«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2004-02-25 | #33, 2004-02-26 | #34, 2004-02-27


ՍԽԱԼԸ ՁԵ՛Ր ՄԵՋ ՓՆՏՐԵՔ

Վերջ տանք հայկական բանակը վարկաբեկելու միտումներին

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ հանդիպել է հայ ուսանողներին եւ տեղի տալով ապագա հանճարեղ մեր գիտնականներին, որոշել. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարությունը հետ է կանչում։ Վարչապետն իր դժգոհությունն է հայտնել կառավարության անդամներինՙ օրենքի նախագիծը ժամանակին եւ պատշաճ կարգով հասարակությանը չներկայացնելու, լայն լսումներ, քննարկումներ չձեռնարկելու համար, որի հետեւանքով նախագիծը չէր արժանանա սխալ մեկնաբանությունների եւ հակասական գնահատականների։

Քանի դեռ Հայաստանում իշխանությունները ժողովրդի շրջանում չեն վայելում նվազագույն վստահություն, ամեն մի օրենքի նախագիծ կարող է արժանանալ «Զինապարտության մասին» օրենքի ճակատագրին։ Անշուշտ, վարչապետը կարող է դժգոհ լինել եւ մեղքը բարդել կառավարության անդամների վրաՙ օրենքի նախագիծը «պատշաճ կարգով հասարակությանը չներկայացնելու, լայն լսումներ, քննարկումներ չձեռնարկելու» պատճառաբանությամբ։

Այսօրվա հայ հասարակությունը չի վստահում երկրի իշխանություններին։ Եվ քանի դեռ իշխանությունները չեն ձեռնարկում քայլեր, անգամ անարդար ընտրություններից հետո ինչ-որ չափով վերագտնելու հավատը, նրանք հետագայում էլ կանգնելու են լուրջ դժվարությունների առաջ։ Լավագույն օրենքի նախագծի դեպքում անգամ։ Քանի որ ժողովրդի շրջանում վստահության որեւէ պաշար չունեցող կառավարությունը, նախագահ Քոչարյանը կարող են իրենց դեմ հանել ժողովրդինՙ սրանից բխող բոլոր հետեւանքներով։

Հավանաբար այս «հետեւանքները»ՙ ներքին եւ արտաքին խարդավանքների հավանականությունը հաշվի առնելով կառավարությունը տեղի տվեց մեր «ապագա հանճարների» առաջ։ Հայկական բանակում ծառայել չցանկացող (ուսանողության «փորացավը» սա էր) ուսանողությունը եւ «դասալիքներին» ամեն կերպ աջակցող մեր հայրենասեր ընդդիմությունը վերջին օրերին հեռուստաէկրաններից եւ հրապարակավ ուղղակիորեն վարկաբեկում էին հայկական բանակըՙ երրորդ հանրապետության ամենալուրջ ձեռքբերումը։ Նախօրեին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին սուլոցներով ընդունող ուսանողները հարցնում էինՙ ինչո՞ւ պետք է գիտնականը ծառայի բանակում, ոչ թե գիտությամբ զբաղվի։ Նախարարի պատասխանը տրամաբանական էր եւ արդարացվածՙ այդ դեպքում ինչո՞ւ պետք է նկարիչը ծառայի բանակում, չէ՞ որ չի կարելի նկարչությունն ընդհատել, ինչո՞ւ պետք է երաժիշտը, մանկավարժը ծառայեն բանակում, չէ՞ որ նրանց աշխատանքն էլ չի կարելի կիսատ թողնել, բայց այդ դեպքում ո՞վ է այս երկիրը պահելու։

«Զինապարտության մասին» օրենքն ԱԺ-ից հետ կանչվեց ճիշտ ժամանակին, գուցե մի քանի օր ուշացումով։ Խնդիրը բոլորովին էլ այն չէՙ նախագիծը վատն էր կամ թերի։ Պարզապես «դասալիք» ուսանողության բողոքը կարող էր պատճառ դառնալ ներքաղաքական լուրջ ցնցումների։ Մանավանդ որ ուսանողությանը պաշտպանող Շավարշ Քոչարյանը, Արամ Սարգսյանը, մյուս ընդդիմադիր գործիչներն ու կուսակցությունները, միջակության սահմանը չհատող եւ մարտնչող որոշ հայ մտավորականներ պատրաստ էին «դասալիքներից» վերցնել էստաֆետը։ Այժմ, երբ արդեն օրենքի նախագիծն այլեւս շրջանառության մեջ չէ, ընդդիմությունը զրկվեց այն իր քաղաքական շահերին ծառայեցնելու հնարավորությունից։

Մյուս կողմիցՙ ժողովրդի վստահությունը չվայելող իշխանություններն ընդդիմության համար ստեղծեցին նախադեպ. այսուհետեւ նմանօրինակ, ժողովրդի որոշ շրջանակի անմիջական շահերին առնչվող օրինագծերը թերեւս արժանանան նույն ճակատագրին։ Ընդդիմությունը, որ իշխանություններից իր գործելակերպով եւ ժողովրդին տված ծառայություններով չի տարբերվում եւ որոշ դեպքերում ավելի անտանելի է, քան իշխանությունը, դեմ է դուրս գալու օրենքի նախագծերինՙ դրանք համարելով հայ ժողովրդի շահերին հակասող։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4