«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2004-03-12 | #44, 2004-03-13 | #45, 2004-03-16


ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸՙ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԻ

Սոցիալական քրոնիկոն

Դարձյալ կրթակարգի նոր նախագիծ

Թեեւ ԱԺ-ում հաստատվել է 2001-2005 թվականների կրթության ազգային պետական ծրագիրը, այնուամենայնիվ, այս պահին տարբեր մակարդակներով աշխույժ քննարկումներ են ընթանում առանձինՙ հանրակրթության պետական կրթակարգի նախագծի վերաբերյալ։ Այն վերաձեւակերպելու է հանրակրթության չափորոշիչները, գնահատման համակարգը, ուսումնառության ժամանակահատվածը, պլանավորումն ու մեթոդաբանությունը։ Նպատակը հայկական հանրակրթությունը ժամանակակից չափանիշների բերելն է։ Առանձնակի ուշադրության է արժանացել նախադպրոցական կրթության հիմնախնդիրը։ Ռեֆորմի հավակնող այս նոր փորձարարությունը ակտիվորեն քննարկվում է դպրոցներից, ծնողներից ու ուսուցիչներից մինչեւ համայնքային ու նախարարական ենթակայությունները։ Այս անգամ հասարակական լայն քննարկման գոնե նմանակման արժանացած ծրագրի վերաբերյալ նախագծի հեղինակային խմբին ներկայացվում ու ներկայացվելու են ամենատարբեր առաջարկներ։

Առողջապահության օպտիմալացման առաջին փուլն ավարտվեց

Արդեն ավարտվել է քաղաքապետարանի ենթակայության 19 առողջապահական եւ նախարարության ենթակայության 2 ընկերությունների (որոնցից ձեւավորվեցին 4 բժշկական կենտրոններ) իրավական միաձուլումն ու սկսվել է պետական գրանցման գործընթացը։

Ըստ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի, արդեն մեկնարկած օպտիմալացման երկրորդ փուլում նախատեսված են իրականացնել կադրերի օպտիմալ քանակին, ընկերությունների կառուցվածքին, շենքային տարածքներին ու ֆինանսավորմանն առնչվող հարցեր։ Հիշեցնենք, որ այս փուլն էլ ընթանում է Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի առաջարկների ու խորհրդատվությունների հիման վրա։ 2-րդ փուլն ավելի տեւական է լինելու։ Ծրագիրն իրականացնողները աչքի առաջ ունեն կրթական օպտիմալացման դառը փորձը եւ սկզբից եւեթ հայտարարում էին, որ իրենք ամեն ինչ անելու ենՙ խուսափելու ցավագին գործընթացներից։

Հարկահավաքությունՙ ծանուցագրի միջոցով

Համայնքներին գույքահարկ վճարող իրավաբանական անձանց հարկային տվյալների բազան շարունակում է սահուն փոխանցվել թաղապետարաններին։ Այդ մասին արդեն իսկ համապատասխան փաստաթուղթ ու ժամանակացույց է ստորագրվել Երեւանի քաղաքապետի եւ կառավարությանն առընթեր հարկային ծառայության ղեկավարի միջեւ։ Հստակեցվել են գործառույթների փոխանցման ընթացքում խնդրին ուղղակիորեն առնչվող նախարարությունների ու գերատեսչությունների անելիքները։ Հարկային ծառայության, պետական ռեգիստրի, ոստիկանության եւ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ամբողջությամբ թաղային համայնքների ղեկավարներին է փոխանցվել իրավաբանական անձանց հարկային բազան։

Այս պահին հարկային մարմինները իրավաբանական անձանց հաշվառման անձնական քարտեր են տրամադրում համայնքներին։

Մշակվել են նաեւ ծանուցագիր-անդորրագրերի նմուշներ, որոնք պիտի առաքվեն անպարտաճանաչ հարկատու ֆիզիկական անձանց։ Ներկայում հարկահավաքությունը կկատարվի բացառապես անդորրագիր-ծանուցագրերով, իսկ եթե դրանից հետո էլ հրաժարվեն հարկ մուծելուց, համայնքապետին իրավունք է վերապահվում կիրառել վարչական իրավախախտումների օրենքով սահմանված տուգանքներՙ նաեւ ֆիզիկական անձանց հանդեպ։

Այս պահին կատարվում է մեկ այլ կարգի գույքագրում եւսՙ հողերի վարձակալական պայմանագրերի հաշվառում եւ հընթացս վարձավճարների գանձում։

Սպառնում են իշխանավորներից մեկին պատանդ վերցնել

Երեկ Երեւանի քաղաքապետարանի մոտ հավաքվել էին տրամվայների հավաքակայանի վարորդները։ Հիշեցնենք, որ վերջին տրամվայը գծերից անհետացավ այս տարվա հունվարի 20-ին։ Աշխատանքից զրկված, նոր աշխատատեղերի դատարկ խոստումներին սկզբից եւեթ թերահավատությամբ վերաբերվող վագոնավարները հիմա փորձում են գոնե ստանալ 2002 թվականից աշխատավարձերի պարտքերը։ Երեկ նրանք արդեն որերորդ անգամ հանդիպել էին տրանսպորտի վարչության իրավասուների հետ, այս անգամՙ վարչության պետի պաշտոնակատարի։ Խոստացել էին վերջնական պատասխան տալ ուրբաթ օրը։ Վագոնավարների պնդմամբ, միայն իրենց պետությունը պարտք է 9 մլն դրամ, էլեկտրատրանսպորտին ամբողջությամբՙ 31 մլն դրամ։

Դարձյալ պատասխան չստանալու դեպքում վագոնավարները որոշել են դատի տալ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը, իսկ եթե դատարանն էլ չօգնի, «տեռորի են դիմելու եւ պատանդ են վերցնելու իշխանավորներից մեկնումեկին», քանի որ իրենց ոչ միայն զրկել են ապրուստի միջոցներից, այլեւ օրինական, իրենց հասանելիք գումարները չեն ուզում տալ։

Կպահպանվեն իբրեւ հասարակական օգտագործման տարածքներ

Քանաքեռ-Զեյթուն համայնքը կառուցապատման սիրահարների ուշադրության շրջանակներում հաճախակի է հայտնվում։

Ներքին Զեյթունի նախկին 2-րդ, այժմ Արամբեկ Չոլաքյանի անվան փողոցի բնակիչները այլեւս կարող են հանգիստ լինել։ Բնակիչների մտավախությունը երեկ փարատեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Քաղաքապետի անունից նա հավաստիացրեց, որ փողոցին հարող թիվ 2 պուրակը պահպանվելու է իբրեւ հասարակական սեփականություն, իբրեւ ընդհանուր օգտագործման տարածք։ Կառուցապատման ու շինարարական որեւէ աշխատանք այստեղ չի իրականացվի, ինչից տագնապում էին բնակիչները, եւ ինչի մասին հրապարակում եղավ նաեւ մամուլում։

Իսկ «Մայր Հայաստան» արձանին հարող կանաչապատ տարածքի ճակատագիրը, ուր Կանադայի մի քաղաքացի կառուցապատում է իրականացնում, դեռեւս քննարկման փուլում է։ «Ազգը» կտեղեկացնիՙ արդյունքները պարզ լինելուն պես։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4