«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հասարակական կազմակերպությունն արդեն երրորդ անգամն է արժանանում Ամերիկայի հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող «Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամի» դրամաշնորհին։ Արդեն չորրորդ տարին հիմնադրամը ֆինանսավորում է հայաստանյան գիտնականների լավագույն գիտահետազոտական աշխատանքները. մոտ 75 գիտական թեմաներ, որոնք ընդգրկում են գիտության գրեթե բոլոր ճյուղերը։
«Հայաստանյան իրականության մեջ չափազանց գնահատելի է «Հայ օգնության ֆոնդի» գործունեությունը։ Մեր կազմակերպությանը տրված դրամաշնորհը բարոյական ու նյութական խրախուսանք է, որը մեզ անսովոր ոգեւորություն է պատճառում», ասաց կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը։ Այս դրամաշնորհին երկրորդ անգամ արժանացած ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտը, ի դեմս Մարտին Ադամյանի, հնարավորություն է ստացել առաջին անգամ ուսումնասիրելու Արաքսի հովտի թռչունների տեսակները։ ԳԱ ակադեմիայի դահլիճում երեկ ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Թաթուլյանը ներկայացրեց այս տարվա գիտական դրամաշնորհին արժանացած 25 գիտնականներինՙ հումանիտար ու բնական գիտությունների ոլորտներից։ Նրանց մեջ էին Մատենադարանի, Երեւանի պետական համալսարանի, ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի, բիոքիմիայի ինստիտուտի, մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի, այլ գիտական հիմնարկների գիտաշխատողները։ ՀՕՖ-ի գործադիր տնօրեն Սիմոն Եզնիկ Պալյանն իր խոսքում նշեց, որ թեմաներն ընտրել են ամերիկյան մի շարք համալսարանների լավագույն պրոֆեսորները, որոնք բարձր են գնահատում մեր գիտական մտքի ավանդույթները։ Մ. Նահանգներում ստեղծված հանձնաժողովը փորձագիտական քննության է ենթարկել ներկայացված 250 թեմաներըՙ նախապատվություն տալով դրանցից լավագույններին։
Դրամաշնորհին արժանացած գիտնականներին շնորհավորեց ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը, որն առավոտյան վերընտրվել էր իր պաշտոնում։ Այնպես որ, շնորհավորական խոսքեր նրան էլ բաժին հասան։
Հիշեցնենք, որ գիտական թեմաների ղեկավարները 1 տարվա գիտահետազոտական աշխատանքի համար կստանան 5000-ական դոլար։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ