«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2004-02-20 | #30, 2004-02-21 | #31, 2004-02-24


ԹԵՐԻ ԴԵՎԻՍԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Կիմ Գաբրիելյան

ԵԽԽՎ ղարաբաղյան հակամարտության գծով զեկուցող Թերի Դեւիսը երեկ ժամանեց Ստեփանակերտ։ Գիշերը տեղացած առատ ձյունը եւ ցերեկվա ընթացքում շարունակվող մառախուղը որոշ խմբագրումներ էին մտցրել այցի ժամանակացույցի մեջ, ուստի Թերի Դեւիսը Երեւանից տեղ հասավ համարյա օրվա վերջին։ Երեւանից նրան ուղեկցում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը։ Առաջին հանդիպումը կայացավ Շուշիումՙ գետաշենցի ու շահումյանցի փախստականների հետ։ Անգլիացի խորհրդարանականն ուշադրությամբ լսեց տնավեր եղած փախստականների պատմածներըՙ ըմբռնումով վերաբերվելով նրանց խնդիրներին։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Տ. Թորոսյանը հենց Շուշիում լրագրողներին տված ճեպազրույցում գնահատելով ԵԽԽՎ ներկայացուցչի այցը տարածաշրջան, մասնավորապես նշեց նաեւ, որ պետք չէ Թ. Դեւիսի զեկույցի հետ հույսեր կապել, քանի որ Ղարաբաղի հիմնահարցը ԵԽԽՎ-ն լուծել չի կարող, դա Մինսկի խմբի խնդիրն է։ Իսկ ահա ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի համար տվյալ դեպքում խնդիրն է թույլ չտալ, որ ԵԽԽՎ-ում թյուր կարծիք ստեղծվի Հայաստանի ու Ղարաբաղի վերաբերյալ։ Նա միաժամանակ կարեւորեց ԼՂՀ-իՙ ինքնակամորեն ժողովրդավարական արժեքներ որդեգրելու պատրաստակամությունը, ընդգծելով դրա դրական ազդեցությունը միջազգային հանրության ընկալումներում։ Ավելի ուշ, երեկոյան, տեղի ունեցավ հանդիպում ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի հետ, որից հետո Թ. Դեւիսին ընդունեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4