Գոնե նրանց դա կհաջողվի՞
Կանանց միջազգային օրվաՙ մարտի 8-ի կապակցությամբ «Կանանց հանրապետական խորհուրդը» երեկ կլոր սեղան էր հրավիրել, որին մասնակցում էին կանանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կառավարության անդամներ, փորձագետներ։ Կառավարության մշակած «Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման եւ հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թթ. ծրագիրը» դեռ չի հաստատվել, սակայն խորհուրդն արդեն երկրորդ քննարկումն է անցկացնում։ Ի տարբերություն առաջինի, որին մասնակցում էին քաղաքական կուսակցությունների կին ներկայացուցիչները, երկրորդ քննարկումն ավելի մեղմ էր, առանց պաթետիկ խոսքերի, հավակնոտ ելույթների։ Այս անգամ էլ ներկայացվեց Հայաստանի կանանց վիճակի վերլուծությունը, որից հետո խոսվեց գենդերային հավասարակշռության հասնելու քաղաքականության, խաղաղասիրական գործընթացներում կանանց մասնակցության եւ այլ հարցերի մասին։
Նախորդ ծրագրի (1998-2000 թթ.) տապալումից հետո կին հասարակական գործիչները որոշել են միաբանվել, որպեսզի կառավարության մշակած այս ծրագիրն էլ չդառնա ձեւական ու անպտուղ։ Նրանք լավ գիտեն, որ կանանց նկատմամբ մեր քաղաքական գործիչների ցուցաբերած բարեհաճության տակ թաքնված են խորապես արմատացած անվստահությունն ու քմահաճությունը։ Մինչդեռ հենց խոհեմությամբ աչքի ընկած կանայք են ընդունակ իրականացնելու կրթական բազմազան ծրագրեր, բարձրացնելու հասարակության քաղաքական գիտակցությունը, նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
Վերջին հարցին անդրադառնալիս կլոր սեղանի մասնակիցները մտահոգություն հայտնեցին Հունգարիայում տեղի ունեցած արյունալի դեպքից հետո ադրբեջանական մամուլում հրապարակված նյութերի համար, որոնք ոչ թե դատապարտեցին, այլ սատարեցին մարդասպանին։ Կանայք առաջարկեցին, որ մեր մամուլում զգացմունքային հրապարակումների փոխարեն տեղ գտնեն վերլուծական բնույթի զուսպ հոդվածներ, որպեսզի հասարակության մեջ ատելության կրքեր չբորբոքվեն։ «Մենք տանուլ ենք տալիս տեղեկատվական դաշտում, մինչդեռ տեղեկատվությունն ամենահզոր զենքն է։ Այս խնդիրը մեծ աշխատանք է պահանջում, իսկ մեր կառավարությունը բավարարվում է միայն պետական մակարդակի բանակցություններ վարելով։ Միջազգային տարբեր համաժողովներում հայերին որպես զավթիչներ որակելու նպատակով ադրբեջանցիները ցուցադրում են ֆիլմեր, բաժանում գրքեր ու բրոշյուրներ։ Եվ դա նրանց հաջողվում է, քանի որ ձեւավորվում է հասարակական կարծիք հօգուտ իրենց», ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը։
Քննարկման վերջում տարբեր կարծիքներ հնչեցին մարտի վերջին Վրաստանում կայանալիք «Հարավային Կովկասում խաղաղասիրական գործընթացներում կանանց դերի բարձրացմանը» նվիրված համաժողովին հայ կանանց մասնակցության վերաբերյալ։ Հայաստանից հրավիրված են 15 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնցից շատերը մտավախություն ունեն, թե ադրբեջանցի կանայք համաժողովի ժամանակ հանդես կգան սադրիչ հայտարարություններովՙ ներկայիս լարվածությունն էլ ավելի շիկացնելու միտումով։ Տկն Հասրաթյանն առաջարկեց հրաժարվել մասնակցելուց, քանի որ Ադրբեջանի ոչ մի հասարակական կազմակերպություն չդատապարտեց Հունգարիայում տեղի ունեցած ահավոր սպանությունը։ Եղան նաեւ այլ կարծիքներ։
Ռ. Պ.