Անկախության առաջին տարիները հնարավորություն տվեցին արտերկրում բնակվող հայությանն ավելի մերձենալու հայրենիքին, սակայն դրանք առայժմ բավարար լինելուց հեռու են, որովհետեւ «բոլոր հայերին Հայաստանի քաղաքացու հովանիով միավորվելու երազանքը երբեւէ օդում նոսրացած գաղափարից» դեռ չի դարձել շոշափելի իրականություն (որի նկատմամբ դեռեւս կան լուրջ վերապահումներ)։ Առայժմ գիտաժողովները, համագումարները մասամբ են պսակվում հաջողությամբ. դրանք շփումների ավելի լայն հնարավորություններ են ստեղծում, առաջ են քաշվում նոր գաղափարներ, ծրագրեր, սակայն դրանց իրականացումը մնում է առանձին անհատների փոխհարաբերությունների մակարդակի վրա։
«Հայելի Հայաստանի» համահայկական ամսագիրը հրապարակ է իջնումՙ իր գործունեությամբ նպաստելու հայության միավորմանը եւ վերոհիշյալ գաղափարի իրականացմանը։ Հայաստանի մասին բազմազան քաղաքական, տնտեսական, ազգային, մշակութային, մարզական եւ այլ տեղեկություններով հանդեսը կօգնի աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերին ծանոթանալու եւ ավելի մոտիկից ճանաչելու իրենց երկիրը։ Հոդվածները հրապարակվում են արեւելահայերենով եւ արեւմտահայերենով, հանդեսն առաքվում է սփյուռքահայ գրեթե բոլոր գաղութներ։
Ամսագրի անդրանիկ համարը բովանդակում է զանազան հրապարակումներ եւ տեղեկություններ։ Ընդհանուր ակնարկ հայոց բանակի անցած ուղունՙ սկզբնավորումից մինչեւ այսօր։ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի հետ հարցազրույցը վերաբերում է Հայաստանի շուկայում թուրքական ապրանքներին, թե ինչպես Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների բացումը կանդրադառնա շուկայի վրա։ Ըստ պրն Պողոսյանի, եթե այսօր 96 խմբատեսակ ապրանքներ է ներմուծվում ընդհանուրՙ 38 մլն 232 հազար ԱՄՆ դոլար գումարով, ապա սահմանները բացվելու դեպքում ներհոսքը կավելանա։ Այս պարագայում հատկապես սննդամթերքիՙ սերտիֆիկատով եւ ներմուծման օրինականության ապահովվածությունը պետք է պարտադիր լինեն։ Չնայած դրան, խորհուրդ է տրվում գերադասել այլ եւ հատկապես տեղական արտադրության ապրանքներ։
Անդրադարձներ են արված ոսկրածուծի համահայկական ռեեստրի հիմնադիր եւ նախագահ ամերիկահայ Ֆրիդա Ջորդընին եւ նրա գործունեությանը, ինչպես նաեւ տեղեկատվական միջոցների Հայաստան-սփյուռք առաջին համաժողովին։ Հետաքրքրական է «Ագարակի տարածքի նորահայտ հուշարձան-համալիր» հրապարակումըՙ Ամբերդ գետի արեւմտյան ափի 200 հա տարածքի հետազոտությունը բրոնզե դարաշրջանի քաղաքակրթության բեկորների վերաբերյալ։
Ուշագրավ են Հայկ Արամյանի եւ Էլեոնորա Ներսիսյանի հրապարակումներըՙ համապատասխանաբար «Տնտեսական աճի տրամաբանությունը» եւ «Կրթության առկա խնդիրներն ու հեռանկարները» խորագրերով։ Ըստ հոդվածագրի, Հայաստանում անկախ վիճակագրություն անող պետական կազմակերպություն չկա, իսկ պաշտոնական վիճակագրությունն ունի գլխավորապես քարոզչական նպատակ։ Հոդվածագիրն անցած տարվա ընտրություններից առաջ 13 տոկոս տնտեսական աճի ցուցանիշի անհավանականությունը փաստում է մի շարք ապացույցներով եւ տվյալներով. «Ակնհայտ է, որ անհնար է համադրել համախառն ներքին արդյունքի 13 տոկոս աճը եւ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների մոտ 4 տոկոս նվազեցումը։ Սա տնտեսական «նոնսենս» է։ Իսկ եթե, այնուամենայնիվ, կա, ապա «այդ աճն ապահովվել է այնպիսի գործընթացների արդյունքում, որ դժվար է որակել որպես տնտեսության զարգացում։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է «Լինսի» հիմնադրամի տրամադրած միջոցների հաշվին Հայաստանում իրականացված կապիտալ շինարարության ծավալներին»։
Հետեւելով վիճակագրությանըՙ կարելի է պարզ եզրահանգման գալ այսօրվա կրթական համակարգի ճգնաժամային վիճակի մասին։ 1991-ի համեմատ նախադպրոցական հիմնարկների թիվը նվազել է 34,2 տոկոսով, երեխաների ընդգրկվածությունըՙ 18 տոկոսով։ Հանրակրթական հաստատությունների թիվն աճել է 4,7 տոկոսով, աշակերտների թիվը նվազել էՙ 583.797-ից հասնելով 560.000-ի։ Պետական բուհերի թիվը 1991-ի համեմատ աճել է 14,2 տոկոսով, ուսանողների թիվը նվազել է 35,7 տոկոսով։ Մանկավարժների 85 տոկոսը կանայք են, 59.600 ուսուցիչներից 12.000-ը չունի մասնագիտական կրթություն, մարզային դպրոցներում 1.600 ուսուցչի պահանջարկ կա եւ այլն։
Մշակութային էջերում Արամ Խաչատրյանի 100-ամյակի առիթով հուշագրության պատառիկներ են զետեղված։ Մշակույթի, գրականության տասնամյա ընթացքի բավականին ինքնատիպ վերլուծություն է կատարում Թադեւոս Խաչատրյանը։ Հետաքրքրական են հանդիպումն ակադեմիկոս Պարիս Հերունու հետՙ աշխարհի հնագույն քարե աստղադիտարանիՙ Քարահունջի մասին, հարցազրույցը հոգեբան Ալբերտ Նալչաջյանի հետՙ մեր ազգային հոգեբանության վրա Մեծ եղեռնի թողած ազդեցությունների, հայ սփյուռքի հետագա գոյության, ուծացման վտանգի եւ այլ կարեւոր հարցերի մասին։
Հանդեսը պարունակում է մանկական էջեր, նաեւ զանազանքՙ ներառելով նորաձեւություն, սեքսի, բախտացույցի եւ այլնի մասին հրապարակումներ։
«Հայելի Հայաստանի» հանդեսը խիստ խայտաբղետ է, հարուստ է նյութերով, սակայն ինչ-որ տեղ ստեղծում է շփոթ. ճաշակի եւ ընթերցանության առումով ամեն ինչ մեկտեղելու այս սկզբունքը որքանո՞վ է նպատակային եւ արդարացված։ Հանդեսի անվանումը պարտավորեցնող էՙ ընթերցողն ակնկալում է անաչառ, հնարավորինս հայելանման անդրադարձներ։
Նկատենք, որ թեեւ հանդեսը համահայկականի հավակնությամբ ուղղված է աշխարհի բոլոր հայերին, հրապարակվում է ժամանակակից (աբեղյանական) ուղղագրությամբ։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ