«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2004-02-13 | #25, 2004-02-14 | #26, 2004-02-17


«ՉԼԻՆԵԼՈՎ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԶԵԿՈՒՅՑ ԿԱԶՄԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆՙ ՏԱՐՕՐԻՆԱԿ Է»

ԼՂՀ ԱԳ նախարար Աշոտ Ղուլյանի հարցազրույցը ԵԽԽՎ ղարաբաղյան հարցով զեկուցող Թերի Դեւիսի տարածաշրջան այցի նախօրեին

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Բրիտանացի խորհրդարանական, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԼՂ հարցով զեկուցող Թերի Դեւիսը փետրվարի երրորդ տասնօրյակում այցելելու է ԼՂՀ, Հայաստան եւ Ադրբեջան։ Դեւիսը Ստեփանակերտ պիտի այցելեր 2003 թ. հուլիսին, սակայն այցը չկայացավ, քանի որ ադրբեջանական կողմը դեմ էր նրաՙ Հայաստանով Լեռնային Ղարաբաղ այցելությանը։ Մյուս կողմից Բաքուն չկարողացավ երաշխիքներ տալ Ադրբեջանից Ղարաբաղ Դեւիսի եւ նրան ուղեկցող խմբի այցելության անվտանգության առումով։

Վերջերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության մասին պատրաստվելիք զեկույցի բովանդակությանը, Դեւիսը նշել է, որ դրանում կարող են արծարծվել ինչպես տարածքային ամբողջականությանը, այնպես էլ ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր։ «Դա շատ բարդ հիմնախնդիր է, եւ տվյալ փուլում ես չեմ արտահայտի ինչ-ինչ մեկնաբանություններ իմ զեկույցի բովանդակության վերաբերյալ, մինչեւ չայցելեմ Ղարաբաղ։ Անիմաստ է դատավորից դատավճիռ սպասել մինչեւ փաստերի եւ ապացույցների ուսումնասիրությունը», ասել է դիվանագետը։

Ի՞նչ ակնկալիքներ ունեն ԵԽԽՎ զեկուցողի այցելությունից ԼՂՀ իշխանությունները։ «Ազգի» զրուցակիցն է ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանը։

- Պրն Ղուլյան, ի՞նչ ակնկալիքներ ունի Ստեփանակերտը Թերի Դեւիսի այցելությունից։

- Կարծում եմ, պրն Դեւիսի վերջապես կայանալիք այցն օգտակար կարող է լինել երկուստեքՙ ե՛ւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի համար։ Պրն Դեւիսի եւ եվրոպական բոլոր կառույցների համար, որոնց ուղեծրում է ղարաբաղյան հակամարտության խնդիրը, ճիշտ տարբերակն այն է, որ նրանք տեղեկատվությունը ստանան հենց Ղարաբաղից։ Այսինքնՙ լինելով Ղարաբաղում, պաշտոնական շրջանակների, հասարակության տարբեր խավերի հետ հանդիպումներով իրենց տեսակետները կազմել, թե ի՞նչ է տեղի ունենում Ղարաբաղում, ի՞նչ հողի վրա է սկիզբ առել ղարաբաղյան շարժումը, եւ ի՞նչ նպատակ է հետապնդում Ղարաբաղում ապրող ժողովուրդը։ Այս առումով այցը երկուստեք կարող է հետաքրքրական լինել, քանի որ Ղարաբաղում չլինելով հանդերձ զեկույց կազմել Ղարաբաղի մասին, հնչում է տարօրինակ։

- Հստակեցվե՞լ է ժամանակացույցը, ե՞րբ է ժամանելու պրն Դեւիսը Ստեփանակերտ, եւ ի՞նչ հանդիպումներ են նախատեսված։

- Մեր ունեցած տեղեկություններով, այցը սպասվում է փետրվարի 23-ին, չեմ կարող պնդել, թե դա վերջնական ժամկետն է։ Ծրագրված են հանդիպումներ ԼՂՀ նախագահի, ԱԺ նախագահի, ԱԺ-ում ներկայացված խումբ-խմբակցությունների ղեկավարների, արտգործնախարարի, հավանաբար նաեւ հասարակական շրջանակների հետ։

- Ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը, վկայակոչելով ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին, հաղորդում է, որ Դեւիսը կայցելի նաեւ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններից մեկը։ Ընդ որում, դա ներկայացվում է որպես Բաքվի պահանջներից մեկը Եվրախորհրդին. եթե ԵԽ ԽՎ զեկուցողը Ղարաբաղ է գնում Հայաստանից եւ ոչ թե Ադրբեջանից, ապա պարտավոր է այցելել հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններից մեկը։ Դուք ունե՞ք տեղեկություն այս մասին։

- Ես կարծում եմ, Լեռնային Ղարաբաղ պրն Դեւիսի այցելությունը, ինչպես նաեւ ԼՂՀ նախկին բոլոր այցելությունները (եվրոպացի պաշտոնյաների) կատարվում են ոչ թե ադրբեջանական կողմի թելադրանքով, այլ ղարաբաղյան իշխանությունների հետ համաձայնեցնելով։ Սովորաբար դա լինում է ընդունող եւ այցելող կողմի փոխհամաձայնությամբ, եւ Ադրբեջանի կողմից որեւէ նախասիրություն կամ թելադրանք չի կարող լինել։ Պրն Դեւիսի այցելությունն այս շարքում բացառություն չէ։

- Վերջին շրջանում եվրոպական մի շարք կառույցներ, այդ թվում Եվրախորհուրդն ընդգծված շահագրգռվածություն է դրսեւորում Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ։ Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված մասնավորապես Եվրախորհրդի ակտիվությունը, հատկապես եթե հաշվի առնենք, որ այս կազմակերպությունը երբեւէ չի զբաղվել հակամարտությունների կարգավորմամբ։

- Ղարաբաղյան խնդրիՙ եվրոպական կառույցների ուշադրության կենտրոնում հայտնվելու հանգամանքը նորություն չէ։ ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունն իրականացնում է եվրոպական կառույցներից մեկըՙ ԵԱՀԿ-ն եւ մասնավորապես նրա շրջանակներում ստեղծված Մինսկի խումբը։ Կարծում եմ, որ ղարաբաղյան հարցը եվրոպական կառույցներում, մասնավորապես Եվրախորհրդի հետաքրքրության կենտրոնում է հայտնվել ԵԽ ԽՎ-ում հունվարին Հայաստանի եւ Ադրբեջանի մասովՙ Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների հաշվետվության հետ, ինչը նույնպես կարելի է բնական համարել, քանի որ այս պարտավորություններից մեկն էլ ղարաբաղյան հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելն է։ Եվ այս ենթատեքստում պարզ է, որ ղարաբաղյան հիմնախնդրի մասին քննարկումներ պետք է լինեին։

- ԵԽԽՎ-ն հունվարին զեկույցներ պատրաստեց Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ, երկու դեպքում էլ առկա էին Ղարաբաղի մասին տհաճ ձեւակերպումներ։ Ստացվում է, որ նախքան Դեւիսի այցը ԵԽ ԽՎ-ն կայացրել է դատավճիռ։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ Դեւիսի տարածաշրջան այցելությունից հետո զեկույցներում որոշակի փոփոխություններ արվեն։

- Այս պահին գնահատականների կարիք չկա։ Ինչ վերաբերում է հնարավոր քայլերին, չեմ ուզում ենթադրություններ անել, պարզապես ճիշտ կլինի, որ այս կառույցներում ընդգրկված մեր պատվիրակությունները կարողանային նույն եվրոպական կառույցներում ներկայացված շրջանակներին հասցնել ղարաբաղյան հիմնախնդրի էությունն ու առանձնահատկությունները։

- ԼՂ հարցի էության եւ առանձնահատկությունների մասին Հայաստանում, այդ թվումՙ պաշտոնական շրջանակներում չկա հստակ դիրքորոշում։ Այսօրվա դրությամբ ԼՂ հարցի առնչությամբ ո՞րն է պաշտոնական Ստեփանակերտի համար ընդունելի մոտեցումը։

- Մենք բազմիցս արտահայտել ենք մեր դիրքորոշումն այս հարցով։ Ղարաբաղյան շարժման հենց սկզբից հստակ ասվել է, որ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության ինքնորոշման խնդիրն է։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4