«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2004-02-18 | #28, 2004-02-19 | #29, 2004-02-20


ՏՐՈԼԵՅԲՈՒՍՆԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱՑՎԻ, ԻՍԿ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ԿԱԶԱՏՎԻ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ

Քաղաքապետը ներկայացրեց մայրաքաղաքի զարգացման քառամյա ծրագիրը

Կառավարությունը երեկ հաստատել է Երեւան քաղաքի 2004-2007 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրույթները։ Այս փաստաթուղթը լրագրողներին ներկայացրեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, որը նախ անդրադարձավ քաղաքաշինական ծրագրերին։

Մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ կլինի այս տարվա վերջին, եւս մեկ տարի էլ կշրջանառվի շահագրգիռ գերատեսչություններով եւ միայն 2006 թ. վերջնականապես պատրաստ կլինի։ Սակայն մինչ այդ կիրականացվեն հետեւյալ միջոցառումները։ Կենտրոն համայնքում նախատեսվում է վերակառուցել Գլխավոր պողոտան, 30-րդ թաղամասը (Տիգրան Մեծ- Խանջյան փողոցների հատման շրջակայքում), Կոնդ թաղամասը եւ Երեւանի գինու գործարանին կից տարածքը։ Կավարտվի Հրազդանի կիրճի բարեկարգումը։ Նախատեսվում է վերականգնել կոյուղին եւ կիրճի երկարությամբ ձգվող 4 կմ ճանապարհները։ Այս նպատակով կհատկացվի 954 մլն դրամ։ Վերոնշյալ 4 տարիների ընթացքում կիրականացվեն կամուրջների վերանորոգման, ասֆալտապատման, փողոցների լուսավորման աշխատանքներ։ Քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար կներդրվի մոտ 12 մլրդ դրամ։ Սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում այս տարի ընդհանուր առմամբ կներդրվի 30 մլրդ դրամ, որի գերակշիռ մասը մասնավոր ներդնողներից։ Սա առանց Հյուսիսային պողոտայի, որը կավարտվի 2006 թ.։

Մայրաքաղաքի բնակչությանը հուզող մյուսՙ հասարակական տրանսպորտի խնդրի առնչությամբ Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ առաջիկա 4 տարիներին կներկրվեն 560 մեծ տարողությամբ ավտոբուսներ։ Դրանցից 400 պետք է լինեն նոր, մնացածըՙ օգտագործված («Ռենո» մակնիշի)։ Քաղաքապետի հավաստմամբ, այս տարի միայն կներկրվեն 100 նոր եւ 40 օգտագործված ավտոբուսներ։ Իսկ Երեւանի պահանջարկն ամբողջովին բավարարելու համար անհրաժեշտ են 1500 ավտոբուսներ։ Մայրաքաղաքը հասարակական տրանսպորտի այս տեսակով հագեցնելու ծրագիրը խթանելու նպատակով երեկ կառավարությունը որոշել է մեծ տարողությամբ ավտոբուսների ներկրումը 5 տարով ազատել ավելացված արժեքի հարկի վճարումից։ Այս նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։

Տրամվայի խնդրին անդրադառնալով, Երվանդ Զախարյանը հերթական անգամ դրա գործունեության դադարեցումը պատճառաբանեց վնասաբեր եւ մաշված լինելով, նշելով, որ տրամվայի գործունեության եւ զարգացման համար անհրաժեշտ կլինեին մի քանի մլրդ դրամի ներդրումներ։ Իմիջիայլոց, նշենք, որ տրանսպորտի այս տեսակի վերականգնման անհրաժեշտությունը ապագայում կզգացվի եւ դրա համար ստիպված կլինենք վճարել շատ ավելի թանկ, քան հիմա։

Բարեբախտաբար, քաղաքապետը հայտնեց, որ տրոլեյբուսների գործունեությունը դադարեցնելու հարցը չի քննարկվում, ընդհակառակը, դրանց աշխատանքների ծավալները կավելացվեն։ Այս տարի նախատեսված է 20-30 տրոլեյբուս ներկրել։ «Ազգի» հարցին, թե արդյոք մի քանի տարի հետո չի՞ հայտարարվի, որ տրոլեյբուսներն էլ մաշված են ու դրանց շահագործելը վնասաբեր է եւ չի՞ նախատեսվում տրոլեյբուսների ներկրումը եւս ազատել ավելացված արժեքի հարկից, Երվանդ Զախարյանը պատասխանեց, որ տրոլեյբուսներ ներկրելը մեծ ծախսեր է պահանջում, մեկ նոր տրոլեյբուսն արժե 200 հազար դոլար։ Քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց նաեւ տրոլեյբուսների ներկրումը ավելացված արժեքի հարկից ազատելու առաջարկ ներկայացնել, եթե այդ գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող մասնավոր ընկերություն լինի։ Այդուհանդերձ, Երվանդ Զախարյանը որեւէ կերպ չանդրադարձավ ապագայում տրոլեյբուսների գործունեության դադարեցման հավանականության մասին մեր հարցի առաջին մասին։

Ինչ վերաբերում է նոր ավտոբուսներին, ապա դրանք այնքան էլ էժան չեն եւ արժեն մինչեւ 150 հազար դոլար։ Սակայն, ըստ քաղաքապետի, կան նաեւ ԱՊՀ որոշ երկրներում արտադրվող նոր մոդելի ավտոբուսներ, որոնք ավելի էժան ենՙ 90-100 հազար դոլար։ Իսկ արդեն օգտագործված ավտոբուսները եւ տրոլեյբուսները Երեւանում կշահագործվեն դեռեւս 7-10 տարի։

Մեր հաջորդ հարցն առնչվում էր մետրոպոլիտենին։ Նոր կայաններ չեն կառուցվելու։ Պետությունը դրա համար չունի անհրաժեշտ միջոցներ, իսկ մասնավորն էլ այստեղ ներդրումներ չի կատարի։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4