«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2004-02-12 | #24, 2004-02-13 | #25, 2004-02-14


ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ՄՆԱԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՎՈՒՄ Է ԲԱՐՁՐ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՄԵԾ ՍՏԱԺՈՎ

Դպրոցների անցումը կառավարման նոր համակարգի, օպտիմալացումը տարբեր մեկնաբանությունների եւ գնահատականների են արժանացնում ե՛ւ լրատվամիջոցները, ե՛ւ իրենքՙ մանկավարժները։ Հանրակրթության մեջ կատարվող բարեփոխումների մասին իր նկատառումներն է արտահայտում Վանաձորի խոշոր կրթօջախներից մեկիՙ Վ. Տերյանի անվան (թիվ 5) դպրոցի տնօրեն, մարզի տնօրենների խորհրդի անդամ, 2003 թ. հանրապետության «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթի արդյունքներով ՀՀ գիտության եւ կրթության նախարարության ոսկե հուշամեդալի արժանացած Լեւոն Բարոյանը։

- Մեր հասարակության մեջ կատարվում են մի շարք փոփոխություններ, որոնք 2 հիմնական գործընթացների հետեւանքներ ենՙ ժողովրդավարացում եւ շուկայական հարաբերությունների ձեւավորում։ Դպրոցը հասարակության զարգացման հիմքն է եւ, բնականաբար, չէր կարող հեռու մնալ այդ գործընթացներից։

Ժողովրդավարացման արդյունքում բոլոր դպրոցներն անցնում են (շատերն անցել են) խորհրդի միջոցով կառավարման, որը նշանակում է իշխանության ապակենտրոնացում, կոլեգիալ ղեկավարում։ Շուկայական հարաբերությունների խորացումը բերեց դպրոցի ֆինանսավորման նոր համակարգիՙ աշակերտ-թվով ֆինանսավորման։

Մեկ աշակերտի համար պետությունը վճարում է որոշակի գումարՙ այսօր դա կազմում է 36 հազար դրամ, դպրոցն ինքն է որոշում իրեն անհրաժեշտ ծախսերը։ Յուրաքանչյուր տնտեսության ղեկավար, եթե ունի որոշակի գումար, բնականաբար, ձգտում է այն արդյունավետ օգտագործել, այստեղից էլ ծնվում է օպտիմալացման գաղափարը։ Օպտիմալացում նշանակում է ռեսուրսների արդյունավետ օգտագործում։ Հետեւաբար հաստիքների եւ աշխատողների թվի կրճատումն անխուսափելի է։

Մրցակցություն է առաջանում դպրոցների միջեւ. ո՞վ շատ աշակերտ կունենա, իսկ շատ աշակերտների թիվը պայմանավորված է որակյալ ուսուցիչներով, ուսման ու դաստիարակության բարձր որակով։

Որակյալ ուսուցիչ նշանակում է մշտապես ինքնակրթությամբ զբաղվող, մասնագիտական զարգացում ապրող անձ, մանկավարժության մեջ կատարվող փոփոխությունների ակտիվ մասնակից։ Իսկ վերջինս հնարավոր է, եթե ուսուցիչն ունի բավարար շաբաթական ծանրաբեռնվածություն։ Այստեղից էլ այն պահանջը, որ ուսուցչի շաբաթական ծանրաբեռնվածությունը պետք է լինի 20 ժամ։ Այսինքնՙ ուսուցչի մասնագիտությունը դիտարկվում է որպես լուրջ պաշտոն, եւ վերջ է տրվում այն արատավոր երեւույթին, որ շատերի համար ուսուցչությունը դարձել էր տնից դուրս գալու միջոց։

20-ժամյա ծանրաբեռնվածությունը եւս բերում է աշխատողների թվի կրճատման։ Օպտիմալացման արդյունքում դպրոցը շահում է, աշխատող ուսուցիչը վարձատրվում է բարձր, մեծանում է շահագրգռվածությունը վերջնական արդյունքների նկատմամբ։

Դպրոցների օպտիմալացումը հասարակության բնականոն զարգացման արդյունք է, բայց կյանքը ցույց տվեց, որ զարգացող հասարակության պահանջների եւ գործող անկատար աշխատանքային օրենսդրության միջեւ կան խոր հակասություններ։ Դպրոցների տնօրեններն անզոր են որակյալ ուսուցիչների շահերը պաշտպանելու որակավորման եւ արտադրողականության առումով, քանի որ չի գործում ատեստավորման կարգը, չկան ուսուցչի աշխատանքի գնահատման օրենքով ամրագրված չափանիշներ։ Մենք հայտնվել ենք զավեշտական վիճակումՙ աշխատանքում մնալու նախապատվության իրավունքը որոշվում է բարձր ծնելիությամբ կամ մեծ ստաժով։

Ցանկալի է, որ մեր լրատվամիջոցներն այս հիմնահարցի վրա բեւեռեն հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության ուշադրությունը, քանի որ ստեղծված իրադրությունում խորհրդային երկրի քարացած աշխատանքային օրենսգրքով աշխատանքում մնալու նախապատվություն են ստանում բավականին թով ցածրորակ ուսուցիչներ, որոնք չեն կարող լուծել հանրակրթության առջեւ ծառացած ժամանակակից խնդիրները։

Մտահոգությունս հիմնված է կոնկրետ փաստերի վրա։

Մեր դպրոցը մարզում եւ հանրապետությունում հայտնի է իր բարձր ցուցանիշներովՙ մեդալակիրների, բուհեր ընդունվողների, օլիմպիադաներում մրցանակներ շահածների քանակով։ Դպրոցը մասնակցում է մեկ տասնյակից ավելի միջազգային կրթական ծրագրերի։ Կրթօջախում աշխատում են 5 հետազոտող եւ 2 հմուտ ուսուցիչներ, 17-ը վերջին երեք տարում ճանաչվել են մարզի լավագույն ուսուցիչներ, որոնցից 2-ը լավագույն են ճանաչվել նաեւ հանրապետությունում։

Այս արդյունքներին անհնարին էր հասնել առանց որակյալ ուսուցիչների մեծ խմբի։

Ցավով պետք է նշեմ, որ անկատար օրենսդրության պատճառով, օպտիմալացման արդյունքում մեր դպրոցում աշխատանքից դուրս են մնացել նաեւ վաստակ եւ մասնագիտական բարձր կարողություններ ունեցող ուսուցիչներ։

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4