«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2004-03-11 | #43, 2004-03-12 | #44, 2004-03-13


ԼՈՍԱՆՋԵԼԵՍՅԱՆ ՀԱՅԵՐԸ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆԾԱՆՈԹ ՄԱՐԻԱ ՄԵՀՐԱՆՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀ ՏԵՍՆԵԼՈՎ

Լոսանջելեսյան համայնքն իր տելետոններով համարվում է «Հայաստան» հիմնադրամի մայր երակը։ Ամիսներ առաջ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնած Նաիրա Մելքումյանը փետրվարի 26-ին Գլենդեյլի Brandview Collection Restaurant փոքր սրահում հանդիպեց տեղի հայ մամուլի եւ հեռուստատեսության ներկայացուցիչների հետ։ Հիմնադրամի կատարած աշխատանքները համառոտակի ներկայացնելուց հետո (85 մլն դոլարի ներդրումներ Հայաստանում եւ Արցախում), նա հայտնեց օրվա հիմնական նորությունը։ Որն էրՙ հիմնադրամի Արեւմտյան Ամերիկայի հանձնաժողովի տնօրեն Թոմիկ Ալեքսանյանի փոխարեն նոր ղեկավար նշանակել համայնքին անծանոթ մի տիկնոջՙ Մարիա Մեհրանյանին։ Այս մասին տեղեկացնում է լոսանջելեսյան «Նոր օր» շաբաթաթերթը։

Տկն Մելքումյանը նկատել է, որ Հոգաբարձուների խորհրդի ընդունած այս որոշմանը պետք է սատարեն քաղաքական եւ բարեգործական կազմակերպությունները, ինչպես նաեւ մեր եկեղեցիները։

«Նոր օրի» թղթակիցն այն տպավորությունն է փոխանցում, որ ասուլիսը կարծես չորեքշաբթի ընդունած հիշյալ որոշումը պաշտոնապես հրապարակելու համար էր հրավիրված, եւ տկն Մելքումյանը ջանում էր կատարված փոփոխությունն անցկացնել հնարավորինս սահուն։ Չնայած սրան, լուրն ունեցավ անսպասելի արձագանք, քանի որ ներկաները միանգամայն անընդունելի համարեցին տեղի համայնքին անծանոթ մեկին նշանակել հանձնաժողովի տնօրեն։ Ստորեւ ներկայացնում ենք նրանց վերաբերմունքը։

Գրիգոր Շահինյան («Նոր կեանք» շաբաթաթերթի խմբագիր). «Մարիա Մեհրանյանը գաղութին անծանոթ մեկն է եւ բարերարները սխալված են նրա թեկնածությունն առաջ քաշելով։ Թերեւս հիմնադրամը կարծում է, թե նա մեծ գումարներ կարող է բերել։ Պահանջում ենք, որ 10 օրվա ընթացքում հիմնադրամը հստակեցնի հարցերը»։

Ջորջ Աբելյան («Եղեգնեայ գրչով» հաղորդաշարի վարիչ). «Արդյոք Թոմիկ Ալեքսանյանին առաջարկվե՞լ է շարունակել իր գործը մինչ այս նշանակումը։ Կիրառվե՞լ են կանոնադրական հարցերը։ Թելադրանքներից հոգնել ենք։ Այս գաղութում թելադրություններ թող չլինեն։ Մենք թելադրանքներից խորշում ենք։ Համայնքի հայությունը Հայաստանում կատարվող տգեղ երեւույթների պատճառով ծանր ապրումների մեջ է։ Մեզ մնացել է միայն ազատ կարծիքների իրավունքը, մի խաթարեք այս իրավունքը»։

Ռուդիկ Հովսեփյան («Վարագոյր» հեռուստաշարի վարիչ). «Սա տարօրինակ նշանակում է։ Ոչ լեգիտիմության շղարշը Հայաստանից եկել է այստեղ։ Ոչ ոք իրավունք չունի «Հայաստան» հիմնադրամի հետ խաղալու։ Առանց հաշվի առնելու գաղութի տրամադրությունը նախագահ եք նշանակում։ Գումարը մենք ենք հավաքում, եթե մեզ բանի տեղ չդնեք, մենք էլ ձեզ բանի տեղ չենք դնի»։

Ներկայացնելով իր աշխատանքները (ուղեկցել է ամերիկյան պետական եւ գործարար մարդկանց հայաստանյան այցերի ժամանակ)ՙ տկն Մարիա Մեհրանյանը խնդրեց իրեն մի քանի ամիս ժամանակ տալ, նոր դատել։ Շատերի կարծիքները մնացին չարտահայտված, քանի որ տկն Մելքումյանը շտապում էր մեկ ուրիշ հանդիպման։ «Մի ամիս յետոյ դուք կը համոզուիք, որ նշանակումը ճիշդ էր, մարգարէաբար արդէն ոտքի վրայ յայտարարեց Նաիրա Մելքումեան։ Տայ Աստուած, ատկէ աւելի ինչ կ՛ուզենք...», եզրափակում է «Նոր օրը»։

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4