«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2004-03-11 | #43, 2004-03-12 | #44, 2004-03-13


ՈՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԸ

Իբրեւ համատարած խախտում արձանագրվում է «սուպեր» մակնիշի տակ ցածր կարգի բենզինի վաճառք

Մայրաքաղաքի լցակայաններում այսօր հազվադեպ կարելի է հանդիպել «սուպեր» մակնշմամբ բենզինի վաճառքի։

Անցած ամսվանից սկսած ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի հրամանով որակի պետական տեսչությունը «սուպեր» մակնիշի բենզինի ստուգումներ է անցկացնում վաճառքով ու ներկրմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ։ Առայժմ իբրեւ համատարած խախտում արձանագրվում են բենզինի մակնշման կեղծումների դեպքեր, երբ վառելանյութի օգտանային թիվը չի համապատասխանում վաճառքով ներկայացվող մակնշմանը։ Այսինքն, «պրեմիում», «ռեգուլյար» որակները ներկայացվում են «սուպեր»-ի փոխարենՙ առաջնորդվելով սպառողից առավելագույն շահույթ կորզելու սկզբունքով։ Ասենք, որ այս որակի բենզին օգտագործում են հիմնականում արտասահմանյան թանկարժեք մեքենաները, ինչը նորից հավաստում է, որ «թանկարժեք» սպառողները եւս զեղծարարների ուշադրության թիրախ են դարձել։

Բնականաբար, նաեւ այն լցակայանները, ուր դեռ չի հասել տեսուչի ոտքը, հապճեպորեն թաքցրել են իրենց «սուպերները», մինչեւ կրքերը կրկին խաղաղվեն։

Տվյալ դեպքում, ըստ վարչական իրավախախտումների մասին օրենքի, օրինախախտը պատժվում է նվազագույն աշխատավարձի 10¬50-ապատիկի չափով։ Բիզնեսով զբաղվողների արատավոր գործելաոճի մյուս տարածված բնորոշիչը սերտիֆիկատի բացակայությունն է։ Այս դեպքում օրենքն ավելի խիստ տուգանաչափ է սահմանումՙ նվազագույն աշխատավարձի 100¬300-ապատիկը։ Սովորաբար եւ մեծածախ, եւ մանրածախ առեւտրով զբաղվող կեղծարարին ծանուցագիր է ուղարկվում, եւ հատուկ այս նպատակով հրավիրված նիստի ընթացքում, օրինախախտների ներկայությամբ հանձնաժողովը մասնավորեցնում է տուգանաչափերը։

Անցած աշնանը նման բնույթի ստուգումներ են իրականացվել 137 տնտեսավարող օբյեկտներում։ Արդյունքները ներկայացվել են ՀՀ նախագահի աշխատակազմին։ Ըստ տեսչության պետ Աշոտ Մանուկյանի, այս տարվա ստուգայցի ընթացքում մակնշման խարդավանքներ հայտնաբերվել են «Եվրոիլ», «Մաքսֆյուել» ֆիրմաներից բենզին գնած լցակայաններում։

Հայաստանում բենզինի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող ֆիրմաների թիվը մեկ տասնյակի է հասնում։ Դրանցից շատերի անունները քաջ հայտնի են հասարակությանըՙ «Միկա», «Ֆլեշ», «Եվրոիլ», «Մաքսֆյուել», «Ռան օյլ», «Էքսիմ պետրոլ գրուպ», «Ագրոպետրոլսերվիզ» եւ այլն։ Նորանկախ Հայաստանում բենզինի բիզնեսը ռեկորդային ծավալներ է ընդգրկում։ Մեծ լցակայանների թիվը 200-ի է հասնում, անհամեմատ նվազ կարողություններ ունեցողներինըՙ 500-ի։ Ըստ էկոլոգների հաշվարկների, միայն Երեւանում դրանք եռակի շատ են, քան Ռուսաստանյան Դաշնության մայրաքաղաքում։ Դրանք բոլորը, գրեթե առանց բացառության, կառուցվել են էկոլոգիական նորմաների խախտումներով, բնակելի տներին ու հաստատություններին կից, ծառի ու կանաչի ոչնչացման հաշվին եւ մինչեւ վերջերս շարունակում էին սնկերի պես աճել մայթեզրերին։ «Եթե 1 ամիս ստուգումների դուրս չգանք, հնարավոր է որ մի 20 հատ էլի ավելացած լինեն», ասում է Աշոտ Մանուկյանը։ Քաղաքապետարանն այսօր հատուկ հանձնարարականով կասեցրել է նոր բենզակայանների տեղադրումը։ Ավելանո՞ւմ են այսօր էլ, թե ոչ, դժվար է ասել, հստակ տեղեկություն չկարողացանք հայթայթել։ Բնապահպանական կազմակերպությունները հոգնել են անօգուտ կռիվներ տալուց, եւ դադարել են հաշվել դրանք։

Համենայն դեպս, եթե առաջարկը կա, ուրեմն պահանջարկն էլ բավարար է։ Օդային ավազանի համար բացառիկ վտանգավոր էթիլային բենզինի ներմուծումը կառավարական հատուկ որոշմամբ վաղուց դադարեցվել է, սակայն հիմա էլ մթնոլորտն աղտոտվում է այլ, ոչ պակաս վտանգավոր իրողության առկայությամբ։

Վառելանյութի այս տեսակն օգտագործող մեքենաներով գերհագեցած են Երեւանի բոլոր փողոցները։ Շղթայական ռեակցիայի կանոններով, տրանսպորտային արտանետումները դարձել են մայրաքաղաքի օդը թթվածնազերծող գլխավոր մեղսագործը։ Խոսքը վերաբերում է հատկապես հնամաշ, խափանված շարժիչներով աշխատող մեքենաներին, որոնցով նույնպես առատ է տրանսպորտային միջոցների տեսականին։ Իհարկե, անորակ բենզինի դեպքում աղտոտման բովանդակությունն ավելի է հարստանում։ Եվ դա քաղաքը ծառ ու թփից աստիճանաբար ձերբազատելուն զուգընթաց, որ անպատժելի հետեւողականությամբ կատարում են մեկ այլ մոլուցքիՙ կառուցապատումների տենդի մեջ հայտնված նորահարուստները։

Անցած ամիս խմբագրությունը բազմաթիվ բողոքներ ստացավ սպառողներից բենզինի որակի վերաբերյալ։ Ի՞նչ ճանապարհ է անցնում բենզինը լցակայանում հայտնվելուց առաջ։ Ներմուծման կարգի համաձայն մաքսազերծում կատարվում է միայն այն դեպքում, եթե վառելանյութը Հայաստանում եւս պարտադիր սերտիֆիկացվում է, այսինքն դրա որակը լաբորատոր փորձաքննությունից հետո համապատասխանում է սահմանված չափանիշներին։ Ցանկացած հավատարմագրված լաբորատորիա կարող է իրականացնել փորձաքննությունը։ Բացի այն, որ խախտումներ հնարավոր են նաեւ այս օղակում, մանր ու մեծ լցակայանները եւս կարող են իրենց մասնաբաժինն ունենալ։ Ըստ կարգի, բենզինի պահպանման հորերը պետք է մակնշումներով խստորեն սահմանազատվեն, ժամանակին մաքրվեն, ազատվեն մնացորդային զանգվածից ու նստվածքներից։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, թե այդ պահանջները սրբությամբ կատարվում են։ Առավել եւս, վերահսկողությունը տարերային է եւ ոչ բավարար մակարդակով, եւ անհայտ է նույնպես, որ ստուգումների հենց հաջորդ օրը լցակայանը չի աշխատի նույն արատավոր ռեժիմով։ Այսօր սպառողների բողոքները նույն բովանդակությունն ունենՙ գնված բենզինը սպառվում է շատ ավելի արագ, քան սովորաբար ծախսվում էր նույն քանակը ոչ հեռավոր անցյալում եւ ընդհանրապես։ Փորձագետների հետ մեր զրույցները ոչինչ չկարողացան պարզել։ Բենզինը գոլորշիացման որոշակի տոկոս ունենում է բարձր ջերմաստիճանի առկայությամբ, ամռան շոգերին, բայց ոչ տարվա այս եղանակին։ Բանականությանը մոտ, մեզ հրամցված միակ ենթադրությունն այն էր, որ փաստը կարող է բացատրվել մեքենաների հնացած վիճակով, եւ դրանով պայմանավորված շարժիչի կամ մեքենաների այլ հատվածների վատ աշխատանքով։ Համենայն դեպս, լիարժեք ստուգումներ անցկացնելու համար որակի պետական տեսչության հնարավորությունները խիստ համեստ են։ Իրականացվում են միայն ընտրանքային ստուգումներ։ Ողջ հանրապետության համար նման լիազորություններ ունեցող տեսուչների թիվը ընդամենը 46-ն է, որոնցից միայն 20-ն են մայրաքաղաքում։ Սրանց առաքելությունն էլ ոչ միայն վառելանյութի, այլեւ հացից սկսած մինչեւ արտադրանքի ամենաբազմազան տեսականու ստուգումներն են։ Այնուամենայնիվ, որակի պետական տեսչությունը պատրաստ է դիտարկել այս բնույթի բողոքներն էլ, եթե սպառողը դիմի իրենց ու մատնանշի կոնկրետ լցակայանը, որտեղից գնել է վառելանյութը։

Տեսչության ստուգումներն այսօր էլ ընթացքի մեջ են։ Մեզ ասացին, որ մարտի վերջերին մեր թերթի միջոցով սպառողները կիրազեկվեն ամփոփման արդյունքների, օրինախախտումներ կատարած ֆիրմաների ու լցակայանների, կեղծիքների բնույթի ու պատժաչափերի վերաբերյալ, ինչը եւ անպայման խոստանում ենք ներկայացնել։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4