Ինչը հետին պլան կմղի բնապահպանական խնդիրների լուծումը
2003 թ.-ի գործունեության արդյունքները երեկ լրագրողներին ներկայացրին «Էյ Սի Փի» ընկերության խորհրդի նախագահ Վալերի Մեջլումյանը եւ «Վալլեքս» խմբի մյուս ընկերությունների տնօրենները։
«Բեյզ մեթլս» ընկերությունը ստեղծվել եւ գործում է Լեռնային Ղարաբաղում։ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի շրջակայքում գտնվող պղնձի-ոսկու հանքավայրի շահագործման նպատակով 2003 թ.-ին ստեղծվեց հարստացուցիչ ֆաբրիկան։ Ընկերության տնօրեն Արթուր Մկրտումյանը, անդրադառնալով ձեռնարկության աշխատանքին, նշեց, որ մինչ այժմ արդյունահանվել է 56 հազար տոննա հանքաքար, իսկ բնապահպանական առումով խնդիրները կարգավորված են։ Այստեղ 6 մլն դոլարի ներդրումներ են կատարվել, իսկ աշխատակիցների թիվը մոտ 700 է։
«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն, որի բաժնետոմսերի 60 տոկոսը պատկանում է «Էյ Սի Փի» ընկերությանը, իսկ 40 տոկոսը 194 մարդուց բաղկացած կոլեկտիվին, պայմանագրային հիմունքներով գիտահետազոտական եւ նախագծային աշխատանքներ է կատարում համակարգի ձեռնարկությունների համար։ Իսկ «Վալլեքս Մայնինգ» ընկերությունը երկրաբանահետախուզական գործունեություն է ծավալել Տանձուտի ոսկի-կոլչեդանային հնարավոր հանքավայրում։
Խմբի գլխավորՙ «Էյ Սի Փի» ընկերության 2003 թ.-ի ցուցանիշները ներկայացրեց գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը։ Նա հայտնեց, որ անցյալ տարի ձեռնարկությունը սկսել է աշխատել շահույթով, համալրվել է ընկերության կանոնադիր կապիտալը։ Գործադիր տնօրենը հատուկ անդրադարձավ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գծով գերավճարի կուտակմանը, ասելով, որ դա խոչընդոտում է արտադրության վերազինմանը։ Նա հայտնեց, որ ԱԱՀ գերավճարը կազմել է մոտ 800 մլն դրամ, ինչը գերազանցել է շահույթին։ Գագիկ Արզումանյանը գերավճարի վերադարձման հետ կապեց նաեւ Ալավերդիում բնապահպանական խնդիրների լուծման հարցը եւ սպառնաց, որ հակառակ դեպքում հնարավոր է, որ կատարվի հետ քայլ եւ արտադրությունը կազմակերպվի հին տեխնոլոգիաներով։
Ի դեպ, հարկ ենք համարում նշել, որ 1999 թ.-ից, ինչ այս ընկերությունը գործում է Ալավերդիում, նրա ղեկավար Վալերի Մեջլումյանը տեղի բնակիչներին մշտապես խոստանում է 4 տարվա ընթացքում լուծել բնապահպանական խնդիրները։ Անցել է 5 տարի, իսկ ընկերությունը արդեն խոստանում է ոչ թե լուծել, այլ ընդհակառակըՙ չլուծել այդ խնդիրը, պատճառաբանելով գերավճարները։ «Ազգի» հարցին, թե ընկերությունը կատարե՞լ է շահութահարկի գծով վճարումներ, գործադիր տնօրենը պատասխանեց, որ մինչ այժմ ընկերությունն աշխատել է վնասով, (ինչին, մեղմ ասած, դժվար է հավատալ), սակայն այս տարի ունեցել է շահույթ, որից շահութահարկ կվճարվի։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ