«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2004-02-21 | #31, 2004-02-24 | #32, 2004-02-25


ՃԻՇՏ ԸՄԲՌՆԵԼ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Թերի Դեւիսի հանդիպումները ԼՂՀ-ում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղարաբաղյան հարցով զեկուցող Թերի Դեւիսի այցը Լեռնային Ղարաբաղ տեւեց ընդամենը մեկ օր։ Փետրվարի 24-ի առավոտյան բրիտանացի խորհրդարանականը եւ նրան ուղեկցող խումբը Ստեփանակերտից մեկնեցին Երեւան։ Այդ ընթացքում Թ. Դեւիսը հասցրեց հանդիպել ինչպես հանրապետության ղեկավարության, այնպես էլ խորհրդարանական խմբակցությունների հետՙ ծանոթանալով նրանց տեսակետներին։ Ստեփանակերտ մտնելուց առաջ նա Շուշիում հանդիպել էր գետաշենցի եւ շահումյանցի փախստականների հետ, որի ընթացքում փախստականները դրել են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները վերադարձնելու հարցը, նշելով, որ իրենք չեն հաշտվի իրենց պատմական հայրենիքիՙ Գետաշենի ու Շահումյանի կորստի հետ ու մտադիր են վերադառնալ հայրենի օջախներ։

Դեւիսը փախստականներին խոստացել է ադրբեջանցի փախստականների հետ հանդիպմանը զուգահեռ, Բաքվում քննարկել Շահումյանի շրջան այցելելու եւ տեղում իրավիճակին ծանոթանալու հարցը։ ԼՂՀ-ում գտնվելու ընթացքում նա ցանկություն չի հայտնել լինել այսպես կոչված գրավյալ տարածքներում։ Ըստ երեւույթին, դա բացատրվում է Բուդապեշտում օրերս ադրբեջանցի սպայի կողմից հայ սպային սպանելու կապակցությամբ ստեղծված լարվածությամբ։

Շուշիում փախստականները պատրաստակամություն են հայտնել Թ. Դեւիսին տրամադրել փաստացի նյութեր ավելի քան 700 հայ քաղաքացիների վերաբերյալ, որոնք 1991-92 թթ. Գետաշենի ու Շահումյանի բռնազավթման ժամանակ պատանդ են վերցվել ադրբեջանական օմոնի կողմից եւ, ըստ վստահելի աղբյուրների, ներկայումս գտնվում են Աղդաշի շրջանում տեղակայված համակենտրոնացման ճամբարում։ Թ. Դեւիսին է տրամադրվել այդ մարդկանց ցուցակը։ Վերջինս խոստացել է ինչպես Ադրբեջանի իշխանությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների միջոցով ճշտել այդ տեղեկատվությունը։

ԼՂՀ նախագահի հետ հանդիպումից հետո Թ. Դեւիսը լրագրողներին մասնավորապես հայտնել է, որ ինքը տարածաշրջան չի եկել հանդես գալու որպես միջնորդ, այլ եկել է զեկույց գրելու, թե ինչ է արվում, որպեսզի խնդիրը լուծվի։ Նրա հավաստմամբՙ Եվրոպայի խորհրդին հուզում է այն հարցը, թե ինչո՞ւ Եվրոպան ցայսօր բավարար ուշադրության չի արժանացրել այդ հարցը։ Հարավային Կովկասը Եվրոպայի մի մասն է, եւ Եվրոպայի մյուս մասերը պետք է տվյալ խնդրի վրա ուշադրություն դարձնեն, որովհետեւ իրենց վրա էլ է դա ազդում։ Նա ավելացրել է, որ ինքը հայ փախստականներից շատ ահավոր պատմություններ է լսել, որոնք համարյա իրար նման են ու կրկնվում են։ Նման սարսափելի իրադարձությունների կրկնությունից խուսափելու համար պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել ամեն ինչին։ Մարդիկ, Թ. Դեւիսի խոսքերով, պետք է հավասար վերաբերմունք ստանան։ Նա միաժամանակ ընդգծել է, որ իրեն չեն կարող որեւէ կողմի նկատմամբ կողմնակալության մեջ մեղադրել։

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, շատ կարեւոր համարելով Թերի Դեւիսի այցը Ստեփանակերտ, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նշել է, որ ինքն այն տպավորությունն ունի, թե որոշ հարցերի պատասխան պարոն Դեւիսը տեղում ստացել է։ Շեշտադրելով Բաքվի հետ բանակցելու ղարաբաղյան կողմի շահագրգռվածությունը, ԼՂՀ նախագահն այն տեսակետն է հայտնել, որ լսելով իրենցՙ Դեւիսը հասկացավ, թե ինչու է Ադրբեջանը խուսափում է բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ։ Այսինքնՙ բանակցային գործընթացում շատ կարեւոր է հանդես գալ առանց նախապայմանների, ինչը միշտ պնդում են ԼՂՀ իշխանությունները։ Ա. Ղուկասյանի կարծիքովՙ ԼՂՀ իշխանություններին հաջողվել է ներկայացնել իրենց տեսակետը, որը պետք է անպայման իր արձագանքն ունենա։ Բնական է, որ Լեռնային Ղարաբաղը ձգտում է անկախության եւ փորձելու է պաշտպանել այդ անկախությունը ցանկացած միջազգային ատյանում։

Ի՞նչ նոր տպավորություններ կստանա Թերի Դեւիսը Երեւանում եւ Բաքվում ունենալիք հանդիպումներից։ Թվում է, նրա իսկ խոսքերովՙ անկողմնակալ լինելու դեպքում, ղարաբաղյան կողմի ներկայացրած կռվանները անպայմանորեն ծանրակշիռ են լինելու։ Իսկ հիմնահարցի ճիշտ ըմբռնումը միայն կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել խնդրի վերջնական եւ արդարացի լուծման համար։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4