Երեկ 8 հասարակական կազմակերպություններ հանդես եկան համատեղ հայտարարությամբ։ Ժուռնալիստների միությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Հայաստանի վաճառականներ», «Ֆեմիդա», «Հակաստվեր», «Զինվորի մայր» կազմակերպությունները, «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության, «Ասկլեպի» առողջության պահպանման կենտրոնները, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Սպառողների շահերի պաշտպանության միությունը տեղեկացրին «Ընդդեմ կոռուպցիայի» ոչ կառավարական կազմակերպությունների միության ստեղծման մասին։
Ներկայացնելով նախաձեռնող խմբի հայտարարությունը, «Հայաստանի վաճառականներ» կազմակերպության նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը նշեց, որ նորաստեղծ միությունը չի ունենալու ղեկավարություն եւ պարտադրանք, բայց համատեղ աշխատանքը լինելու է համակարգված։ Անդրադառնալով կառավարության ընդունած հակակոռուպցիոն ծրագրին եւ ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարինՙ Ցոլվարդ Գեւորգյանը կարծիք հայտնեց, որ հենց հասարակական կազմակերպությունները կառավարության առջեւ պետք է բարձրացնեն այն խնդիրները, որոնք չինովնիկը չի տեսնում։
«Հակաստվեր» կազմակերպության ղեկավար Վագա Ամիրխանյանը կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ համարեց թափանցիկության ապահովումը, որը պետք է արվի մամուլի միջոցով։
Բոլոր ելույթ ունեցողները նշեցին, որ ինչպիսին էլ լինի Հայաստանի կառավարության հակակոռուպցիոն ծրագիրը, «դրա բարելավման առավել արդյունավետ միջոցը իշխանությունների հետ արդյունավետ երկխոսությունն էՙ ուղղված ի շահ ողջ հասարակության արդյունավետ որոշումների ընդունմանը»։ Միության մեջ ընդգրկված կազմակերպությունները նաեւ ընդգծել են, որ իրենք զերծ են մնալու մերկապարանոց եւ ամբոխավարական հայտարարություններից եւ որոնելու են փոխզիջումային լուծումներ։
Ա. Մ.