ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ՓԵտրվարի 28-ին Սումգայիթի զոհերի հիշատակին կազմակերպված միջոցառումը վերջին տարիներին աննախադեպ էր բողոքի ակցիայի մասնակիցների թվով։ Բոլոր ցուցապաստառներն էլ դատապարտում էին 20-րդ դարավերջին Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ կատարված ոճիրը։
Մինչ հանրահավաքն սկսվելը, մայրաքաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների եւ կրթօջախների ներկայացուցիչների խմբերը ծաղիկներ դրեցին սումգայիթյան զոհերի հիշատակին կառուցված հուշաքարին։ Ծաղկեպսակներ դրեց նաեւ կառավարական պատվիրակությունըՙ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ։
Հանրահավաքը բացեց ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Արմեն Սարգսյանը։ Դարավերջի եղեռնը դատապարտող ելույթներով հանդես եկան Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, «Հայկի սերունդ» ԵՀԿ նախագահ Արմինե Պետրոսյանը, ուրիշներ։ Նախարար Արմեն Սարգսյանը հանրահավաքի մասնակիցների անունից կարդաց դիմումՙ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ-ին, Եվրամիությանը, Եվրախորհրդին եւ գերտերությունների ղեկավարներին։ Կոչ-դիմումը բովանդակում էր պահանջՙ Սումգայիթի ոճրագործությունը ճանաչել որպես ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ եւ քաղաքական գնահատական տալ դրան։
Հանրահավաքից հետո ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես նշեց, որ Սումգայիթը համոզումն է այն բանի, որ Արցախը չպիտի դառնա Ադրբեջանի մաս։ Միջազգային հանրությունը գնահատական չտալով այդ ոճրագործությանըՙ մեծ պատասխանատվություն է վերցնում, իսկ հայտնի է, որ չպատժված ոճիրը նոր հանցագործություններ է ծնում։ Դա հաստատեց Բուդապեշտում հայ սպայի դաժան սպանությունը ադրբեջանցի սպայի կողմից։ Չկա հանցավոր ժողովուրդ, այլ կա հանցավոր իշխանություն. այս կերպ գնահատելով Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքը, Ա.Ղուկասյանը նաեւ նշեց, որ ինքը համամիտ է այն տեսակետին, որ պիտի մոռանալ անցյալն ու մտածել ապագայի մասին, սակայն հանցագործները պետք է ընդունեն իրենց հանցանքը, այսինքնՙ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ճիշտ գնահատական տալ Սումգայիթի ողբերգությանը։
ԼՂՀ նախագահն անդրադարձավ նաեւ օրերս տեղի ունեցած սահմանային միջադեպին, երբ ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձել էր անցնել սահմ անը եւ ստացել համարժեք պատասխան։ Ա.Ղուկասյանը դա որակեց որպես հակահայկական քարոզչության հետեւանք։ Նրա խոսքերով, Ադրբեջանում իշխանությունների մեղքով ստեղծվել է հայ մարդուՙ իբրեւ թշնամու կերպարը, որը թշնամական տրամադրություն է ստեղծում ադրբեջանցիների մեջ։ Նման մթնոլորտում ե՛ւ բուդապեշտյան ոճիրը, ե՛ւ սահմանային միջադեպերը միշտ էլ սպասելի են։