սաակաշվիլի-Պուտին հանդիպումից։ Մեր կարծիքով, դրական կլինի ազդեցությունը ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Ռուսաստանում առկա իրավիճակի վրա։ Սաակաշվիլի-Պուտին հանդիպումը շրջադարձային է ռուս-վրացական հարաբերություններում։ Վերջին շրջանում մեր հարաբերությունները զգալի վատացել էին, եւ այս հանդիպումն օգտակար էր ե՛ւ Մոսկվային, ե՛ւ Թբիլիսիին»։
Պատիաշվիլու կարծիքով, Վրաստանը պետք է իր արտաքին քաղաքականության մեջ կարողանա հավասարակշռել հարաբերությունները Եվրամիության, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ, «գտնի ընդհանուր լեզու հյուսիսի, հարավի, արեւմուտքի եւ արեւելքի հետ»։
Միջազգայնագետ Գեորգի Խելաշվիլին «Ազգի» հետ զրույցում նկատեց, որ ռուս-վրացական հարաբերություններում դժվար թե լինեն լուրջ փոփոխություններ։ «Այդ հարաբերությունները չեն զարգացել որոշակի սցենարովՙ ներառելով ավելի շուտ հակադրություններ, քան համագործակցություն, եւ «չեմ կարծում, որ Շեւարդնաձեի գործոնն այս հարցում եղել է ամենագլխավորը»։
«Վրաստանի եւ Ռուսաստանի մոտեցումները կոնկրետ հարցերում կարող են համընկնել, բայց գոյություն ունեն որոշ միջազգային իրողություններ։ Եթե Ռուսաստանն ընդունի փաստը, որ Վրաստանն արդեն անկախ պետություն է, ունի իր քաղաքական առաջնահերթությունները, ապա այս դեպքում Մոսկվան պետք է զիջումների գնա որոշ հարցերում, այդ թվումՙ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը կգնա դրան, քանի որ այնտեղ (Ռուսաստան) ընթանում են գործընթացներ, որոնք ավելի շուտ հիշեցնում են ռուսական ազգային գաղափարի վերածնունդ, քան արեւմտամետ մտածողություն», ասաց Խելաշվիլին։
Երեկ կրեմլյան մի աղբյուր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ Պուտին-Սաակաշվիլի հանդիպման ընթացքում «հատուկ ուշադրության» խնդիր է եղել Վրաստանի տարածքում գտնվող ռուսական երկու ռազմակայանների խնդիրը։ Թբիլիսին, վկայակոչելով ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի պայմանավորվածությունները, հորդորում է Ռուսաստանին առնվազն 3 տարվա ընթացքում զորքերը դուրս բերել Ախալքալաքից եւ Աջարիայից։ Մոսկվան իր հերթին, հիմք ընդունելով ստամբուլյան պայմանավորվածությունների տառը եւ ոգին, պնդում է, որ այդ փաստաթղթում չի նշվում որոշակի ժամկետ Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանների դուրսբերման մասին։ Մոսկվան մի քանի անգամ կրկնել է, որ ժամկետները պետք է ճշտվեն ռուս-վրացական երկկողմ պայմանավորվածությունների արդյունքում։
Հայաբնակ Ախալքալաքում տեղակայված ռուսական 62-րդ ռազմակայանի դուրսբերման խնդիրը վերաբերում է ռուս-վրացական երկկողմ հարաբերություններին, սակայն ռազմակայանի դուրսբերումով տեղի հայությունը զրկվում է «հոգեբանական պաշտպանվածությունից», հետեւաբար ռազմակայանի հարցում ջավախահայությունը եւ Հայաստանը դառնում են շահագրգիռ կողմ։ «Ռուսական ռազմակայանի վերաբերյալ Սաակաշվիլու կարծիքը շատ կոշտ է, ջավախահայությունը դա վատ է ընդունում, որովհետեւ ռուսական բանակի դուրսբերումով մենք զրկվում ենք անվտանգության երաշխիքներից», «Ազգի» հետ զրույցում ասաց Ախալքալաքում գործող «Վիրք» կուսակցության առաջնորդ Դավիթ Ռստակյանը։
Ըստ կրեմլյան աղբյուրի, ուշադրության կենտրոնում է եղել Թբիլիսիիՙ Մոսկվային ունեցած մոտ 160 մլն դոլար պարտքի խնդիրը։ Նկատենք, որ, չնայած ռուս-վրացական հարաբերություններում առկա լարվածությանը, նախորդ տարիներին Ռուսաստանը եղել է Վրաստանի գլխավոր առեւտրային գործընկերներից, իսկ Ռուսաստանում ժամանակավորապես աշխատանք գտած վրացիներիՙ հայրենիք ուղարկվող գումարների հաշվին է նաեւ, որ Վրաստանը կարողացել է անցնող տարիներին գոյատեւել։ Ըստ տարբեր հաշվարկների, ամեն տարի Ռուսաստանից Վրաստան է ուղարկվում մոտ 1 մլրդ դոլար։
Ենթադրվում է, որ Պուտինն ու Սաակաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերություններում առկա մի շարք այլ խնդիրներ. Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտություն, ռուս-վրացական սահմանային անվտանգություն, վիզաներ եւ այլն։ Պուտին¬Սաակաշվիլի հանդիպումը տեւել է 3 ժամից ավելի։ Սաակաշվիլին Մոսկվայում հանդիպումներ է ունեցել վարչապետ Մ. Կասյանովի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներ Սերգեյ եւ Իգոր Իվանովների հետ։
Ռուսաստան այցի նախօրեին Սաակաշվիլին նկատել էր, թե չի ակնկալում «երկկողմ հարաբերություններում ճեղքում» մեկ այցով։ «Երկկողմ հարաբերություններում կուտակված բոլոր խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ օրում։ Այն, ինչ կարող ենք անել այս փուլում, այդ խնդիրների քննարկումն է», ասել էր Սաակաշվիլին։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի, ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ