Պատասխանելով «Ազգի» հարցին, երեկ նման կանխատեսում արեց «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը։ Իսկ հարցը հետեւյալն էրՙ Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին 2005 թ.-ին հասնելու հնարավորություն չունեցող բանկերից որեւէ մեկը դիմե՞լ է «Հայէկոնոմբանկին» միավորվելու առաջարկով։ Բանկի վարչության նախագահը հայտնեց նաեւ, որ նման առաջարկներ եղել են, բայց իրենք զգուշությամբ են վերաբերվում դրանց եւ դեմ են անկանոն միաձուլմանը։
Մամուլի ասուլիս հրավիրելու նպատակը «Հայէկոնոմբանկի» 2003 թ.-ի գործունեության արդյունքները ներկայացնելն էր։ Աշոտ Օսիպյանը տեղեկացրեց, որ անցնող տարին հաջող էր բանկի համար, եւ զարգացում է արձանագրվել բոլոր ցուցանիշների գծով։ Այսպես, բանկի ակտիվներն աճել են 31 տոկոսով, ընդհանուր կապիտալըՙ 64 տոկոսով, վարկային ներդրումներըՙ 50 տոկոսով, շահույթըՙ 66 տոկոսով, հասնելով 815 մլն դրամի։ Վարկավորվել են 1210 տնտեսվարող սուբյեկտներ, 4160 անձ ստացել են սպառողական վարկեր, իրականացվել է հիպոթեկային վարկավորման փորձնական ծրագիր։ Անցյալ տարի շահաբաժին է տրվել բանկի բաժնետերերին։ Դա բանկի ղեկավարը բացատրեց այն փաստով, որ ներկայումս ավանդատուներն ավելի պաշտպանված են, քան բաժնետերերը։ Շահաբաժին վճարելու դեպքում բաժնետերերը երկու օգուտ կունենանՙ բաժնետոմսերի արժեքի աճը եւ շահաբաժինը։ Ինչպես ավանդատուներին, այնպես էլ բաժնետերերին տրվող միջին տարեկան տոկոսադրույքը 6 տոկոս է։
Շարունակվել են պլաստիկ քարտերի թողարկումը եւ ծառայությունների ընդլայնումը։ Այս շուկայում առկա քարտերի 57 տոկոսը թողարկել է «Հայէկոնոմբանկը»։ Բանկի գործունեության կարեւոր բաղադիչներից է համագործակցությունը Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ։ Անցյալ տարի առեւտրի խթանման երաշխավորման պայմանագրով հայկական բանկին տրամադրված գումարով ֆինանսավորման ծավալները կազմել են 1,5 մլն դոլար։
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին, Աշոտ Օսիպյանը նշեց, որ 2004 թ.-ին ակնկալվում է շահույթը հասցնել 1,3 մլրդ դրամի, նոր վարկային ծրագիր ստանալ Եվրոբանկից եւ այլ կազմակերպություններից, իսկ կանոնադիր կապիտալը 2005 թ.-ին նախատեսվում է հասցնել 7 մլն դոլարի, որը 2 մլն դոլարով ավելի է ԿԲ սահմանած պահանջից։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ