Առեւտրային բացասական հաշվեկշիռը անգամ մասնավոր փոխանցումների շնորհիվ չի ծածկվում
Արտաքին առեւտրի ցուցանիշները երկրի ընդհանուր տնտեսական վիճակի բնութագրիչներից են։ Անցյալ տարվա Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալների աճը վկայում է, որ տնտեսական աճի վերաբերյալ տվյալները հեռու չեն իրականությունից։ Այլ հարց է, ինչպես բազմիցս ենք նշել, թե դրանք ինչպես են անդրադառնում բնակչության մեծամասնության կենսամակարդակի վրա։ Այս առումով դեռեւս հպարտանալու առիթ չունենք։
Արտաքին ապրանքաշրջանառությունն անցյալ տարի կազմել է 1,9 մլրդ դոլար։ 2002 թ.-ի ծավալները գերազանցվել են 30 տոկոսով կամ մոտ 450 մլն դոլարով։ Արտահանումը կազմել է 678 մլն դոլար, ներմուծումըՙ 1,2 մլրդ դոլար։ Արտահանման ծավալներն ավելացել են 173 մլն դոլարով, ներմուծմանըՙ 282 մլն դոլարով։ Լա՞վ է սա, թե՞ վատ։ Արտահանման ծավալների նման (34 տոկոս) աճն, անշուշտ, ուրախալի է։ Մյուս կողմից, սակայն, ներմուծման ծավալներն են աննախադեպ աճել։ Սա խոսում է այն մասին, որ կամ ներմուծմանը փոխարինող տեղական արտադրության զարգացման տեմպերը դանդաղել են, կամ տեղական արտադրանքը դժվարությամբ է դիմակայում ներմուծվող ապրանքների մրցակցությանը։ Ի վերջո, միայն տեղական արտադրող լինելը բավարար չէ, որպեսզի նրա արտադրած ապրանքը սպառողը գնի։ Դրա համար հարկ է ապահովել որակի եւ գնի լավագույն հարաբերակցությունը։ Մի խոսքով, ներմուծման ծավալների աճի հետեւանքով զգալիորեն ավելացել է արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը, որը կազմել է 591 մլն դոլար։ Այսինքն ուղիղ այդքան գումար Հայաստանից դուրս է գալիս եւ ուղղվում այլ երկրների արտադրությունների զարգացմանը։
Հաջորդը արտահանման մեջ մեկ ճյուղիՙ թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի ու մետաղների մեծ տեսակարար կշիռն է։ Այս ճյուղը թողարկում է արտահանման ընդհանուր ծավալների կեսից ավելինՙ մոտ 349 մլն դոլար։ 2002 թ.-ի համեմատ այստեղ արձանագրվել է մոտ 90 մլն դոլարի աճ։ Այն, որ արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղը նման սրընթաց զարգացում է ապրում, միանշանակ դրական երեւույթ է։ Սակայն, դժբախտաբար, արտահանվող մյուս ապրանքատեսակների գծով գումարային նման աճ չի արձանագրվել։ Այս առումով, թերեւս, կարելի է նշել նաեւ ոչ թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի (լեռնամետալուրգիայի) արտահանման ավելի քան կրկնապատիկ (45 մլն դոլարով) եւ պատրաստի սննդի արտահանման մոտ 18 մլն դոլարով աճը։ Իսկ մեր տնտեսության մյուս ճյուղերի արտահանման ծավալների աճը միասին կազմել է ընդամենը 20 մլն դոլար։
Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշիռը, ըստ առանձին երկրների, հիմնականում բացասական է։ Առեւտրային հարաբերություններ ունեցող ավելի քան 30 երկրներից Հայաստանը դրական հաշվեկշիռ ունի ընդամենը երեքիՙ Գերմանիայի, Նիդեռլանդների եւ Իսրայելի հետ, այն էլ չնչին տարբերությամբ։ Մեր երկրի գլխավոր առեւտրային գործընկերը շարունակում է մնալ Եվրամիությունըՙ 453 մլն դոլար ապրանքաշրջանառությամբ։ Կոնկրետ երկրի առումով Հայաստանի թիվ 1 գործընկերը Ռուսաստանն է, որի հետ մեր առեւտուրը կազմել է մոտ 302 մլն դոլար։ Այնուհետեւ գալիս է Իսրայելըՙ 265 մլն դոլարի առեւտրաշրջանառությամբ։ Այս երկիրը շրջանցել է Բելգիային, որի հետ 253 մլն դոլար կազմող մեր առեւտրի ցուցանիշը երրորդն է։ Եվ վերջապես մեր չորրորդ խոշոր առեւտրային գործընկերը ԱՄՆ-ն էՙ 157 մլն դոլար առեւտրային շրջանառությամբ։
Ի՞նչ եզրակացության կարելի է հանգել վերոնշյալից։ Ներմուծման նման ծավալների եւ նման բացասական առեւտրային հաշվեկշռի պարագայում մեր տնտեսությունը, հակառակ որոշ պաշտոնյաների հավաստիացման, շարունակում է մաշվել։ Անգամ մասնավոր տրանսֆերների (արտասահմանից դրամական փոխանցումների) տարեկան ծավալների ավելացումը այս խնդիրը չի լուծում։ Ըստ Կենտրոնական բանկի նախագահի, անցյալ տարի արտերկրից Հայաստան է մուտք գործել մոտ 450 մլն դոլար։ Եթե նկատի ունենանք, որ բացասական հաշվեկշիռը 591 մլն դոլար է, ապա դրանից հանելով տրանսֆերների ընդհանուր ծավալը, կստացվի, որ մեր երկրից տարեկան դուրս է գալիս 141 մլն դոլար։ Այս հանգամանքը, կարծում ենք, մտածելու լուրջ առիթ պետք է դառնա տնտեսական քաղաքականություն մշակող եւ իրականացնող նախարարների եւ կառավարության համար։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ