«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2004-02-11 | #23, 2004-02-12 | #24, 2004-02-13


ԿՅԱՆՔՙ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Չորս ու կես տասնամյակ շարունակ զուլալ ակունքներից սերող, անանց զգացողություններ ու լիցքեր կրող հայ երգն ու երաժշտությունն ավելի կատարյալ ու ներդաշն բարձունքներին հասցնելը, տարածելն ու աշխարհին ճանաչելի դարձնելն են եղել 20-րդ դարի երգչախմբային արվեստի մեծերից Հովհաննես Չեքիջյանի ապրած ժամանակիՙ 75 տարիների իմաստավորումն ու նպատակը։

43 տարվա դժվարին ստեղծագործական ճանապարհին Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ 27 լեզուներով, ավելի քան 700 ստեղծագործություն է հնչեցրել ամենատարբեր երկրներիՙ Փարիզի «Palais des congre՛s»-ի, Լոնդոնի «Qeen Elizabeth Hall»-ի, Նյու Յորքի «Every Fisher Hall»-ի, Բոստոնի «Symphony Hall»-ի, Մոսկվայի Մեծ թատրոնի եւ այլ հռչակավոր դահլիճներում։ Ամենուրեք հայ երգը մատուցվել է բարձր արվեստովՙ նվաճելով ամենաքմահաճ ունկնդրի հիացմունքն ու հարգանքը։ Մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ ելույթ են ունեցել աշխարհի հայտնի 55 նվագախմբեր։

Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի վաստակաշատ ղեկավարիՙ Հովհաննես Չեքիջյանի 75-ամյա հոբելյանական հանդիսությունը կատարվեց շաբաթներ առաջ, ազգային օպերային թատրոնի լեփ-լեցուն դահլիճումՙ երգարվեստի տոնական հոգեզմայլանքի մթնոլորտում։

«Երկրի սրինգը, որ երկրային անցքերի ողջ բազմազանությունն է, քչերն են լսում։ Աղմուկ է դրսում։ Աղմուկ է ներսում։ Հապա ի՞նչ է երկնքի սրինգը.

- Տասը հազար տարբեր ձայներ։ Սակայն ո՞վ է թույլատրում նրանց ամենքին լինել այնպիսին, ինչպիսին կան եւ երգել այնպես, ինչպես երգվում է»։

«Ռուբիկոն», 2002

-75 տարիների փորձառություն, փայլուն հաջողություններ, աշխարհի հռչակավոր դահլիճների նվաճում, գնահատանք, պարգեւներ, մեծարանք ու հռչակ, մաեստրո, տարիքը որեւէ նշանակություն կարո՞ղ է ունենալ արվեստագետի եւ նրա ստեղծագործության համար։

¬ Ստեղծագործողի համար, իհարկե, նշանակություն ունի տարիքը։ Եթե դիրիժոր է, նա պիտի աշխատի մեկնաբանը դառնալ տվյալ ստեղծագործության։ Լավ մեկնաբան դառնալու համար պիտի հասուն երաժիշտ լինես։ Եվ դիրիժորը որոշակի տարիքից հետո է, որ դիրիժոր է։

- Ո՞ր տարիքից հետո։

¬ 60-ից հետո։ Մինչեւ այդ տարիքը թվում էՙ ամեն ինչ լավ է, բայց 60-ից հետո զգում ես, որ կատարելությունը հորիզոնից հետո փախչում է քեզանից։ Իմ երիտասարդական ձայնագրությունները հիմա ես բոլորովին չեմ հավանում, որովհետեւ այդ ժամանակ չունեի այն փորձը, որ հիմա ունեմ։ Դիրիժորը պետք է տեսողական դաշտ ունենա, զգա, թե կոմպոզիտորը տվյալ երաժշտական «նախադասությունն» ինչպես է պատկերացրել։

Միեւնույն ստեղծագործությունը տարբեր մեկնաբանություններ է ունենում, նոտաները չեն փոխվում, բայց մոտեցումը փոխվում է։ Նոտաներ կատարելը մի բան է, երաժշտություն կատարելըՙ ուրիշ բան։ Որոշակի տարիքից հետո է, որ ուզում ես անցնել սահմանը, դրանից առաջ կարծում ես, եթե նոտաները ճիշտ կատարեցիր, ռիթմը ճիշտ եղավ, ինտոնացիայի խախտում չկա, ամեն ինչ կարգին է։ Սակայն դա նախնական պայմանն է, դրանից հետո է սկսվում իսկական մեկնաբանի գործը։ Նոտաները միջոց են, դրանց արանքում գրված-չգրվածը պիտի տեսնես, որպեսզի կարողանաս ճիշտ մեկնաբանը դառնալ տվյալ ստեղծագործության։

Երբ լսում ես Բեթհովենի հայտնի սիմֆոնիաներն, ասենքՙ 8-10 դիրիժորների կատարմամբ ու համեմատում, տեսնում ես, որ նույն երաժշտությունը մեկնաբանման տարբեր սկզբունքներ են ունեցել։ Բեթհովենի նույն ստեղծագործությունը կատարողական արվեստում մի քանի լավ մեկնաբանությունների միջոցով զարգացում է ապրել։ Այսօր, երեւակայաբար եթե Բեթհովենն ինքն իր ստեղծագործությունը չափ տա մեզ, այսօրվա ունկնդրին չի բավարարի, թեպետ թվում է, թե ինքը պետք է լինի իր ամենալավ մեկնաբանը։

Ամեն ինչ այս աշխարհում հարաբերական է, այդ հարաբերականության մեջ զարգացում կա, որ թելադրում է կյանքը։ Կյանքի զարգացման մեջ փոխվում է շատ բան, փոխվում են նվագախմբի գործիքները, կամերտոնը, ռիթմը։ Տոսկանինիի ռիթմն ավելի դանդաղ է, քան Կարայանինը, որովհետեւ կյանքն է արագ հիմա, կամերտոնը 436 էր, հետո դարձավ 440։ Կան բաներ, որոնք անխուսափելիորեն փոխվում են կյանքում, եւ փոխվում է նաեւ մարդկանց ճաշակը։

- Եթե մտովի տեղափոխվենք 1961 թ., երբ Պոլսից առաջին անգամ եկաք Հայաստան, ի՞նչ կհիշեք։

- Ասեմ, որ Թուրքիայից այստեղ թռչուն անգամ չէր կարող գալ, ես աշխատելու հրավեր ստացա Մոսկվայից, ընդունեցի։ Մեծ քաղաք, ռուսերեն չիմանալս վախ առաջացրեց, մեծ դժվարություններ հաղթահարեցի, Երեւանի վիզա էլ չունեի։ Եկա Երեւան, որովհետեւ հայրենասիրությունս թելադրում էր, որ ուժերս տրամադրեմ իմ ժողովրդին։ Հայաստանը բոլորովին էլ իմ պատկերացրած երկիրը չէր։ Խոսակցականի 30 տոկոսը ռուսերեն էր։ Ես եղել եմ Մխիթարյան դպրոցի շրջանավարտ եւ ուրիշ հայերեն, ուրիշ ուղղագրություն էի սովորել, այստեղ այդ ամենը բոլորովին փոխված էր։ Բայց սա չէր ամենակարեւորը, սոսկալի ռեժիմ էր, ավելորդ բան խոսելու իրավունք չունեիր, մտքերդ ազատ չէիր կարող արտահայտել, ամեն ինչ, նույնիսկ երաժշտությունը քաղաքականացված էր։ Բայց դրա մեջ կային նաեւ լավ կողմեր։ Նախ ադապտացիայի շրջանը դժվարորեն անցկացրի։ Հետո սկսեցինք օգտվել այդ ռեժիմի բարիքներից։ Գլխավորաբար մեկ ձեռքով ղեկավարվող Մոսկվայի «Սոյուզկոնցերտը» եւ «Գոսկոնցերտն» էին պլանավորում մեր գործունեությունը։ Մտածում էի, թե Սիբիրի այսինչ քաղաքում իրենց ինչ հոգն է Կոմիտաս պրոպագանդելը եւ դրա համար դրամ էին տրամադրում։ Բայց դրանից լավ բան կարելի՞ է պատկերացնել։ Ընդունելով այդ հրավերներըՙ մեր երգչախումբն սկսեց իր շրջագայությունները Մոսկվա, Կիեւ, ապա եւՙ Փարիզ, Նյու Յորք, Լոնդոն։

Հիմա ուրիշ դժվարություններ կան։ Այս պայմաններում անհամեմատ ազատ ենք, սակայն գումարներ են պետք, շատ մեծ ճանապարհածախսեր են պահանջվում։ Մեր պետությունը հիմա շատ քիչ դեպքերում հնարավորություն ունի այդ ծախսերը հոգալու, այն ժամանակ կար կենտրոնից պետական հովանավորությունՙ սատարելու դասական երաժշտությունը։

- Իսկ այսօր ո՞ւմ են սատարում, ինչո՞ւ է մշակութային միջակությունն այսպես պրոպագանդվում։

¬ Մեր մշակույթը շատ խորը արմատներ ունի, այդ արմատներից չպետք է հեռանանք, իսկ դրանք արմատախիլ անող օտար ազատություններ շատ կան։ Այդ արմատների վրա է հենվել Կոմիտասը, իսկ այսօր ոնց որ մեր գրաբար լեզուն, կարծես Կոմիտասին եւս մոռանում ենք։ Երաժշտությունը, որ այսօր լսում ենք, աղավաղված է օտար ազդեցություններով, ռիթմերով։ Հեռուստատեսությամբ հնչում է երաժշտությունՙ ծայրեծայր քրդականՙ հայացած խոսքերով, եւ մեր երիտասարդ սերունդը դա ընդունում է որպես հայկական երաժշտություն։

Իրականությունը շատ ցավալի է, հայկական երաժշտություն ասելով սկսել ենք հասկանալ ցածրաճաշակ ռաբիսը։ Եթե ես Կոմիտաս եմ կատարում, լինում են դեպքեր, երբ մոտենում են ինձ եւ ասում. մեր ժողովուրդը հայկական երաժշտություն է սիրում, ինչո՞ւ եք Կոմիտաս կատարում։ Ֆրանսիացին Կոմիտասին գնահատում, Փարիզի կենտրոնում արձանն է կանգնեցնում, իսկ մեր ժողովուրդը չի էլ ճանաչում։

Այսօր մի «սեղանի» երգիչ գնում է արտասահման (ես դեմ չեմ), բայց բեմ է բարձրանում եւ հայ երգն ու երաժշտությունն է ներկայացնում։ Շատ դժգոհություններ եմ լսում, թե այս ինչ եք ուղարկում։ Բայց ինձ ուրախացնում են նաեւ այն երիտասարդները, որոնց տեսնում եմ կոնսերվատորիայի շրջանակներում եւ արվեստով են զբաղվում, տոկոսային հարաբերությամբ քիչ, բայց կան։

- Մաեստրո, ձեր բազմամյա գործունեության ընթացքում հասցրել եք շատ բան անել հայ երգարվեստի զարգացման եւ տարածման ուղղությամբ։ Անշուշտ ցանկություն կունենաք նոր ձայնասկավառակներ ձայնագրելու, ունեիք երազանքՙ ստեղծել կոմիտասյան լազերային ոսկե ֆոնդ։

- Ինչ վերաբերում է նոր ձայնագրություններին, անում եմ ու հիասթափվում։ Ինձ մոտ 17 CD կա, որ արտադրել են «պիրատները»ՙ աղավաղված, այլանդակված, անորակ եւ, ցավոք, իմ անունը, նկարը վրան ու վաճառվում են ամենուր։ Հիմա մտածում եմՙ որեւէ ձայնագրություն անեմ ու դարձյալ մի սեւ ձեռք վերցնի չարափոխի ու երազանքս էլ այդպես մնում է։

Իմ ողջ էությունը մեր երգչախմբերգային արվեստի միջոցով աշխարհին հայ ազգը ներկայացնելն է։ Այդ բանն ինձ հաջողվել էՙ դժվարություններ հաղթահարելով, ամբողջ կյանքս պայքարի մեջ եմ եղել։ Համերգներից երբեք չեմ հոգնել, սակայն մինչեւ համերգը բոլոր անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքները, որ ինձնից չեն կախված, այլ այս կամ այն չինովնիկից, ինձ հոգնեցնում են։ 43 տարի ղեկավարը լինել նման բազմանդամ խմբի, հեշտ չէ։ Իմ կյանքում եղել է փուլ, երբ զուգահեռաբար ստանձնել եմ Ազգային օպերային թատրոնի գլխավոր տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի գործը եւս։ Բնավորությամբ սիրում եմ դժվարություններ հաղթահարել։ Շատ էի ուզում նավապետ դառնալ, օվկիանոսի ալիքների հետ մաքառել, դրա հնարավորությունը չունեցա, այս հնարավորությունը եղավ եւ փառք Աստծո, ես չեմ համարում անհաջող ապրած կյանք։

- Տիեզերական թվացյալ անկանոնության մեջ կարգավորող ձեռքը բազմանվագայնությունից ստեղծում է սքանչելի ներդաշնակություն։ Դիրիժորը բեմական փոքր տարածքում կարծես իրականացնում է նման հարմոնիա։ Եթե համեմատելու լինեքՙ ի՞նչ խորհրդածություններ կանեք։ Խմբավարի ու կատարողի միջեւ գործո՞ւմ է արդյոք անտեսանելի ուժ, կամ կա՞ մոգականության լիցք։

¬ Դիրիժորը եթե այդ դաշտը չի կարողանում ստեղծել դիրիժոր չի։ Ինքը պարտավոր է դա անել։ Մեր համերգի հանդիսատեսը նախքան համերգը սովորական մարդ է, համերգից դուրս է գալիս լիցքավորված, մաքրված։ Եթե դժբախտաբար նույն մարդն է մնում, ուրեմն այնտեղ կատարողական արվեստ չի եղել, նոտաներն են կատարվել։ Այդ մոգականությունը եւ այլն, անհասկանալի են ինձ, գոյություն ունի փորձ։ Իհարկե, բաներ կան, որ ես էլ չեմ հասկանում, չեմ կարող իմ մեկնաբանը լինել, համերգի վերջում անում եմ այնպիսի մի նոր բան, որ ոչ մի փորձի ժամանակ չեմ արել։ Եվ ամբողջ խումբը գալիս է իմ հետեւից։ Ոնց է լինում, ես էլ չեմ հասկանում։ Կան երեւի անտեսանելի թելեր իմ եւ արտիստների միջեւ, բայց դա մեկնաբանելու համար երեւի այդ 5 զգայարաններից այն կողմ բան կա։ Ես չեմ կարող մեկնաբանել դա, ինչպես եւ շատ երեւույթներ։ Աստղերին, որ նայում եմ, չեմ հասկանում, թե այս ի՞նչ գալակտիկաներ են, իրար հետ ի՞նչ հարաբերությունների մեջ են, իրար ինչպե՞ս չեն բախվում։ Դառնում եմ փոշի դրանց կողքին հանկարծ, երբ հասկանում եմ դրանց միլիոնավոր տարիները, իմ տարիքը դառնում է ակնթարթ։ Բայց այդ ակնթարթի ընթացքում մարդ կա մի լուցկի վառել է, մարդ կա, որ չի էլ հասցնում։

- Չի՞ հասցնում, թե՞ չի կարողանում։ Գիտակից մեկը փորձում է իրականացնել իր կյանքի ճանապարհը։

Ստեղծագործելու կարողությունն աստվածային պարգեւ է, ճշմարիտ ստեղծագործողը պատասխանատու առաքելություն ունիՙ իր միտքը, նյարդն ու հոգին առավել արթուն ու զգոն պահելու իմաստով։ Ձեր փորձառությունն ի՞նչ է ասում, կատարե՞լ եք ձեր առաքելությունը։

¬Հավատացեք, ինչքան կյանքի փորձ ունենաք, այնքան կյանքի անհայտները կշատանան։ Ոչ ոք այս աշխարհում իր ուզածը չի անում, այսինքնՙ վերջակետը չդրած թողնում գնում է այս աշխարհից։ Թող ներվիՙ կյանքս անցավ, բայց ես կյանքից բան չհասկացա։ Այն, ինչ որ ես կամ իմ նմաններն անում ենք, ի վերուստ տրված է, բայց պատիժ է։ Այսքան տարիներ բեմում կանգնելը, խումբն առջեւդ, լուսարձակների տակ, հազարավոր մարդիկ ասես ուսերիդ, պատասխանատվության զգացումը, հեշտ բան չէ։ Սա պատիժ է։ Ես ունեցա չկամներ, չհանդուրժողներ, թշնամիներ։ Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը, Սարյանը, բոլորն էլ ունեցել են պայքարներ, դրամատիկ կյանքեր, ճակատագրեր են ունեցել, եւ սա անխուսափելի է։ Ես իմ ազատ կյանքը չունեմ, ամեն ինչ սահմանափակված է։ Ու շատ հաճախ ափսոսում եմ։

- Սակայն մյուս կողմից կան ձեր արվեստի բազում երկրպագուներ եւ բեմական շքեղ հաջողություններ, հետագիծՙ թողած հայ մշակույթի անդաստանում։

¬ Այս անցողիկ կյանքում իմ ազգի համար մի բան արած կամ, դա է իմ մխիթարությունը։ Այսքան տարի այս խմբի հետ ինչ-որ բանի հասել ենք, զուր չենք աշխատել, քննություն ենք բռնել միջազգային այնպիսի դահլիճներում, որտեղով ամենահամբավավոր արտիստներն են անցել, հայ երգը ներկայացրել ենք այդ մակարդակներով։ Իզուր չէ, որ Կոմիտասի արձանը դրվեց Փարիզում, այստեղ մենք 50-ից ավելի համերգ ենք տվել։ Այդ խոշոր քննությունը բռնած մարդու բարոյականով եմ ապրում, երբ միջազգային մրցույթների ենք մասնակցել եւ Հայաստանի դրոշն ենք բարձրացրել, դա է իմ հարստությունը։

- Մարդկային աշխարհը հետզհետե ավելի է ախտահարվում, բնությունն աղքատանում է, խեղճանում, որի բուն պատճառն, անկասկած, մարդու հոգեւոր էկոլոգիայի խաթարումն է։ Քիչ առաջ խոսում էիք ձեր համերգներից հոգեպես մաքրված ու վերափոխված վիճակների մասին։ Արվեստն ունի՞ նման ներազդեցություններ եւ ուժ։

¬ Երբ ես ասացի, թե համերգից դուրս են գալիս ուրիշ մարդ դարձած, հենց այդ հոգեւոր մաքրման երեւույթն էի ակնարկում։ Ինձ համար մեծ զարմանք էր, որ այդ երեւույթն ուշադրության է արժանացել միջազգային ակադեմիայում։ Զարմանալիորեն ես հրավեր ստացա էկոլոգներից եւ վայելում եմ այդ միջազգային ակադեմիայի իսկական անդամի կոչումը։ Ես երաժիշտ եմ, երաժշտությամբ կարող եմ մարդկանց հոգիները ջերմացնել, բայց մենակ իմ անելը քիչ է, ականջի ընդունածն ուրիշ է, աչքի ընդունածնՙ ուրիշ, մեր 5 զգայարանները թույլ են եւ բավարար չեն, որ իսկականը տեսնենք կամ լսենք, մեր տեսածն էլ, լսածն էլ սահմանափակ են, մեր զգայարանները շատ սահմանափակ են։

- Գուցե որոշ դեպքերում ենթագիտակցական զգացողություննե՞րն են օգնում արտահայտելու շատերի համար անհասկանալին, անունկնդրելին։

- Հնարավոր է, բայց ենթագիտակցականն ապացուցված չէ։

- Շատ բան ապացուցված չէ, բայց մենք հավատում ենք։ Ի դեպ, մաեստրո, հավատո՞ւմ եք Աստծուն։

¬ Ես չեմ կարող չհավատել։ Գիտնականներն ասում են, որ մեր ուղեղի 3 տոկոսն է աշխատում, երբ դրանից մի փոքր անցնում է, արդեն հանճարեղ է դառնում մեկը։ Մնացած 97 տոկոսը կա, ես չեմ կարող ասելՙ չկա։ Պիտի հավատալ այդ ուժերին, այդ 3 տոկոսից դուրս գերբնական ուժերն են, որ ե՛ւ կան, ե՛ւ չկան։

- Կան։

¬ Հաստատ կան, անտեսել եւ ասել, քանի որ չեմ տեսնում, չկան, կլինի անգրագիտություն, շատ հաճախ են լինում զգացողություններ բացակա ներկայի, կողքիդ երբեմն զգում ես գոյություն, որ անտեսանելի է։

... Հորիզոնից այն կողմ շարունակություն կա, բայց չի երեւում, այս կիսատ կյանքում շատ բան կա անբացատրելի, անհասկանալի։ Մաեստրոյի հետ զրույցից հետո ամեն ինչ մեկեն թեթեւ, եթերային թվաց։

Զրույցը վարեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4