«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2004-02-12 | #24, 2004-02-13 | #25, 2004-02-14


ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՀՈՐ ՀԵՏ ՀՈՂԻՆ ՀԱՆՁՆԵՑ ՔԻ ՎԵՍԹԻ ԵՎ ՓԱՐԻԶԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բաքուն ցանկանում է ղարաբաղյան կարգավորման բանակցություններն սկսել «մաքուր էջից»

Պաշտոնական Բաքուն ցանկություն է հայտնում եւ հրապարակավ հայտարարում, որ հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն սկսել զրոյական կետից։ Այս մասին նախօրեին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը։ Երեկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտասահմանյան կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայ լրագրողների հետ ունեցած հեռուստակամրջի ընթացքում կրկնեց արտգործնախարար Գուլիեւի ցանկությունը։

Ադրբեջանի իշխանությունները ղարաբաղյան կարգավորման հարցով բանակցությունները «մաքուր էջից» վերսկսելու հնարավորության մասին հրապարակավ արտահայտվեցին երկրի նախագահ Իլհամ Ալիեւի Մոսկվայից վերադառնալուց հետո։ Իլհամ Ալիեւը «Բինա» օդանավակայանում հայտարարեց, որ ղարաբաղյան բանակցություններում ինքը կողմնակից չէ փոխզիջումների։ «Միջազգային օրենքը եւ արդարությունը մեր կողմն են։ Մենք չպետք է թույլ տանք շտապողականություն այս հարցում։ Ես չեմ շտապում եւ կարծում եմ, որ մենք պետք է սպասենք», ասաց Ալիեւը։

Ադրբեջանի նախագահի Ռուսաստան այցելությունն այդ օրերին Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած զարհուրելի ահաբեկչության ֆոնին մղվեց երկրորդական պլան։ Մյուս կողմից, դատելով ադրբեջանական եւ ռուսական մամուլում հայտնվող հրապարակումներից, ինչպես նաեւ պաշտոնական Բաքվի խուսափողական դիրքորոշումիցՙ մեկնաբանելու Վլադիմիր Պուտինի հետ ղարաբաղյան բանակցության արդյունքները, Պուտին-Ալիեւ հանդիպման ընթացքում, այդուհանդերձ, կարեւոր տեղ է գրավել ղարաբաղյան թնջուկը, եւ պիտի ենթադրել, որ Բաքուն դժգոհ է ԼՂ հարցում Մոսկվայի դիրքորոշումից։

Երեկ Նովրուզ Մամեդովը, ըստ էության խուսափեց «Ազգի»ՙ «ինչպե՞ս եք գնահատում Ալիեւի այցը Մոսկվա ղարաբաղյան կարգավորման ենթատեքստում» հարցի պատասխանից։ Սա դեռ ոչինչ։ Եթե իրոք Իլհամ Ալիեւին հաջողված լիներ ղարաբաղյան հարցում Մոսկվայից «պոկել» քիչ թե շատ ադրբեջանանպաստ դիրքորոշում, ապա Ադրբեջանի նախագահը Մոսկվայից վերադառնալիս չէր հայտարարի, թե ինքը կողմնակից չէ փոխզիջումների։

Արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը ըստ էության կրկնել է նախագահի խոսքերըՙ ասելով. «Բանակցային գործընթացում սկզբունքների մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ դա ընդունում են երկու կողմերը, որից ելնելով հնարավոր կլիներ շարժվել առաջ»։ Այսօր ղարաբաղյան գործընթացում չկա այնպիսի սկզբունք, որն ընդունված լիներ երկու կողմերից, այդ պատճառով Ադրբեջանն ունի լիիրավ իրավունք դրանք զրոյից սկսելու։

Պուտինը ղարաբաղյան հարցում ունի հետեւյալ դիրքորոշումը. հարցը պետք է լուծել արդարացիորեն, Մոսկվան կողմերից որեւէ մեկի վրա ճնշումներ չի բանեցնի ու կողջունի կարգավորման յուրաքանչյուր տարբերակ, ինչն ընդունելի կլինի ե՛ւ Երեւանի, ե՛ւ Բաքվի համար։ Այս ձեւակերպումը հակամարտության կողմերից ամեն մեկը կարող է յուրովի մեկնաբանել, սակայն մյուս կողմից հստակ է ակնարկըՙ Ռուսաստանը կողմնակից է «ստատուս քվոյի» պահպանմանը, ավելի հստակՙ ընդունում է հայկական կողմի հաղթանակի արդյունքները 1991-94 թթ. ղարաբաղյան պատերազմում։

Ալիեւի Մոսկվա այցի նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովն ադրբեջանցի եւ ռուս լրագրողներին տված հարցազրույցում երկու ուշագրավ նկատառում էր արտահայտել։ Ռուս դիվանագետն ասել էր, որ ճիշտ կլիներ ընդլայնել ղարաբաղյան բանակցությունների ձեւաչափը եւ խնդրի կարգավորման մեջ Հայաստանից եւ Ադրբեջանից բացի ներգրավել նաեւ Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքներին։ Բաքուն Տրուբնիկովին ասել է, թե Մոսկվայի առաջարկությունը համարում է անընդունելի։ Երկրորդՙ Տրուբնիկովը մեջբերել էր Արեւելյան Թիմորի օրինակը, որը տասնյակ տարիներ համարվելով Ինդոնեզիայի մաս, 2002 թ. ձեռք բերեց անկախություն. «Դուք գիտեք, որ Արեւելյան Թիմորը պայքարեց իր անկախության համար եւ վերջիվերջո հասավ դրան։ Այդ անկախությունը միջազգայնորեն ճանաչված է»։

Բաքուն անհրաժեշտ չհամարեց մեկնաբանել ռուս բարձրաստիճան դիվանագետի հայտարարությունը, մինչդեռ ադրբեջանական մամուլը, որը ղարաբաղյան հարցում արտահայտում է Բաքվի դիրքորոշումը, սվիններով ընդունեց Տրուբնիկովի հայտարարությունը։ Երեկ «Ազգը» Նովրուզ Մամեդովից փորձեց ճշտել, թե ինչպես է վերաբերվում Բաքուն Տրուբնիկովիՙ Արեւելյան Թիմորի օրինակը մեջբերելու փաստին նախագահ Ալիեւի Մոսկվա այցելության նախօրեին։ Մամեդովն ասաց, որ Արեւելյան Թիմորի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրները բացարձակապես տարբեր են, հայերն արդեն ինքնորոշվել են Հայաստանում։

Արտգործնախարար Գուլիեւը հայտարարել է, որ եթե Մինսկի խմբի առաջարկները չեն բավարարում ադրբեջանական կողմին, ապա Բաքուն լիիրավ իրավասու է բանակցություններն սկսել զրոյիցՙ հավելելով, թե Հայաստանը փորձում է Ադրբեջանին ստիպել ընդունելու միջնորդների եւ որոշ միջազգային կազմակերպությունների առաջարկությունները, ինչը բացարձակապես անհնար է։ Գուլիեւը հերթական անգամ շեշտել է, որ ղարաբաղյան կարգավորման հարցով 2001 թ. ո՛չ Փարիզում, ո՛չ էլ Քի Վեսթում ձեռք չեն բերվել պայմանավորվածություններ, հերյուրանք է համարել հայկական կողմիՙ քիվեսթյան եւ փարիզյան սկզբունքների առկայության մասին հայտարարությունները։

Որ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը Փարիզ չէին մեկնել Ելիսեյան դաշտերում զբոսնելու, Քի Վեսթում ձուկ որսալու կամ Սադարակում թեյ խմելու, փաստ է։ Եվ կամ էլ հնարավո՞ր է արդյոք, որ երկու երկրների նախագահները 20-ից ավելի հանդիպումներ են ունենում եւ այդ հանդիպումների ընթացքում չեն ուրվագծում ղարաբաղյան կարգավորման կողմերի համար քիչ թե շատ ընդունելի սկզբունքներ։

Գուշակությունները թողնենք մի կողմ եւ մեջբերենք Ադրբեջանի հանգուցյալ նախագահին։ 2002 թ. հունիսի 14-ին Հեյդար Ալիեւը Բաքվում ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի նախկին համանախագահ Հյուգ Պեռնեին, հրապարակավ հայտարարեց, թե փարիզյան սկզբունքների ասպեկտներից «Ադրբեջանը Հայաստանի Մեղրու շրջանի տարածքով Նախիջեւանին կապող եւ Հայաստանն Ադրբեջանի Լաչինի շրջանով ԼՂ-ին կապող փոխադրամիջոցների բացումն էր, կողմերը Փարիզում քննարկել են Մեղրու միջանցքի նկատմամբ Ադրբեջանին եւ Լաչինի միջանցքի նկատմամբ Հայաստանին սուվերեն իրավունքներ տալու հարցը»։

Ալիեւը նաեւ նկատել էր, որ «Փարիզում հատուկ ուշադրության առարկա են եղել երկու միջանցքներին էլ միեւնույն կարգավիճակ տալու հարցը, սակայն հայկական կողմը հետագայում խախտեց այդ պայմանավորվածությունը, ինչը բանակցությունների ձախողման հանգեցրեց 2001 թ. ապրիլին ամերիկյան Քի Վեսթ քաղաքում»։

Մեր տրամադրության տակ չկան փաստաթղթեր, որոնց հիման վրա կկարողանայինք ասել, թե Փարիզում եւ Քի Վեսթում նախագահներն ի՞նչ են քննարկել։ Բայց որ Ադրբեջանը մերժեց ձեռք բերված պայմանավորվածությունները, կասկածի տեղիք չի տալիս։ Այդ մասին Ալիեւը եւ Ադրբեջանի բարձրաստիճան շատ պաշտոնյաներ բազմիցս կրկնել են, որ Փարիզում եւ Քի Վեսթում Ադրբեջանը մերժեց կարգավորման մի սկզբունք, որը վտանգի տակ է դնում երկրի անվտանգությունը։ Արժե մեջբերել Ալիեւի այն խոսքերը, որ նա ասաց Փարիզից վերադառնալուց անմիջապես հետոՙ «Բինա» օդանավակայանում. «Հայկական կողմը Ղարաբաղի համար անկախություն է ուզում»։

Հեյդար Ալիեւի վախճանվելուց հետո պաշտոնական Երեւանը ցանկալի էր համարում, որ Իլհամ Ալիեւը ղարաբաղյան բանակցությունները շարունակի այն կետից, որը նրան թողել էր հայրը։ Դատելով Ալիեւ կրտսերի հայտարարություններից, Ադրբեջանը հողին է հանձնում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ցանկանում ղարաբաղյան կարգավորման բանակցություններն սկսել «մաքուր էջից», ինչպես նաեւ խնդրի կարգավորումը հնարավորության դեպքում տեղափոխել եվրոպական այլ կառույցներ, մասնավորապես Եվրախորհուրդ։

«Ղարաբաղյան հարցում ես փոխզիջումների կողմնակից չեմ։ Ժամանակները փոխվում են։ Մենք ԵԱՀԿ-ից սպասում ենք նոր առաջարկներ։ Այսօր նման առաջարկություններ ներկայացնելու հիանալի պայմաններ կան։ Եվրամիության զեկույցում արդեն հնչել են դրական պահեր, Եվրախորհրդի փաստաթղթերում արդեն իրենց տեղն են գտել Ադրբեջանի համար ընդունելի պահեր», ասել է Իլհամ Ալիեւը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4