Ավտոմեքենաների վարձակալության բիզնեսը Հայաստանում սկսել է գործել համեմատաբար վերջերս, եւ դեռեւս վաղ է խոսել լիարժեք կայացման մասին։ Գործարարության այս տեսակով զբաղվողների առաջարկած ծառայությունների գները դեռեւս չեն կայունացել։ Նույն ծառայության համար տարբեր ընկերություններում դրանք էապես տարբեր են։ Բացի այդ, ավտոմեքենաները վարձակալությամբ տրամադրելը ընկերությունների մեծ մասի համար օժանդակ օղակ է իրենց գործունեության մյուս ոլորտները սպասարկելու համար։ Մասնավորապես նման ծառայություններ են առաջարկում զբոսաշրջային գործակալությունները, հյուրանոցները, տաքսի ծառայությունները։ Դա, իհարկե, վատ չէ եւ թերեւս անհրաժեշտ է նրանց, բայց ակնհայտ է, որ զուտ մեքենաների վարձակալությունը որպես մասնագիտացված բիզնես առայժմ գոյություն չունի։
Փոքր-ինչ տարբեր է խնդիրը շքեղ լիմուզինների տրամադրման առումով, որտեղ արդեն մի քանի ընկերություններ են գործում։ Սակայն այստեղ առկա է մեկ այլ հանգամանքՙ աննախադեպ բարձր գները, որոնք էապես գերազանցում են արտերկրում, մասնավորապես ԱՄՆ-ում գործող նմանատիպ ծառայությունների գներին։ Միկրոավտոբուսների վարձակալությանն այս հրապարակման մեջ չենք անդրադառնա, քանի որ դա այլ նշանակություն ունեցող ծառայություն է։
«Էլիտար եւ Գերց» ընկերությունում առաջարկվում են ինչպես արտասահմանյան մակնիշի, այնպես էլ ռուսական (նախկին խորհրդային) արտադրության մեքենաներ։ «Մերսեդեսի» վարձակալության մեկ օրվա արժեքը կազմում է 130 դոլար, BMW-ինըՙ 75, իսկ ՎԱԶ-երինը 68 դոլար։ Վերոնշյալներն, իհարկե, ամենավերջին մոդելի, շքեղ մեքենաները չեն։ «Ակվարիուս թրավել» ընկերությունում առաջարկվող «Մերսեդեսի» գինը 55 դոլար է, ներառյալ բենզինի ծախսը։ Սակայն այստեղ առանց վարորդների ավտոմեքենաներ չեն տրվում։ Ընդհանուր առմամբ, ընկերության պատասխանատուի հավաստմամբ, վարձակալվող մեքենաների միջին արժեքը կազմում է 65-70 դոլար։ «Ակվարիուս թրավելը» առանց վարորդի ավտոմեքենաներ տալիս է միայն արտասահմանցիներին։ Դա բացատրվում է նրանց ապահովագրման քարտի առկայությամբ եւ այլ երաշխիքներով, ինչը Հայաստանի բնակիչները չունեն։ Այս ընկերությունում արտասահմանցիների համար առանց վարորդի առաջարկվող ծառայությունն անհամեմատ թանկ էՙ միջինը 170 դոլար։
Առավել տարածված է խորհրդային արտադրության «Վոլգաների» վարձակալությունը։ Այստեղ եւս գների մեծ տարբերություններ կան։ Այսպես, «Լեւոն թրավելն» առաջարկում է 50 դոլար 1 օրվա համարՙ ներառյալ բենզինի արժեքը։ «Մենուա-տուրը»ՙ 6 ժամվա եւ 100 կմ վազքի արժեքը գնահատում է 30 դոլար, իսկ յուրաքանչյուր հաջորդ ժամվա եւ կիլոմետրի համար հավելյալ գումարներ են գանձվում։ «Ռոյալ տաքսու» նույն «Վոլգա-31-10»-ի 1 օրվա վարձակալության գինը 35 դոլար է։ Այս ընկերությունների համար ընդհանուրը դարձյալ մեքենաները վարորդների հետ տրամադրելն է։
Ինչպես արդեն նշեցինք, շքեղ լիմուզինների վարձակալությունը կարծես թե ավելի տարածված է եւ ավելի մեծ պահանջարկ ունի։ Մասնավորապես 7 մետր երկարություն ունեցող այդ մեքենաները ունեւոր խավի հարսանիքների պարտադիր բաղադրիչն են դարձել։ Այլ նպատակներով դրանց վարձակալումը տարածված չէ։ Դրանց գները միմյանցից շատ չեն տարբերվում։ Օրինակ «Լիմուզին Լինկոլնից» ասացին, որ իրենց մեքենայի 1 ժամվա վարձակալության գինը 60 դոլար է, բայց, կախված վարձակալության տեւողությունից, հնարավոր են էական զեղչեր։ «Հայր եւ որդի Ներսիսյանների» լիմուզինը առաջին 3 ժամվա ընթացքում յուրաքանչյուր ժամն արժե 100 դոլար, որից հետո 1 ժամըՙ 50 դոլար։ «Աստաֆյան» հյուրանոցային համալիրի լիմուզինի վարձակալության առաջին երեք ժամերից յուրաքանչյուրի գինը նույնպես 100 դոլար է, որից հետո 70 դոլար։ Ինչպես արդեն նշեցինք, այս գները բարձր են ոչ միայն հայաստանյան չափանիշներով, այլեւ ամերիկյան համանման ծառայությունների գների համեմատ։ Ներկայացնենք Նյու Յորքի կենտրոնական թաղամասումՙ Մանհեթենում գործող ամենահայտնի ընկերությունների լիմուզինների վարձակալության գները։
Tel-Aviv car & limousin service-ի լիմուզինների վարձակալության 1 ժամն արժե ընդամենը 25 դոլար, բայց վարձակալության նվազագույն ժամանակահատվածը 2 ժամն է։ Մեկ այլ հանրաճանաչ New York՛s favorite car & limousine service ընկերությունը Նյու Յորքի մեջ լիմուզինը վարձակալության է տրամադրում դարձյալ 1 ժամը 25 դոլարով, իսկ քաղաքից դուրս 1 ժամըՙ 35 դոլարով։ Համանման գներ են առաջարկում նաեւ Jerusalem car & limo service, Carmel car & limousin service, White luxury transportation եւ այլ ընկերությունները։ Մեկնաբանությունները թերեւս ավելորդ են։
Վերոնշյալից ակնհայտ է դառնում, որ մեր գործարարները դեռեւս շարունակում են աշխատել հնարավորինս արագ շահույթ ստանալու մղումով։ Դրան նպաստում են նաեւ այս ոլորտում սակավաթիվ ընկերությունների առկայությունն ու մրցակցության ոչ բարձր լինելը։ Այս հանգամանքները սահմանափակ շուկայի առկայությամբ հանգեցնում են ծառայությունների բարձր գներին։ Ինչ վերաբերում է մյուս մեքենաների վարձակալությանը, ապա այստեղ շուկայի կայացած չլինելու եւ հետեւաբար միջին շուկայական գների չձեւավորված լինելու հիմնական պատճառը իրավական դաշտի անկատարություն է։ Մասնավորապես մեր տնտեսության ապահովագրության բնագավառի թերզարգացումը մեծացնում է ռիսկերն այս ոլորտում, ինչի արդյունք է այն փաստը, որ մեքենաները վարձակալությամբ են տրամադրվում հիմնականում վարորդների հետ։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ