«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2004-02-18 | #28, 2004-02-19 | #29, 2004-02-20


ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿՈՐՈՇԻ ԴԱՏԱՐԱՆԸ

Կասյան 3 հասցեում գտնվող ՀԳՄ-ին պատկանող պոլիկլինիկան 40 տարի շարունակ անվճար սպասարկել է միության անդամներին, նրանց ընտանիքներին եւ միության աշխատակիցներին։ Այսօր միության մեջ ընդգրկված են շուրջ 400 գրողներ, նրանց մեծ մասը (մոտ 300) երեւանաբնակ է եւ օգտվում էր հիշյալ պոլիկլինիկայի ծառայություններից։ Եթե հաշվի առնենք, որ խորհրդային իշխանափոխությունից հետո գրողների զգալի մասը հայտնվեց սոցիալական դժվարին կացության մեջ (հիմնարկ-ձեռնարկությունների լուծարումների կամ կրճատումների պատճառով զրկվելով աշխատանքից, նաեւՙ գրքեր ավելի դյուրին տպագրելու հնարավորությունից եւ հոնորարներից), ապա կարելի է հասկանալ, որ այս եւ որեւէ այլ նման ծառայություն նրանց սոցիալական վիճակը թեթեւացնող հանգամանք ունի։

«Ազգն» օրեր առաջ տեղեկացրեց, որ այս տարվա հունվարի սկզբին Արաբկիրի թաղապետարանը ՀԳՄ ղեկավարությունից ծածուկ օբյեկտը վաճառել է աճուրդովՙ «մոռանալով» գրողների միությանը սեփականաշնորհման ժամանակ տեղյակ պահելու մեկ ամիս առաջվա խոստումը։ (Մեր օրերում նման օբյեկտների կամայական վաճառքը դարձել է սովորական երեւույթ)։ Եվ քանի որ գրողների միության ղեկավարությունը քանիցս դիմել է Արաբկիրի թաղապետարանինՙ օբյեկտը սեփականաշնորհելու պահանջ-ցանկությամբ եւ ստացել անորոշ, ձգձգվող պատասխանՙ չհասնելով որեւէ արդյունքի, նման գործարքից անակնկալի եկած իր բողոքն արտահայտել էՙ հարցը տեղափոխելով դատական հարթություն։

Տեղեկացանք, որ Արաբկիր-Զեյթուն-Քանաքեռ համայնքի առաջին ատյանի դատարանում ՀԳՄ հայցն ընդդեմ թաղապետարանի կլսվի մարտի 4-ին։ Հուսանք, որ մտավորական խավին սպասարկող այս մի օբյեկտը եւս չի խլվի եւ կվերադարձվի հին տիրոջը։

Օբյեկտն առայժմ փակ է, երկաթե դռներին պահպանված է «Պոլիկլինիկա» գրությունը, իսկ շենքի պատի հերթական հուշատախտակի հարեւանությամբ ցուցանակին փակցված է օբյեկտի նոր անվանումըՙ «Վլադգամս», «Ավիատոմսեր. Տուրիզմ»։

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4