Քաղաքապետարանի պաշտոնյաներն ամեն երկուշաբթի հանդիպում են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Այս անգամ քաղաքապետն էր որոշել ներկայացնել համաքաղաքային նշանակության այն խնդիրները, որոնք նախանշվել են Երեւանիՙ 2004 թվականի զարգացման հիմնադրույթներով, եւ որոնք բազմիցս ներկայացրել ենք։
Հանդիպման նորույթը, թերեւս այն էր, որ Երվանդ Զախարյանը որոշել էր պատմել Ռուսաստանի մայրաքաղաք կատարած այցի արդյունքների մասին։ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ նախ քննարկել են 2003 թվականի համագործակցության արդյունավետությունը, եւ իբրեւ հանդիպման նպատակ ու առաքելություն, նախանշվել է այս տարվա համատեղ ձեռնարկների ուղղվածությունը։ Երեւանի համար էական է լինելու շինարարական նոր տեխնոլոգիաների ներդրումը, այնպիսիք, ինչ այսօր կիրառվում են Մոսկվայում։
Մեր քաղաքաշինարարները Երեւանում շարունակում են որոնել կառուցապատման չենթարկված տարածքներ։ Ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Կենտրոն համայնքը։ Երվանդ Զախարյանի հավաստմամբ, սպասվում է, որ մարտին մոսկվացի գործարարներ կայցելեն Երեւան։ Նրանց կներկայացվեն կառուցապատման ենթակա հատվածները, այն էՙ Գլխավոր պողոտայի երկու կողմերըՙ Խանջյան փողոցից մինչեւ Կենտրոնական փոստատուն, բազմաչարչար Կոնդ թաղամասը, հանրահայտ «ֆիրդուսնոցը», Պուշկինի այգու, Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքները։ Առայժմ քննարկումների ենթակա է, թե ինչ սկզբունքով են իրականացվելու հողահատկացումները։ Նպատակը, իհարկե, դարձյալ ներդնողներ հրապուրելու ակնկալիքն է։ Համայնքի նշված հատվածներում հիմնականում պատմության գիրկն անցնող հին Երեւանի կիսախարխուլ տներն են։ Նոր Երեւանի կերպար ստեղծելը, եւ մանավանդ բնակիչներին ավերակներից ձերբազատելը, աստվածահաճո գործ է, եթե, իհարկե, կառուցապատումների ընթացքում կանաչի ու ծառերի նոր ավերածություններ չլինեն։ Այն, ինչ քաղաքաշինական պատուհաս ու ողբերգություն դարձավ երեւանցիների համար այս տասնհինգ տարիների ընթացքում։
Ծրագրային համագործակցության երկրորդ որոշիչը կդառնա բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոնի ստեղծումը եւ Երեւանում, եւ Մոսկվայում։ Այս տարի հայ արվեստագետների ու ստեղծագործողների ցուցահանդեսներն ու համերգները, մշակութային գործիչների այցելությունները Մոսկվա ավելի հաճախ կլինեն։
Մեր քույր քաղաք Մոսկվայի հետ համագործակցությունը կշարունակվի նաեւ կոմունալ տնտեսության կառավարման, առողջապահության, դարձյալ քաղաքաշինության ասպարեզներում։ Դա կարտահայտվի գլխավորապես վերապատրաստվող մասնագետների փոխանակմամբ։
Այցելության օրերին երկու մայրաքաղաքների առեւտրաարդյունաբերական պալատների նախաձեռնությամբ Մոսկվայում կազմակերպվել է բիզնես-ֆորումՙ հանդիպում, ուր ներկայացվել են մեր հանրապետության տարբեր ձեռնարկությունների 60 արտադրանմուշներ։ Ըստ քաղաքապետի, այս միջոցառումը ապրանքաշրջանառության ծավալները զորացնելու նպատակ ունի։ Արդեն իսկ, անցած տարվա համեմատ ապրանքաշրջանառության 40 տոկոս աճ է արձանագրվել, եւ դա շնորհիվ նաեւ այսօրինակ ձեռնարկումների։
Ուշագրավ է մեկ այլ պայմանավորվածություն եւսՙ Մոսկվայի քաղաքապետարանը հող է հատկացրել Երեւանինՙ այստեղ մեծածախ առեւտրի կենտրոն կառուցելու համար։ Ռուսաստանի մայրաքաղաքում մեծ է հայկական գյուղատնտեսական ապրանքների պահանջարկը, եւ կենտրոնը, հավանաբար կլինի առավելապես գյուղատնտեսական մթերքների մեծածախ շուկա։
Հիշեցնենք, որ նման կենտրոն Երեւանում կառուցելու ձեռնարկումը տարիներ առաջ հաջողությամբ տապալվեցՙ չնայած ծախսված հսկայական գումարներին։ Եվ առեւտրաշրջանառության, գյուղմթերքի իրացման, վերջապես գյուղացուն իր աշխատանքի արդյունքին տեր դարձնելու կոչված այսպիսի կարեւոր կառույց հիմնելու խնդիրն այսօր էլ անորոշ է։
Այցի օրերին հենց Մոսկվայի կենտրոնում, Բրյուսովի անվան նրբանցքում տեղադրվել է Արամ Խաչատրյանի հուշաքարըՙ հետագայում այստեղ հուշարձան տեղադրելու հեռանկարով։
Մոսկվայի քաղաքապետի հետ ուրվագծվել է նաեւ 2005-2007թթ. համատեղ աշխատանքների ուղղվածությունը։
Տարեվերջին կամ 2005 թվականի սկզբներին սպասվում է Յուրի Լուժկովի այցը Երեւան։
Լրագրողների հետ հանդիպման գլխավոր խնդրից զատ քաղաքապետը անդրադարձավ նաեւ երեւանյան խնդիրների, մասնավորապես փողոցային կամ գետնի վրայի վաճառքը վաճառադարակների վրա տեղափոխելուն։ «Բացօթյա վաճառքը Երեւանում չի վերացվի, շեշտեց Երվանդ Զախարյանը, հարցի էությունը, դրա կանոնակարգումն է»։ Նա խոստացավ, որ գյուղմթերքների ակտիվ վաճառքի շրջանում արդեն, բացօթյա առեւտուրը քաղաքակիրթ տեսք կստանա, բացառությամբ, թերեւս, «Գումի» շուկայի հարակից տարածքի։ Հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը շուկայի հիմնանորոգում է կատարում, եւ բացօթյա առեւտուրը այստեղից կանհետանա, ըստ քաղաքապետի, միայն մայիսի վերջերին։
Այս պահին գետնամերձ առեւտրից ազատագրման աշխատանքներ են ընթանում Կոմիտասի, Զեյթունի շուկաների հարակից հատվածներում։
Մեր դիտարկումներով, սակայն, միջոցառման ձեռնարկումից ի վեր ամենեւին տեղաշարժեր չեն նկատվում հատկապես Երեւանի կենտրոնական հատվածներում։ Եվ Աբովյան փողոցը, եւ «Այրարատ» կինոթատրոնի մերձակա տարածքները առաջվա պես լի են փողոցային առեւտրականներով ու սննդի տեսականիով։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ