«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2004-03-06 | #41, 2004-03-10 | #42, 2004-03-11


ԱՆՀԱՏԱԿԱՆ ՔԱՐՏԵՐ ՍՏԱՆԱԼԸ ՄԵՂՔ Է, ՀՐԱԺԱՐՎԵԼԸՙ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ

Ի՞նչ անել

«Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորումը համառորեն շարունակում է պայքարել ՀՀ կառավարության ընդունած «Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքի դեմ, որը կսկսի գործել այս տարվա հուլիսի 1-ից։ Մեկ ամիս առաջ հրավիրած մամուլի ասուլիսում միավորումն անընդունելի համարեց նման օրենքի առկայությունը մեր երկրում, նշելով դրա խիստ վտանգավոր լինելը պետական անվտանգության, կրոնական, ազգային, մարդու իրավունքների ոտնահարման ու բարոյական տեսանկյուններից։ Երեկ նույն դահլիճում վերստին հավաքվել էին նույն օրենքից դժգոհ գրեթե նույն հուզված դեմքերը, որոնք օրենքը կասեցնելու իրենց վերջին հույսերը կապում են Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, որին հենց երեկ ուղարկել էին 4 էջանոց նամակ։ Խաչիկ Ստամբոլցյանն անհասկանալի համարեց Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը, որովհետեւ վերջինս խուսափում է հավատացյալներին բացատրություններ տալուց, հանդես չի գալիս վճռական խոսքով։

«Մարդկանց անընդհատ համոզում են, թե ոչ մի վտանգ չի սպառնում։ Առաջարկում եմ դիտել նախկին սոցապ նախարարի ելույթի տեսագրությունը, որտեղ նա մեկ առ մեկ նշում է, թե ինչ տեղեկություններ պիտի հավաքվեն յուրաքանչյուրիս անձնական կյանքից, ինչ մանրուքներ պիտի գրառվեն։ Քարտից հրաժարվողներին զրկում են ամեն ինչից, այս մասոնական օրենքը պետք է լրջորեն քննվի։ 90-ական թվականներին մասոն Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի, Բաբկեն Արարքցյանի համաձայնությամբ մեր անձնագրերից հանվեցին ազգությունն ու հայրանունը, իսկ այսօրվա իշխանավորները շարունակում են նրանց գործը։ Հայաստանում ընդդիմություն չկա, իշխանության ձգտողները միայն իրենց մսուրի կերակրամանն են դիզում։ Մենք էլ դարձել ենք ծույլ ու շատախոս», ասաց նա։

«Ընդդեմ մարդկանց համարակալման միավորումն» արդեն հավաքել է 100 հազար ստորագրություն, նախկին 4 հազարի փոխարեն, 11 մարզերում շարունակվում է ստորագրահավաքը, որն ավարտվելուց հետո կկազմակերպվեն երթերՙ հանրապետության նախագահին, վարչապետին եւ Ազգային ժողովին մոտ 1 մլն ստորագրությունները հաձնելու համար։

Իսկ եթե արդեն քարտեր ստացած քաղաքացիները կամենում են հրաժարվել դրանցից, միավորումն առաջարկում է դրանք նետել իրենց գրասենյակում դրված արկղի մեջ։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4