Երեւանի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի մի բնակչուհի ամեն առավոտ կոտլետներ էր պատրաստում, խնամքով ու պարտաճանաչորեն առաջին հարկի իր պատշգամբի պատի տակ շարում բակի շների համար։ Հարեւանները զարմանում էին։ Շատերն ասում էին (դժվար տարիներ էին), թե մարդկանց մեծ մասը սոված է, իսկ սա դրսի շներին ու կատուներին է կերակրում։ Կինը վաղուց էր շների հետ բարեկամացել, տանը շուն էր պահում, որը ժամանակին որդուն փրկել էր գետում խեղդվելուց։ Երախտագիտության տո՞ւրք էր, թե՞ կենդանիների հետ անբացատրելի կապ, դժվար է ասել։ Հիմա նա այստեղ չէ, բնակվում է ԱՄՆ-ում։ Երեւանաբնակ մի կին ասում էր, թե ինքը չի ուզում Հայաստանում այլեւս ապրել, որովհետեւ հայաստանցիները կենդանիներ չեն սիրում, նրանք սպանում են շներին։ Սրա մեջ ճշմարտություն, իրոք, կա։ Բազմիցս ենք ականատես եղել կենդանիների հետ անգութ վերաբերմունքի թե երեխաների, թե մեծահասակների կողմից։ Մի ժամանակ ատելություն կար այն մարդկանց նկատմամբ, ովքեր տներում կենդանի էին պահում։ «Երեխայի հետ այնպես կապված չէ, ինչպես շան», ու արհամարհական մի բան նույնպես կար «դե, տանը շուն է պահում ու ո՜նց է խնամում»։ Հոգեպես սնանկ ու անբավարար մարդիկ մոռանում էին գյուղաբնակների կենցաղի եւ կենդանիների հետ նրանց համագոյակցության մասին։ Անտեսվում էր հոգեբանական մի գործոն եւս. կենդանու, ծառի, թփի նկատմամբ հոգատարություն ու խնամք ունեցողը զգայուն ներաշխարհի տեր մարդ է վստահաբար, եւ այդ սերը բազմապատիկ արտահայտվում է երեխայի, հիվանդի, ծերունու եւ առհասարակ անպաշտպան էակների հանդեպ։ Սա է ճիշտ ապրելակերպը, որ մարդու եւ բնության ներդաշն միաձուլվածության նախասկզբնական էության կանչն է, որ ժամանակի մեջ, ցավոք, աղավաղվել է։
Բուսակերների ակումբի անդամներից մեկը պատմում էր, որ իրենց ընտրած կենսակերպը պայմանավորված է ոչ միայն առողջապահական խնդիրներով, այլեւ սրանով իրենց բողոքն են արտահայտում կենդանական աշխարհի նկատմամբ մարդկանց վայրագությունների դեմ։ «Կենդանիների սպանդ հանուն մարդու ստամոքսային տենդի», այդպես են որակում մսակերությունը եւ գտնում են, որ կենդանիների նկատմամբ ունեցած վերաբերմունքով կարելի է չափել մարդու գթության աստիճանը։
Հիմա անդրադառնանք այսօրվա մեր քաղաքին։ Արդյոք Երեւանն իր համաքաղաքացիների համար օտարանո՞ւմ է այստեղ ապրող 8 կամ 10 հազար շների պատճառով։ Իսկ գուցե այս քաղաքում ապրող բնակչության զգալի մասի անհոգի, «խիղճը գրպանը դրած» մթնոլորտի՞ց։ Արդյոք մեր քաղաքի հեղձուցիչ միջավայրի պատճառը կանաչ զանգվածը կողոպտող, բռնաբարողները չե՞ն իրենց աներեւակայելի ընչաքաղցությամբ։
«Ազգը» պարբերաբար անդրադառնում է բնապահպանության խնդիրներինՙ կանաչ տարածքների պահպանմանը եւ կենդանիների պաշտպանությանը։ «Նովոյե վրեմյա» թերթում մարտի 4-ին տպագրվել է մի հոդվածՙ Xtq jy ujhjl% cj,fr bkb k/ltq*», որն անուղղակի արձագանք է փետրվարի 25-ի «Ազգ» օրաթերթում տպագրված «Քաղաքացիներն ընդդեմ թափառող շների ոչնչացման» նամակ-բողոք-խնդրանքին։
Քաղաքակրթության մակարդակը երբեւէ չի կարող չափվել ռեստորանաշինությամբ կամ սրճարանապաշտությամբ։ Դրանց առատությունից ոչ միայն մենք ենք շփոթվել, այլեւ քաղաքի շները։ Բայց դժվար թե որեւէ երեւանաբնակ վկայի, թե որեւէ ռեստորանի կամ սրճարանի առաջ գամփռ շների այնպիսի կուտակումներ կան, ինչպես վերոհիշյալ թերթի հրապարակման լուսանկարում է պատկերված։ Այդ պատկերը ոչ միայն հեռու է երեւանյան իրականություն լինելուց, այլեւ առհասարակ մեզ հետ կապ չունի։ Երեւանի կենտրոնական հատվածներից, օրինակ, Մերգելյանի ինստիտուտի մերձակա այգու շրջակայքում մի ժամանակ թափառող շներից հատուկենտ կենդանիներ են մնացել։ Մի քանի շներ, որ ընտելացած տարածքի բնակիչներին, բարեկամացել են նրանց հետ։ Կամ շուկայի կողմերում են երեկոյան թափառում, դնչերը մտցրած աղբակույտերի մեջ, կամ բակերում որեւէ ծածկի տակ մտած պատսպարվում են «շառ ու փորձանքից» հեռու, ամառներն էլ շոգից ծուլացած մրափում են գազոնների կանաչների վրա։ Նրանք խեղճացած ու մի փոքր վախեցած են ավելի։ Փոքր ու միջին չափի շներ են հիմա փողոցներում թափառում, որոնք ոչ վտանգավոր են, ոչ էլ ագրեսիվ, գուցե պատճառն այն է, որ նրանք դարձել են Երեւանի բակերի բնակիչ եւ իրենց դրացիներըՙ հիմնականում կանայք ու երեխաները, ուշադրություն են դարձնում կենդանիներին, կերակրում ու խնամում են։
Անտարակույս է, որ շներ ու կատուներ չհանդուրժող մեր համաքաղաքացիների մի զանգված պատրաստ է ամենասադիստական պահանջների դիմելՙ թաղապետարաններին խնդրելով քաղաքում շնահաչը դադարեցնել դրանց սպանելու միջոցով։ Իսկ շների գիշերային անվրդով ու սահուն սպանդը մեր քաղաքում, վաղուց է կատարվում։ Հիմա առաջարկվում է ոչնչացման իբր ավելի «մեղմ» տարբերակ։ Փողոցներում չսպանել, հավաքել եւ Երեւանից հեռու մի անմարդաբնակ տարածք տանել ու ոչնչացնել։ Գոնե բնակիչները չեն լսի սպանվողի կաղկանձը եւ առավոտյան արյան հետքերից չեն ազդվի։ Սակայն ինչ տարբերություն, մի՞թե դրանից փոխվում է երեւույթի էությունը, նույն վայրագությունը չէ՞ (տարիներ առաջ գիշերային փողոցները սանրող ոստիկանների հերթական շնասպանդից հետո 5 տարեկան աղջնակը, որ ամեն օր կերակրում էր բակի շներին, շատ ծանր ապրումներ ունեցավ։ Իսկ դպրոցական ծրագրերում դեռ շարունակում են ընդգրկել «Կենդանիները եւ մենք», «Շունը մեր բարեկամն է» վերնագրերով թեմաներ։ Բարեկամության հրաշալի օրինակ է, չէ՞, անպաշտպան կենդանիների հարցերը լուծել հրազենի կրակոցներով)։
Այն դեպքում, եթե 20 մլն դրամ հատկացվում է (դեռ 300 հազար էլ համայնքների կողմից) քաղաքը թափառող չորքոտանիներից մաքրելու համար, ինչո՞ւ դա վատնել սպանելու վրա, երբ քաղաքակիրթ մարդկությունը վաղուց ընտրել է միանգամայն հումանիստական ճանապարհՙ հատկացնելով համապատասխան տարածք, ստեղծելով բուծարաններ, որտեղ նրանց խնամում են, բուժում հիվանդություններից, կանխելով դրանց փոխանցիկությունը, անհակակշիռ բազմացումը եւ այլն։ Երբ մենք հակված ենք օր առաջ ընդօրինակելու արեւմտյան քաղաքակրթական նվաճումները (եւ առաջին հերթինՙ մեր ազգային նկարագրին անհարիր երեւույթները), ինչո՞ւ փութկոտորեն չենք արձագանքում այս օրինակելի վարքին եւս։ Որովհետեւ կենդանական աշխարհն անկարեւո՞ր ենք համարում, որովհետեւ կենդանիներ չե՞նք սիրում։ Թե՞ ավելի դյուրին ճանապարհ ենք ընտրումՙ միանգամից սպանել եւ հարցը փակել։ Բայց մի՞թե սպանությունը դյուրին գործ է...
Մարդու անսահման եսամոլությունը կարող է նրան տանել ինքնակործանման։ Բնությունից մարդու այսչափ հեռացումն իր ապագա ողբերգության ազդանշաններից է։ Մենք մի մոլորակի բնակիչներ ենք, մենքՙ մարդն ու թռչունը, հողն ու ջուրը, ծառն ու թուփը։ Համաշխարհային ջրհեղեղից առաջ Աստված Նոյին պատվիրեց տապան կառուցել, եւ այդ տապանի մեջ պատսպարվելու համար վերցնել որդիներին, կնոջն ու որդիների կանանց եւ երկրի վրա եղած անասուններից ամեն տեսակից երկուականՙ արու եւ էգ, երկրի վրա նրանց սերունդը պահպանելու համար։ Մենք ինչ ենք անում իրար նկատմամբ անտարբերությամբ, հաճախ ատելություններովՙ ամլացնում ենք մեր հողըՙ հեռանալով երկրից, ոչնչացնում ենք բնությունը ծառակոտորածներով, սպանում ենք կենդանիներինՙ գիշերը հանգիստ քնելո՞ւ համար... Պարզապես մենք դադարել ենք լսել բնության կանչը։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հ. Գ. «Ազգ» օրաթերթին փետրվարի 25-ին ներկայացրած բողոք-խնդրանքով կենտրոն համայնքի բնակիչները դիմել են նաեւ քաղաքապետարան։ Կենդանիների պաշտպանության նոր ձեւավորվող հասարակական կազմակերպությունը շարունակելու է իր ակցիանՙ դիմելով տարբեր ատյաններիՙ ընդհուպ կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպություններին։
Օրերս քաղաքապետարանից տեղեկացրել են, որ բնակիչների դիմումին կտրվի գրավոր պատասխան, որ իրենք էլ հակված են հետեւելու քաղաքակիրթ երկրներում ընդունված եւ կիրառվող հումանիստական մեթոդներին։ Հուսանք։