Ստեփանակերտում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի երրորդ օրը որոշ փոփոխություններ մտցրեց աղյուսակումՙ երկուական միավորով այն այժմ գլխավորում են Սվեշնիկովը, Անաստասյանը եւ Ասրյանը։ Դա հայտնի դարձավ, երբ Սվեշնիկովը պարտություն կրեց Կոբալիայից, իսկ Անաստասյան-Ասրյան պարտիան խաղաղ ելք ունեցավ։ Այս տուրում հաղթանակ տարավ նաեւ Պետրոսյանըՙ հաղթելով Մահամիին, իսկ մյուս խաղերն ավարտվեցին ոչ-ոքի հաշվով։
Մարտի 12-ին զույգերը բաշխվել էին հետեւյալ կերպՙ Մաչեյա-Փաշիկյան, Ասրյան-Սարգսյան, Սվեշնիկով-Անաստասյան, Պետրոսյան-Կոբալիա, Մահամի-Պելետյե։
Մեկնաբանելով խաղերի ընթացքը, մրցաշարի համակազմակերպիչ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը «Ազգ»-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նշեց, որ իրականանում է այն, ինչին սպասում էին, այսինքնՙ բոլոր պարտիաներն էլ ընթանում են հետաքրքրական ու լարված մրցապայքարում։ Նրա խոսքերով, խաղացող կազմը ուժերով հավասար է, եւ այս պայմաններում բոլոր խաղացողներն էլ ձգտում են հաղթանակի։
Մեր հարցին, թե որ խաղն է առավել տպավորիչ եղել անցած պարտիաներում, Ս. Լպուտյանը պատասխանեց, որ ինքը կառանձնացներ Կարեն Ասրյանի խաղը Միխայիլ Կոբալիայի հետ, երբ հայ շախմատիստը շատ գեղեցիկ խաղ ցուցադրեց վերջնամասում։ Ուշագրավ էր նաեւ Կոբալիա-Սվեշնիկով խաղը, որտեղ Կոբալիան կարողացավ հետաքրքրական մտահղացումով հասնել մեծ առավելության եւ կարճ ժամանակում, 20-րդ քայլում, հաղթեց փորձառու շախմատիստ Սվեշնիկովին։ Նա չբացառեց, որ ուրիշ գեղեցիկ պարտիաներ եւս կլինեն հետագա փուլերում։
Ս. Լպուտյանը նաեւ գոհունակություն հայտնեց, որ շախմատային աշխարհը մեծ ուշադրություն է հատկացնում ստեփանակերտյան մրցաշարին։ Նրա խոսքերով, շախմատային բոլոր սայթերն էլ հագեցած են Ստեփանակերտում անցկացվող մրցաշարի տեղեկություններով։ Նույնիսկ Ֆիլիպիններն են մեծ հետաքրքրություն ցուցաբերում այս մրցաշարի նկատմամբ։
Տիգրան Պետրոսյանի հոբելյանին նվիրված հուշամրցաշարի համակազմակերպիչը մեզ տեղեկացրեց նաեւ, որ փոփոխություն է կատարվել խաղերի ժամանակացույցում, ըստ որիՙ մարտի 14-ին նույնպես կկայանան խաղեր, թեպետ նախապես ծրագրված էր այդ օրը շախմատիստների համար հանգստյան օր հայտարարել։ Այդ կապակցությամբ խաղերը կավարտվեն ոչ թե մարտի 18-ին, այլ մարտի 17-ի երեկոյան։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ