Մասնագիտական հաշվարկները ցույց են տվել, որ այսօր ողջ Արարատյան դաշտավայրում ավելի քիչ բադ կա, քան Երեւանյան լճում։ Հիմնական պատճառը ուղղակի եւ անուղղակի հետապնդումներն են։
Հայաստանում որսը թույլատրված է օգոստոսից մինչեւ մարտի 15-ըՙ թռչունների բնադրման շրջանի սկիզբը։ Սակայն Հայաստանի թռչունների պահպանման միության նախագահ Մամիկոն Ղասաբյանը կարծում է, որ ժամկետները պետք է կրճատվեն մինչեւ դեկտեմբերի 31-ը, քանի որ հունվար-փետրվարը ջրլող թռչունների գոյատեւման եւ կեր հայթայթելու համար ամենադժվար ամիսներն են։
Արդեն 2 տարի Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայաստանի թռչուններ» նախագիծը միության հետ Երեւանյան լճում կազմակերպում է ջրաճահճային թռչունների կերակրում, որպեսզի վերջիններս կերի համար չթռչեն Արարատյան դաշտավայր եւ որսորդի զոհ չդառնան։ «Որսորդների շարքում հանդիպում են ինչպես կարգապահներ, այնպես էլ մարդիկ, որ չեն նայումՙ թռչունը կռնչան բա՞դ է, սուզաբա՞դ, ձկնկո՞ւլ, որսում են ամեն պատահածը», ասում է «Հայաստանի թռչուններ» նախագծի հետազոտող Կարեն Աղաբաբյանը։ Եթե Երեւանյան լճի վիճակը պահպանվի, ջուրը մնա նույն մակարդակի վրա, ապա հետագայում բադերին Երեւանյան լճում պահելու նպատակով կարելի է նաեւ արհեստական բնադրավայրեր պատրաստել։
Թռչունների կերակրելուն մասնակցում են ոչ միայն նախագծի եւ միության անդամները, այլեւ դպրոցականներ։ Նախագծի տնօրեն Լեւան Ջանոյանը գտնում է, որ էկոդաստիարակությունը հասարակության մեջ պետք է երեխաներից սկսել։ Միայն երեխան կարող է ազդել ծնողի հոգեբանության վրա։ Երեխաների դաստիարակության լավագույն ձեւը նրանց որոշակի աշխատանքներում ներգրավելն է։ Մի քանի ամիս է նախագիծը եւ միությունը Գյումրիում էկոակումբ են ստեղծել, որտեղ երեխաների համար դասընթացներ են կազմակերպում, անդամներին ընդգրկում հետազոտական աշխատանքների մեջ։ Նման աշխատանքներից մեկն է Գյումրիում ագռավազգիների հաշվառումը։ Փորձը ցույց է տվել, որ երեխաները հետաքրքրությամբ մասնակցում են այդ աշխատանքներին։ Վերջերս բնապահպանական եւ հետազոտական աշխատանքներ են սկսել նաեւ Երեւանի Քվանտ վարժարանի 8-10-րդ դասարանցիների հետ։
Խնդիր ունենք նաեւ Սեւանա լճում։ Մամիկոն Ղասաբյանն ասում է, որ Հայաստանը կորցրել է ձմեռանոց լինելու նշանակությունը։ Այսօր Սեւանա լճում բազմաթիվ ձկնորսական նավակներ կան, որոնց ներկայությունը վախեցնում է թռչուններին, վերջիններս էլ պարզապես այնտեղ չեն մնում։ Եթե նախկինում Սեւանում հաշվվում էր 30-50.000 թռչուն, այժմ այդ թիվը իջել է 2-3.000-ի։
Ըստ Կարեն Աղաբաբյանիՙ նրանք չեն կարող պայքարել դրա դեմ, Սեւանի ձկնորսներն ավելի շատ վնաս են տալիս ձկներին, որոնց հաճախ ապօրինի որսում են։ Եթե ձկան մասին այդքան բան ասվել է, եւ ոչ մի միջոց չի կիրառվել, թռչունների մասին խոսք լինել չի կարող։ Նա հավաստիացնում է, որ այս ոլորտի օրենսդրությունը Հայաստանում նորմալ է, սակայն այդքան էլ լավ չի գործում։ Լավ չեն ֆինանսավորվում բնապահպանության ոլորտի աշխատողները, որոնք անմիջապես շփվում են հասարակության հետ եւ հսկում տարածքը։ Դրա հետեւանքով կամ լավ չեն աշխատում, կամ սկսում են կաշառակերությամբ զբաղվել։
Կարեն Աղաբաբյանն ասում է, որ Հայաստանում վտանգված տեսակները գիշատիչ թռչուններն են, դրանց սպառնացող վտանգը մարդու կողմից ուղղակի հետապնդումն է, կամ կրակում են, կամ էլ ձագերին բներից հանումՙ վաճառքի հույսով։ Բանն այն է, որ արաբական երկրներում ընդունված է բազեներով որս անելը։ Այնտեղ մեծահարուստի ունեցած բազեների քանակով որոշվում է նրա հեղինակությունը։ Հայաստանում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ վաճառքի նպատակով բռնել են գիշատիչ թռչուններ, սակայն հետագայում չեն կարողացել վաճառել կամ խնամել, թռչունը սատկել է։
Մամիկոն Ղասաբյանն ասում է, որ վերոնշյալը տեղի է ունենում այն ժամանակ, երբ գիշատիչ թռչունները գյուղատնտեսության մեջ առաջին օգնականներն են. դրանց համար հիմնական կեր են մկնանման կրծողները, որոնք մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Այսպիսով, վերջիններս հզոր կենսաբանական պայքարի միջոց են. նպատակահարմար է թունաքիմիկատները փոխարինել գիշատիչ թռչուններով, եւ պահպանել ոչ միայն գիշատիչ թռչուններին, այլեւ հայրենի բնությունը։
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ