Որ իշխանափոխության անհրաժեշտությունն այսօր Հայաստանում հասունացած երեւույթ է, մտավորականության երեկվա ֆորումում թե՛ քաղաքական ներկա ուժերից, թե՛ հավաքված մտավորականներից որեւէ մեկը չէր տարակուսում։ Խնդիրն այն է, թե ինչպես եւ ինչ մեթոդներով կարելի է դա իրականացնել։ Մտավորականության կազմկոմիտեի (ավագանու) անունից Խորեն Պալյանը հնչեցրեց հավաքի երկու գլխավոր հարցադրումները. ինչպե՞ս են տեսնում Հայաստանի ապագան եւ կոնկրետ ի՞նչ ծրագրեր են առաջարկում քաղաքական այն ուժերը, որոնք մտահոգ են երկրի ու ժողովրդի ճակատագրով։
Միանգամից նկատենք, որ Հայաստանի ապագան կասկածի տակ դնելն անհեթեթություն համարվեց հենց թեկուզ ուսանողության վերջին ընդվզումների փաստով։
Ֆորումի կողմից ներածական իր խոսքում ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր Արմեն Սարգսյանը հավաստեց, որ Հայաստանն այսօր գտնվում է այնպիսի փոփոխական իրավիճակներում, որոնք կարող են անվերահսկելի լինել։ Հայաստանյան ներկա կացության (տնտեսության, կրթական, գիտական, առողջապահական, մշակութային) անմխիթար, երբեմն հուսահատություն ծնող վիճակը նմանեցրեց Սեւակի խոսքերովՙ հանճարեղ հոգնության, որից ծնվում են նրանք, ովքեր «վերջը սկիզբ են դարձնում»։ «Այսօր Հայաստանը երկունքի ցավերի մեջ է, իսկ կարո՞ղ ենք արդյոք անցավ երկունք ունենալ», սա է պահի գերխնդիրը։ Հայաստանյան վերջին տարիների հերթագայող «հակաժողովրդական իշխանությունների» գոյության փաստը նա համարեց պատմականորեն անխուսափելի (տեսակետ, որին համաձայն չէր հաջորդ բանախոս Վազգեն Մանուկյանը)ՙ մեր ներքին քաղաքական փորձի (ինքնամաքրում ներքին ճակատում, պայքար ազգային ցեցերի դեմ) բացակայության պատճառով։
Բանախոսը հստակ ընդգծեց, որ եթե այսօրվա իրավիճակից դուրս գալու իշխանափոխության ճանապարհից բացի այլ ելքեր կան, մտավորականությունը հոժարակամ կընդառաջի, հատկապես որ հզոր ցնցումներ այսօր Հայաստանին պետք չեն։ Սակայն դրանք բացակայում են, իսկ իշխանափոխությունն ինքնանպատակ չի լինելու։ Ովքե՞ր են եւ ի՞նչ ծրագրով են գալու նորերը։ Սա եւս օրվա գերխնդիրն է։ Ընդ որումՙ վճռական համարվեց քաղաքական ուժերի պահվածքի անկեղծությունը։
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի խոսքն ընդմիջվեց Օհան Դուրյանի մուտքով, եւ դահլիճը հոտնկայս ծափողջույններով դիմավորեց մաեստրոյին։ Իր կարճ ելույթում Օհան Դուրյանը բոլորին գործի անցնելու կոչեց եւ մաղթեց լինել զինվոր, ոչՙ գեներալ։
Ինչպե՞ս են պատկերացնում վերոհիշյալ հարցադրումների պատասխանները հավաքին ներկա քաղաքական ուժերը։ Պրն Բազեյանը երկրի ներքին կայունության անհրաժեշտությունը բնավ չվիճարկեց։ Սակայն նկատեց, թե այդ ինչպե՞ս է պատահում, որ Հայաստանում հաճախ առկա են լինում ապակայունացման վտանգներ եւ ամենահիմնական պատճառը անցած տարվա ընտրությունների կեղծումը համարեց։ Ըստ նրա, կա երկու ճանապարհՙ հանուն կայունության հարմարվել ներկա վիճակին, հասնել հերթական ընտրություններին, երբ իշխանությունները կրկին կվերարտադրվեն, եւ Հայաստանում ոչինչ չի փոխվի։
Եվ երկրորդըՙ հնարավորինս կարճ ժամանակում գնալ իշխանափոխության։ Բայց քանի որ առաջիկայում սահմանադրորեն չկա ընտրության հնարավորություն, ապա հնարավոր է ներքին հեղաշրջման կամ դրսի միջամտության փորձեր։ Մերժելով այս երկու տարբերակներըՙ պրն Բազեյանը տվյալ պարագայում միակ ճանապարհը ժողովրդական հզոր ալիքի բարձրացումը համարեց։ Իշխանափոխությանը հաջորդող ժամանակահատվածում ստեղծված այլընտրանքային կենտրոնը կհամագործակցի առաջադրված բոլոր թեկնածուների հետ, որոնք հավասար պայմաններում կմտնեն այդ դաշտՙ մասնակցելով ընտրապայքարին։
Գրեթե նույն առաջարկով հանդես եկավ նաեւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանըՙ իշխանափոխություն իրականացնել միասնական համաժողովրդական շարժման միջոցովՙ նվազագույն ցնցումներով։ Վ. Մանուկյանն անհատ-լիդերի անհրաժեշտություն տվյալ փուլում չտեսավ, դրա փոխարեն առաջարկեց ստեղծել լիդերական խումբ։ Մոտակա երկու տարում սահմանադրության, ընտրական օրենքի, պետական կառուցվածքի փոփոխություններով հնարավոր է Հայաստանը դնել զարգացման իսկապես ժողովրդավարական ուղու վրա։
Գրեթե նույն տեսակետներն ունեին մյուս բանախոսներըՙ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը (որը դեմ էր ստերեոտիպով կոմիտեի ստեղծմանը, գտնելով, որ այնտեղ պետք է մտնեն իրենց անունը չարատավորած մարդիկ), ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը (նա գտնում էր, որ իշխանափոխության երկրորդ փուլում հայտնի ուժերին միանալու են նաեւ կոալիցիայի ուժերը, որտեղ որոշակի վերապահում կա անելու), ԱԺ նախագահ Արշակ Սադոյաննՙ իր հստակ առաջարկներով, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության փոխնախագահ Լեւոն Գալստյանը, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը (որն իշխանափոխության անարյուն անցումի համար կոչ արեց ավանդական կուսակցություններինՙ հարգել իրենց անցյալը եւ կենսագրությունը եւ ժողովրդի կողքին լինել), գեներալ Էդվարդ Սիմոնյանցը (նա հավաստեց, որ ավագանին առավելագույն հնարավորություն կտա մեկ ընդհանրության մեջ միավորելու եւ կոորդինացնելու բոլոր նրանց, ովքեր մտահոգ են եւ ցավում են երկրի համար)։ Դահլիճն ակնհայտ ոգեւորությամբ դիմավորեց ԵՊՀ ասպիրանտ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքը, թե իրենք որեւէ քաղաքական ուժի չեն պատկանում, այլ միայն հայրենիքին։
Իսկ ԶԼՄ-ներին ուղղված դիտողությունը, որքանով որ ընդունելի է (կարճ ներկայությամբ ոչ ամբողջական, երբեմն էլ աղավաղված տեղեկատվություն տալու առումով), սակայն եւ անիրավացի, քանի որ երեկոյան ժամերին նման տեւողությամբ միջոցառումներիՙ հաջորդ օրվա մեկնաբանությունն այլ բան չի ենթադրումՙ զուտ ֆիզիկական հնարավորությունից ելնելով։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ