«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2004-02-14 | #26, 2004-02-17 | #27, 2004-02-18


ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՉԵՂԱՐԿԵԼ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ՋԱՆՔԵՐԸ

Մեկնաբանելով պաշտոնական Բաքվի այն տեսակետը, թե ղարաբաղյան կարգավորման բանակցությունները պետք է սկսել զրոյական կետից, ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նշել է, թե դա, ըստ էության, նշանակում է վերադառնալ ելման կետին, այսինքնՙ 1994 թ. մայիսյան հրադադարի իրավիճակին։ Արցախցի խորհրդարանականի համոզմամբ, հրադադարը կնքվել էր Ադրբեջանի խնդրանքով, ինչպես նաեւ Ադրբեջանի ու ԼՂՀ-ի ուղղակի պաշտոնական շփումների արդյունքում։ «Եթե զրոյական մակարդակ ասելով պարոն Գուլիեւը պատրաստակամություն է հայտնում վերսկսելու դիվանագիտական շփումները ԼՂՀ համարժեք կառույցի հետ, որպեսզի, նախ, վերստին ամրագրվի հրադադարի համաձայնությունը, ապա ակնկալում եմ, որ դրան պետք է հետեւի Ադրբեջանի խորհրդարանի արձագանքը նույնպես, քանի որ հրադադարի համաձայնությունն ամրագրված է նաեւ Բիշքեկի արձանագրությամբ։ Չմոռանանք, որ այդ փաստաթուղթը հավասար իրավունքով ստորագրել է նաեւ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահը։ Այս առումով, կարծում եմ, ԼՂՀ իշխանությունները որեւէ խնդիր չեն կարող ունենալ», նշել է Վ. Աթանեսյանը։

Բաքվի այս հայտարարությունը գնահատելով այդ կերպ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նաեւ նշել է, որ զրոյական մակարդակը շփման գծում ստեղծված եւ շուրջ տասը տարի գոյություն ունեցող ստատուս քվոն է։

Վ. Աթանեսյանի խոսքերով, բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ԼՂՀ-ն պաշտոնապես չի մասնակցել, ուստի ձեռք բերված պայմանավորվածությունների կամ դրանց բացակայության համար ղարաբաղյան կողմը որեւէ պատասխանատվություն չի կրում։

«Ազգի» թղթակցի այն հարցին, թե կարելի՞ է արդյոք Բաքվի այս վերջին վերաբերմունքը դիտել իբրեւ զիջման միտում, Վ. Աթանեսյանը պատասխանել է, թե դժվար է որեւէ գուշակություն անել, դա դիվանագիտական վեճ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Իսկ եթե Ադրբեջանը նման ծանր պատասխանատվություն է ստանձնում, այսինքնՙ փորձում է չեղարկել անցած տասը տարվա միջազգային միջնորդների բոլոր ջանքերը, ապա դա իր խնդիրն է, եւ միջազգային հանրությունը պետք է դրանից համարժեք եզրակացություններ անի։

Վ. Աթանեսյանը նաեւ նշել է, որ այդ կարգի հայտարարությունները հաստատում են ավելի վաղ արված իր այն ենթադրությունը, թե ունենալով ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ ինքնահաստատվելու լուրջ խնդիրներ, Ադրբեջանի նորընտիր նախագահը ղարաբաղյան հարցում որդեգրելու է ավելի կոշտ դիրքորոշում։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4