«Քամու որդեգիրը» բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն բնության տարերքին ու նրա անընդհատական հոսքին խառնվածՙ բանաստեղծի ներքին աշխարհի անհանգիստ ու փոփոխուն վիճակների կրքոտ արտահայտություն է։ Ժողովածուի հեղինակը Լուսինե Գրիգորյանն է։ Զգացմունքների ու մտորումների «չափածոյագրված» տարածությունները բանաստեղծուհին փորձում է պեղել երկվությունների ու բազում անհայտների լաբիրինթոսներում.
«Գիշերը հանկարծ սլաք է թեքում դեպի մահադաշտ. /Բայց զորեղ ուժով քաշում եմ նրան դեպի կյանք. դեպի շունչ /Գիշերը ամեն, ամեն ինչ մաքրեց, /սրբեց ու փայլեց բրոնզե արքան»։
Իր դիտակետներըՙ աշխարհին նայելու մեկնակետերը, ելնում են հոգու նախասկզբնական, գոյութենական սկզբից, սակայն բանաստեղծական տեքստում արտահայտված են դեռեւս անմշակ, բայց անսքող պոռթկումի ձեւով։ Ինքն իր երազի մեջ ինքնաբավ էՙ գիշերը, քամու պտույտները, անձրեւի ոսկի շղարշները, կաթնագույն տենչերըՙ բնաթովչանքների ներշնչանքներում վերածվում են եդեմական սարսուռների։ Բանաստեղծուհին, ինչպես խմբագիր Արա Արթյանն է գրում ժողովածուն ներկայացնող խոսքում, «օժտված է տարերային, գրեթե վայրի տաղանդով»։
Այս տարերքն ու խռովքն ափեափ նետվող հոգու ծարավից է, որ կարիք ունի հաշտեցումների։ Եվ այդ խռովքը ծովի տարերքի պես մերթ հատակն է իջնում, մերթ բարձրանում է։ Բանաստեղծուհին որոնումների փորձության ճանապարհին է ու բանաստեղծությամբ է մեղմում այս ծարավըՙ այսկերպ հագուրդ տալով ներքին ծալ-ծալ կուտակումներին։ Դրանք պայքարի մեջ են եւ հաճախՙ հակասականՙ մերթ կյանքը, մերթ նրանից անդինը, մերթ սերն ու կարոտը, մերթ հիասթափություն-օտարացումը։ Հերթագայող ապրումների ներհոսքերը շարժուն են, արյան պես շրջանառու-տրոփունՙ բնութեամբ ներդաշն ու միաձայն, պանթեիստական բանաստեղծությանը բնորոշ արտահայտություն-զգացումներով.
Սարի մեղեդին արեւ կոչեցի, /Ու հողը պտղի թեւերը ծալեց, ինչպես կնքամայր։ /Նա ձեռքիս անմասն առավոտներից /Ցողեր հավաքեց։ /Ծաղկազարդ ծփին նա անվանեց /Կյանք։
Կամՙ
Մենակ չէ թրթիռը, նյարդն է զտվում այնտեղ։ /Ես մարդացել եմ տերեւի մեջ /Ու ծագման հետ։
Այս բնապաշտական զեղումները ժամանակակից կյանքի մետաղահունչ ռիթմերի հակադրությամբ եւ ընդվզումների միջոցով հաճախ ծնում են անկումային տրամադրություններՙ մենակության, մարդախուսության հուսահատություն.
Մի գնացեք, ձիեր մենակ եմ ձիեր /Նայեք քաղաքին, ո՞ւր է ձեր հոգին, /Կոմպյուտերները կատարում են ձեր ցատկը, /Դուք սլանում եք /Մեղուները լալիս են ծաղկաթմբերի վրա։ Կամ «Մարդկային ոտքից շողոքորթ լուսնի երեսը պոկեց, /Պաղ կաշին քանդեց, /Ու սառած ժանգի փշրանքը մաղեց մարդկանց ոստայնին։
Լուսինե Գրիգորյանը ծնվել է Գյումրիում, ավարտել է Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը, այժմ ապրում է Բոստոնում, թարգմանում է նաեւ անգլո-ամերիկյան դասական եւ ժամանակակից գրականություն։ Բանաստեղծուհու անդրանիկ ժողովածուն տպագրվել է երեւանումՙ «Վան Արյան» հրատարակչատանը։ Գրքի խմբագրի կարծիքով, բանաստեղծությունները բյուրեղացման, կատարելագործման ճանապարհին են, «որովհետեւ ոչ թե Լուսինեն է բանաստեղծությանն ընտրել, այլ բանաստեղծությունըՙ Լուսինեին»։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ