«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2004-02-11 | #23, 2004-02-12 | #24, 2004-02-13


ՇԱՔԱՐԱԽՏ

«Ազգի» ընթերցողներին տեղեկացրել էինք օրեր առաջ Երեւանում բացված անդրանիկՙ ավանդական բժշկության «Աշոտյան» կենտրոնի մասին։ Կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Աշոտ Աշոտյանը խմբագրությանն է տրամադրում մի շարք հիվանդությունների առաջացման մասին սեղմ տեղեկություններ, նաեւ դրանց բուժման եղանակներՙ միմիայն ավանդական, խոտաբույսերից կազմված բաղադրատոմսերով։

Ենթաստամոքսային գեղձի բետա բջիջների ֆունկցիաների ամենից հաճախ հանդիպող խանգարումը շաքարային դիաբետն էՙ շաքարախտը։ Պատճառները տարբեր ենՙ ենթաստամոքսային գեղձի կղզյակների բջիջների ֆունկցիոնալ թույլ վիճակ, նյարդային լարվածություն, վարակիչ հիվանդություններ, անկանոն սնունդ (չափից ավելի) եւ այլն։ Այսօր շաքարախտով տառապում է մարդկության մոտ 7 տոկոսը։ Հիվանդությունը բուժում են հիմնականում համապատասխան դիետա նշանակելով, օրգանիզմում ինսուլինի քանակի ավելացմամբ եւ այլն... Սակայն ժողովրդական բժշկության մեթոդներով բուժման ժամանակ ոչ թե ինսուլին են ներմուծում օրգանիզմ, այլ դեղաբույսերի միջոցով խթանում են ենթաստամոքսային գեղձի բետա բջիջների գործունեությունը, կամ պայմաններ ու միջավայր են ստեղծում ինսուլինային շղթայում ամինաթթվային մնացորդների վերականգնման, դրա գործունեության ուժեղացման եւ երկարացման համար։ Իսկ այժմ 7 խորհուրդներ շաքարախտով տառապող հիվանդների համար.

1. 50 գ եղինջի տերեւները լցնել 0,5 լիտր եռացրած ջրի մեջ (էմալապատ աման), թողնել 2 ժամ, քամել եւ խմել 1 ճաշի գդալ, օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Ցանկալի է թարմ տերեւների եփուկը։

2. 1 թեյի գդալ մանրացրած խատուտիկի արմատները լցնել 1 թեյի բաժակ եռացրած ջրի մեջ, թրմել 20 րոպե, թողնել սառչի, քամել եւ խմել կես թեյի բաժակ, օրը 3-4 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։

3. Մանրացրած 1 ճաշի գդալ ընկույզի տերեւների վրա լցնել 1 թեյի բաժակ եռացրած ջուր եւ եռացնել 30 վայրկյան, քամել, թողնել սառչի ու խմել օրվա ընթացքում։

4. Չորացրած, մանրացրած բարդու կեղեւներից 1 ճաշի գդալը եռացնել 2 բաժակ ջրի մեջ 30 րոպե։ Թրմել 3 ժամ, քամել, խմել քառորդ թեյի բաժակ, ուտելուց առաջ։ Օգտագործել 3 ամիս եւ ավելի։ Ընդունել շաքարախտի սկզբնական շրջանում։

5. 1 ճաշի գդալ հապալասենու չոր տերեւները լցնել 1 թեյի բաժակ եռացրած ջրի մեջ, փաթաթած թրմել 40 րոպե, քամել, խմել 1 թեյի բաժակ, օրը 3 անգամՙ կումերով։

6. Կարմիր ճակնդեղի հյութը խմել օրը չորս անգամ, 1/4 բաժակ։

7. Ձիաձետը, ծտի պաշարը, երակի բույսը հավասար քանակությամբ խառնել, 1 ճ. գդալ լցնել 1 թեյի բաժակ ջրի մեջ, եռացնել 5 րոպե, խմել 1 ճ. գդալ, օրը 4 անգամ։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4