«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2004-02-21 | #31, 2004-02-24 | #32, 2004-02-25


ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ

Հարաբերական լռությունը ճաք տվեց

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Նախանցած գիշեր, լուսադեմին մոտ (ժամը 5.30-ի սահմաններում) «Հանրապետություն» կուսակցության Շենգավիթի տարածքային կազմակերպության ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի տունը շրջապատել է ոստիկանության զինված խումբը։

Առավոտյան ժամը 9.30-ին ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին այս մասին տեղեկացրել է «Հանրապետություն» կուսակցության լրատվական ծառայության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։ Ալբերտ Բազեյանի, Սմբատ Այվազյանի, Վարդան Մկրտչյանի հետ Վ. Դալլաքյանը մեկնել է դեպքի վայր։ Ինչպես նկարագրեց «Միասնություն» խմբակցության քարտուղարը, ոստիկանների մեջ նաեւ ավտոմատավոր մարդիկ են եղել։ Խնդրել է ներկայանալ, ովքե՞ր են, ինչո՞ւ են եկել, բայց հրաժարվել են ներկայանալ։ Միայն բացատրել են, թե իբր տարածքն են զննում։ Թե ինչպիսի՞ զննում եւ ի՞նչ նպատակով, չեն ասել։ Պատգամավորը «հետաքրքրվում» է. «Բա ինչի՞ Կիրովականում էլ զննում չեք անում»։ «Այդպիսի բանՙ տարածքի զննում, գոյություն չունի, նույն ձեւով կարող են ավտոմատներով մտնել «Ազգ»-ի խմբագրություն եւ ասել, թե տարածքի զննում ենք անում։ Բնակիչներն էլ լեղաճաք էին եղել, շենքը շրջապատել էին, ճիշտ ոնց որ 33 թվականը Մյունխենում։ Եկել էին, որ էդ տղուն բռնեն (խոսքը տարածքային կառույցի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի մասին է- խմբ.), այսինքնՙ անօրինական գործողություններ են կատարում, որեւէ գրավոր թուղթ այդ գործողության կատարման վերաբերյալ չի ներկայացվել», մեկնաբանեց նա։

Հետո, ավելի ուշ հայտնի է դարձել, որ կալանվել է Ռոմիկ Մխիթարյանի տեղակալը։

«Օպերացիան» նկարահանող հեռուստաալիքների օպերատորներից մեկի վկայությամբ ոստիկանները ջարդուխուրդ են արել տարածքային կառույցի ղեկավարի ավտոտնակը, խորդանոցը։ Սակայն նրանց չի հաջողվել ձերբակալել Ռոմիկ Մխիթարյանին։

Այլ աղբյուրների համաձայնՙ երեկ ողջ օրվա ընթացքում ձերբակալությունները շարունակվել են։

Իբրեւ պաշտոնական տեղեկատվություն «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը մեր թերթին փոխանցեց հետեւյալը. «Ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մոտենում են «Հանրապետություն» եւ ՀԺԿ կուսակցությունների տարածքային կառույցների ղեկավարներին եւ վախեցնում ու ահաբեկում են, թե գործ չունեք, միտինգներ միք անի։ Ձերբակալությունների դեպքերը այդ ահաբեկումների արտահայտությունն են։ Այսինքն, միտինգային շարժումը հոգեվարքի մեջ է գցել իշխանություններին»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4