Արդեն երկու շաբաթ Ստեփանակերտում թերթեր լույս չեն տեսնում։ Խոսքը տարբեր պարբերականություն ունեցող այն տասներկու թերթերի մասին է, որոնք տպագրվում են Ստեփանակերտի «Պոլիգրաֆ» ՊՓԲԸ-ում։ Պատճառը RO-62 տպագրական մեքենայի խափանումն է։ Այս ձեռնարկությունն Արցախի հիմնական լրատվամիջոցների միակ սպասարկուն է։
Տպարանի գործադիր տնօրեն Վ. Աթաջանյանի խոսքերով, հավանաբար նորոգումները կտեւեն եւս մեկ շաբաթ։ Նոր տպագրական մեքենա տեղադրելու մասին խոսք լինել չի կարող, քանի որ ձեռնարկությունն ի վիճակի չէ նորը գնելու։ Իսկ շուրջ 15 տարի գործող այս մեքենան ԼՂ հատուկ կառավարման կոմիտեի երբեմնի նախագահ Արկադի Վոլսկու նվերն է, որը Մոսկվայի կողմից 1989 թ. Ղարաբաղում նշանակվել էր փաստացի ղեկավարՙ փոխարինելով ինքնավար մարզի օրինական իշխանությանը։
Լույս կտեսնե՞ն արդյոք թերթերը մեկ շաբաթ հետո. լրատվամիջոցների պատասխանատուներն այս առումով մտահոգություններ դեռեւս ունեն։ Եթե տպագրական մեքենայի նորոգման ժամկետը երկարաձգվի, չի բացառվում, որ որոշ թերթեր ժամանակավորապես հրատարակվեն Երեւանում։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ