«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2004-03-03 | #38, 2004-03-04 | #39, 2004-03-05


ՀԱՅԿԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ ՌՈՒՍԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ

Թեքեյան մշակութային միության կազմակերպած համերգը նվիրված կանանց

Խորհրդային տարիներից մեզ փոխանցված կանանց միջազգային տոնըՙ Մարտի 8-ը, սովորութային խոր արմատներ է ձգել, եւ այսօր էլ հաճույքով շարունակում ենք նշել։ Թերեւս սա պայմանավորված է տոնի խորհուրդներով, որպես գարնան առաջին տոնի եւ կանանց նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքի օր։

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը Մարտի 8-ի տոնի առիթով կանանց շնորհավորանքները սկսեցին մի փոքր վաղ։ Երեկ դեսպանատան համերգային դահլիճում Հայաստանում ՌԴ դեսպանության նախաձեռնությամբ եւ Թեքեյան մշակութային միության կազմակերպությամբ տեղի ունեցավ տոնական համերգ։ Դեսպանըՙ Անատոլի Դրյուկովը զգացմունքային, շատ գեղեցիկ խոսքեր հղեց դահլիճում նստած հանդիսականինՙ գարնանային երեւանյան օրվա սքանչելի թեթեւությամբ, եւ համաձայն էլ չէր ընդունված այն կարծիքին, թե տղամարդիկ տարվա մեջ միայն մեկ օր են կանանց շնորհավորում կամ հատուկ ուշադրություն դարձնում։ Իհարկե, հայ կանայք այս առիթով էլ շահեկան վիճակում են, քանի որ այստեղՙ Հայաստանում երկու տոն նվիրված է կանանց։

Պրն դեսպանն ամենաջերմ ու ամենալավ մաղթանքներն ուղղեց կանանց, որ նրանք իրենց հոգում արեւ ունենան ու դեմքին ժպիտ, որ սիրվեն ու սիրված լինեն, բարի զգացմունքներ ու հույզեր կրեն, շրջապատված լինեն լավ մարդկանցով։ «Գարունն այս տարի ավելի քան բարեհաճ է իր վաղ գալստով եւ սա հատկապես կնոջ համար է, որովհետեւ կինը եւ գարունը (մարդ, բնություն) նույնն են ըստ էության։ Կինը կյանքի շարունակելիության խորհուրդն է կրում»։ Ահա այս առիթով էր դեսպանատան համերգասրահը սովորականից ավելի տարբեր համերգ հյուրընկալել։ Անսովոր այն առումով, որ դասական կամ ռուսական երաժշտություն էր սովորաբար հնչել դահլիճում, իսկ ահա երեկՙ միայն հայկական ժողովրդական երգն ու երաժշտությունն էր թագավորում ռուսական դեսպանատան կամարների ներքո։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին եւ կազմակերպիչներինՙ ի դեմս Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանի։

Համերգային ելույթը սկսեցին Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ժողովրդական գործիքների նվագախումբըՙ դոցենտ Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ։ Հնչած երգերը (Գուսան Շերամՙ Հայրենյաց քաջեր) հայրենասիրական, զգացմունքային վարպետ կատարմամբ, ոգեւորեցին հանդիսականին։ Ելույթ ունեցան միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Մայիլյանը (Կոմիտասՙ «Կանչե կռունկ», «Անտունի»), Անժելա Աթաբեկյան (Էշխեմեդ, ռուսական ժողովրդական երգերի, պոպուրի), Աննա Սարգսյան (հայկական ժողովրդական պարեղանակներ)։ Համերգը եզրափակեց միջազգային մրցույթների դափնեկիր «Բերդ» պարային համույթըՙ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Գեւորգյանի ղեկավարությամբ։ Հայկական ժողովրդական երգի ու պարի, ազգային մեր երաժշտական մշակույթի այս ներկայությունը Ռուսաստանի դեսպանատանն իրոք անակնկալ էր շատերի համար, որոնք սա ընդունեցին իբրեւ հաճելի նորույթ։ Այս զուտ հայկականությունը մի քիչ անսովոր էր (գուցե տարօրինակ թվա) նաեւ ինձ համար։ Այս ընթացքում, խառնակ օրերի ու մշակույթների բարդ հոլովույթներում, կարծես մոռացության էր տրվել մերը։ Վաղուց նման ամբողջական երեկոՙ նվիրված հայ երգարվեստին չէր կազմակերպվել, մեզանից ասես օտարվել էր մերը, ու այս դահլիճում կարոտի նման զգացում արթնացավ, ասես օտար երկրում վաղուց չլսված-չհաղորդակցված քո հարազատին ես գտնում։

Հրաշալիորեն կազմակերպված համերգ-երեկոնՙ շնորհալի, տաղանդավոր կատարումներով, եւ գեղեցիկ արվեստով վերադարձ ու նաեւ կարոտ էր, որ հաճելի պահեր պարգեւելով ներկաներինՙ մեկ անգամ եւս սեփական մշակույթը սիրելու ու գնահատելու առիթն ընձեռեց նաեւ մեզ։

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4