«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2004-03-10 | #42, 2004-03-11 | #43, 2004-03-12


ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՆԿԱՏԱՆ 115 ՍԱՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ 31-Ն ԵՆ ԾՆՈՂԱԶՈՒՐԿ

Երկրի սոցիալական ծանր վիճակը, գործազրկությունն առավել ծանր հետեւանքներ են ունենում երեխաների վրա։ Լուրջ մտորումների տեղիք է տալիս այն փաստը, որ Վանաձորի մանկատան 115 սաներից միայն 31-ն են ծնողազուրկ։ Իսկ լքված երեխաների լոկ մի մասն է ապրում մանկատանը։

1997 թ. նոյեմբերին մարզկենտրոնի Տարոն-2 թաղամասի մանկապարտեզի շենքում հիմնադրվեց մանկատուն, որն ուներ 30 սան։ Հաջորդ տարվա օգոստոսին նրանց թիվը հասավ 44-ի։ 1998-ին «Ամքոր» կազմակերպության աջակցությամբ լուծվեց շուրջօրյա ջրամատակարարման հարցը, իսկ Հայ ավետարանչական ընկերակցության միջոցներով կառուցվեց կաթսայատունը, անցկացվեցին գազատար խողովակներ։ Նույն տարում ԱՄՆ-ի «Հայաստանի զարգացման ծառայություններ» կազմակերպության հովանավորությամբ նորացվեց շենքի տանիքը։ 1999-ին մանկատունն ապահովված էր ջեռուցմամբ։ 2001 թ. Սոցներդրումների հիմնադրամի, ինչպես նաեւ բարեգործական մի շարք կազմակերպությունների ֆինանսավորմամբ (93 հազար ԱՄՆ դոլար) շենքը վերակառուցվեց, ստեղծվեցին նորմալ պայմաններ, իսկ մանկատան սաների թիվը հասավ 105-ի։

Մանկատանը մշտական աջակցություն է ցուցաբերում Մսրլյանների ընտանիքըՙ ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքից։ 2002-ին նրանք իրենց որդու հարսանիքի ժամանակ հանգանակված գումարով գնել եւ մանկատանն են նվիրել «Գազել» մակնիշի ավտոմեքենա։

Մանկատան սննդի եւ պահպանության ծախսերը հոգում է պետությունը, սակայն բարեգործների աջակցությամբ հնարավոր են լինում նաեւ բարեկարգման ու նորոգման աշխատանքներ։ Վերջերս ավարտվեց լողասենյակների ու սանհանգույցների մի մասի վերանորոգումը։ Դրանք տեղակայված են ննջասենյակներում։

Օրերս, հերթական անգամ այցելելով մանկատուն, համոզվեցի, որ երեխաները շրջապատված են ջերմությամբ ու հոգատարությամբ, գոհ են ե՛ւ դաստիարակներից, ե՛ւ հանգստի կազմակերպման համար ներդրվող ջանքերից, ե՛ւ օրական 3 անգամ տրվող սննդից։ Սակայն կան նաեւ հարցեր, որոնք լուծում են պահանջում։

Ինչպես տեղեկացա մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանից, անցած տարի նախատեսված 105-ի փոխարեն մանկատունը պահել է 120 երեխայի։ Այս տարի նրանք 115-ն են (56 տղա եւ 59 աղջիկ), որոնցից 4-ը նորածին, 18-ըՙ նախադպրոցական տարիքի, 87-ըՙ դպրոցական եւ 6-ըՙ ուսանող։ Նորածիններից 3-ին լքել են ծնողները, 1-ն ընկեցիկ է։ Ուսանողները Վանաձորի պետական բժշկական քոլեջի, երաժշտական ուսումնարանի եւ գյուղտեխնիկումի սաներ են։ Նրանք ՀՕՖ-ից 10 հազարական դրամ ամենամսյա նպաստ են ստանում։

Տնօրենը մտահոգված էր, որ այս տարի մանկատան սաներից 9-ը 18 տարեկան է դառնում, իսկ մեկըՙ 19, իսկ պետության հատկացվելիք բնակարանների մասին կոնկրետ տեղեկություն չկա։ Ի՞նչ է անելու, եթե այդ գործընթացն ուշանա։

Ա. Հարությունյանը նշեց, որ երեխաներից միայն 31-ն են ծնողազուրկ (6-ըՙ երկկողմանի)։ Երեխաներից 6-ի ծնողները համապատասխան ատյաններում հրաժարվել են նրանցից, մնացածներին պարզապես լքել են իրենց ընտանիքները։

Մի մասի ծնողներն ամուսնալուծված են, բացակայում են հանրապետությունից, կալանավայրերում կամ երկարատեւ բուժման մեջ են։

Մանկատան սաների 70 տոկոսը Լոռու մարզից է, մյուսներըՙ Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերից։ Քիչ չեն հենց Վանաձորում բնակվող ծնողների զավակները։ Վերջիններս իրենց երեխաներին մանկատան խնամքին հանձնելը բացատրում են սոցիալական ծանր վիճակով։ 15 երեխա նախկինում թափառաշրջիկ կամ մուրացկան է եղել։ Կան նաեւ ՀՕՖ-ի կողմնորոշիչ կենտրոնից բերվածներ։ Երեխաներից 3-ն ազգությամբ եզդի են, 7-ըՙ ռուս, սակայն մաքուր հայերեն են խոսում եւ հայկական դպրոց հաճախում։

Տնօրենը հավաստիացրեց, որ ամեն ինչ արվում է սաների դաստիարակությունն ու հանգիստը ճիշտ կազմակերպելու համար։ Մանկատունն ամռանը Ստեփանավանի տարածաշրջանի Գարգառ գյուղի մոտակայքում ամեն տարի ճամբար է կազմակերպում, ուր 20-25 օրով հանգստանում է շուրջ 70 երեխա։ Սահուն է ընթանում նաեւ «սերնդափոխությունը»։ Ըստ տնօրենի, անցած տարի որդեգրվել է 10 երեխա, որոնցից 6-ըՙ օտարերկրյա քաղաքացիների կողմից։

Իմ այցելության օրը երեխաների մի մասը գրադարանում էր, որն ստեղծվել է նվիրատվություններով, մյուսները զբաղված էին կար ու ձեւի խմբակում կամ հեռուստացույց էին դիտում։ Մանկատանը գործում է նաեւ 20 երեխայից բաղկացած երգի-պարի խումբ, որն այդ օրը հանդես եկավ փոքրիկ համերգով։ Նրանց տեսքը խնամված էր, հագուստըՙ մաքուր, մաքրություն էր նաեւ բակում, որի համար հոգ են տանում իրենքՙ երեխաները։

Հաստատությունն ունի նաեւ իր իրավաբանը. Կարինե Գասպարյանն ուսումնասիրում է երեխաների գործերի իրավական հիմքերը, հետեւողական է, որ պաշտպանվեն նրանց իրավունքները։ Սերտ է կապը նաեւ դպրոցի հետ, հսկողության տակ են «դժվար» սաները։

Մեր զրույցների ժամանակ, նույնիսկ համերգի ընթացքում երեխաների դեմքից չէր հեռանում անջնջելի թախիծը։

Կան ծնողներ, որոնք 3-4 տարի չեն այցելել իրենց զավակներին, այդ թվում նաեւ Վանաձորում բնակվողներից (երեխաների 25 տոկոսը վանաձորցի է)։ Ճակատագրով կրկնակի դատապարտված այդ երեխաներն ստիպված են իրենց հարազատների կարոտն առնել դաստիարակներից։ Լքված երեխաների մի մասը պարզապես հրաժարվում է վերադառնալ իր ընտանիքը։ Նրանց մեջ խոսում է նաեւ վիրավորված ինքնասիրությունը։

Գայանե Վարդումյանը սովորում է քաղաքի բժշկական քոլեջի 2-րդ կուրսում։ Մանկատանը 5,5 տարի ապրում է երկու քույրերի հետ։ Խուսափում է խոսել եղբոր մասին։ Հայրը վաղուց մահացել է։

- Հինգ տարի մորս չեմ տեսել, նույնիսկ չգիտեմ, թե որտե՞ղ է, ի՞նչ է անում,¬ ասում է նա։¬ Տատս ապրում է Գյուլագարակ գյուղում եւ արձակուրդներին մեզ տանում է իր մոտ։ Վերջին անգամ 10 օր մնացել ենք, բայց շուտ կարոտեցինք մեր դաստիարակներին, ընկերներին ու վերադարձանք։ Մենք շատ լավ տատիկ ունենք։

Հուզիչ էր մեր զրույցը 16-ամյա Անահիտ Առաքելյանի հետ։ Հարցին, թե ի՞նչ է անում իր ստացած թոշակը, նա պատասխանեց. «Փողը հավաքում եմ, որ մորս գերեզմանը կառուցելու ծախսերը հոգամ»։

Կային երեխաներ, որ ամաչում էին խոսել իրենց ծնողների, հարազատների մասին, չէին ուզում ասել նույնիսկ անունները։

Ապրում են երեխաներըՙ հարազատ օջախ դարձած այս մանկատանը, ապրում հաշտված իրենց ճակատագրի հետ։ Նրանք նույնպես մեր երկրի լիարժեք քաղաքացիներ են, արժանի պետության ու մերՙ բոլորիս ուշադրությանը։

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4