«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2004-03-13 | #45, 2004-03-16 | #46, 2004-03-17


ԳԵՂԵՑԻԿԸ ՏԵՍՆԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՄԲ

Որքան բան է աննկատ մնում մեր կոպտացող հայացքներից եւ որքան ենք հաճախ անհաղորդ աշխարհի գեղեցկություններին, որոնք, սակայն, կարելի է տեսնել ամենուր եւ ամեն տեղ, միայն եթե ուզում ես։

Նելլի Գրիգորյանն իրերի մեջ էսթետիկա տեսնելու իր նրբին կարողությունները վերածում է արվեստի։ Բնության մերկությունը փորձում է յուրովի «զգեստավորել»ՙ նոր շնչառությամբ, նոր գույներով։ Երեւակայությամբ ամեն չորացած ճյուղից ու տերեւից վերընձյուղում է գոյության նոր ձեւ, ստեղծելով անսովոր հմայիչ աշխարհ։ Ընտրություն չի կատարում, պատահական ճյուղն ու տերեւը թելադրում են կոմպոզիցիայի ձեւը, որ լրացվում է բազմազան մանր դետալներովՙ ուլունքներով, դրասանգներով, վարդերով։ Աշխատանքները (ծաղկե կոմպոզիցիաներ եւ կոլաժներ) կատարում է հիմնականում բնական հումքով, արծաթափայլ ու ոսկեփայլ բրոնզը կոմպոզիցիաներին տոնականություն է հաղորդում։ Նելլի Գրիգորյանն օգտագործում է բուսականության ամեն մանրուքՙ ճյուղեր, տերեւներ, սերմեր, հունդեր, պտուղներ, ծաղիկներ։ Կոլաժային աշխատանքների համար օգտագործված են ուլունքաշարեր, կանացի զանազան զարդարանքներ, ժապավեններ, ժանյակներ, կոտրված սպասքի կտորտանքներ, ապակու զանազան բեկորներ։ Ծաղկամանների մի մասը օծանելիքի տուփեր ենՙ բրոնզափայլ, արծաթափայլՙ նորացված, վերափոխված տեսքով, ցորենի հասկեր, մասրենու ճյուղեր, ծաղկած ծառՙ ադի-բուդիներով, կոմպոզիցիա ընկույզներով, եղեւնու կոներով, ուլունքաշարերով, նռներով, արեւածաղկով, աչքից ոչինչ աննկատ չի անցնել։

Թվով 115 կոմպոզիցիաների եւ 18 կոլաժային աշխատանքների ցուցահանդեսով Նելլի Գրիգորյանը վերջերս հանդես եկավ «Առագաստ» սրճարանի ընդարձակ սրահում։ Արձագանքներն ու հետաքրքրությունները բավականին մեծ էին, հիացմունքն ու հաճելի զգացողություններըՙ նույնպես։ Ցուցահանդես-վաճառքը տեւեց 8 օրՙ այցելուների համար ստեղծելով թեթեւ, գեղեցիկ, տոնական տրամադրություն։ Իսկ վաճառքից գոյացած հասույթը որոշված էր հատկացնել մանկատներին։

Մասնագիտությամբ Նելլի Գրիգորյանը բանասեր է եւ ԵՊՀ թանգարանի բաժնի վարիչի աշխատանքը սիրով զուգակցում է իրերի աշխարհում գեղեցիկը փնտրելու այս զբաղմունքին։ «Ես ցավ եմ ապրում, որ տարիների ապրած ծառերը հատվում ու թափվում են, երկրորդ կյանք եմ ուզում տալ նրանց արվեստի մեջ, եւ ինձ համար ծառահատումից մի փոքրիկ մասն անգամ փրկելու առիթ է։ Կարծում եմ, ծառահատում միշտ է լինելու, եւ սա իմ բողոքի ճիչն է»։

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4