«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2004-03-13 | #45, 2004-03-16 | #46, 2004-03-17


ՉԾԽԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Հրաժարվել սատանայի ծառայությունից

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հակածխախոտային պայքարը Հայաստանում ամենացածր մակարդակում է։ Ավելին, մեր հանրապետությունում ծխախոտի բիզնեսը տնտեսության մեջ ամենաակտիվ զարգացող ու մինչ օրս (վերջին 1-2 տարվա սահմանափակումները չհաշված) ամենաշատ գովազդված ասպարեզներից է։

Ծխախոտի վնասների մասին ավելորդ է խոսել։ Ինչպես ամենուր, Հայաստանում էլ քաջ գիտենալով դրա վնասակարության մասին, այնուամենայնիվ, շարունակում են ենթարկվել օրգանիզմը քայքայող այդ դանդաղ գործող ականի ազդեցությանը։ Երեկ պառլամենտում առաջին ընթերցման էր ներկայացվել «Ծխախոտի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Չծխելու մշակույթ, այն ինչ վաղուց ի վեր իրողություն է եվրոպական ու ամերիկյան բազում երկրներում, մեր հանրապետությունում ընդհանրապես չկա։ Ավելին, վերջին տասնամյակում ծխողների զանգվածն անընդմեջ ավելացնում են ուսանողները, երիտասարդ աղջիկներն ու կանայք։ Բնականաբար, դժվար է հույսեր փայփայել, թե օրենքի ընդունումից, ասենք, նույնիսկ 5 տարի անց հայերս նույնպես կհրաժարվենք ինքնասպանության այդ տարբերակից։ Համենայն դեպս, հենց օրենքի նախագծի քննարկումների օրը եւ պատգամավորները, եւ լրագրողները ակտիվորեն շարունակում էին ծխել նախասրահում։

Օրենքը նախատեսում է ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի օգտագործման ու վերահսկման պետական քաղաքականության, պետական ծրագրի մշակում ու իրականացում։ Եթե մոտ ապագայում այն իսկապես գործողության մեջ մտնի, ապա շատ շուտով անհարմարավետության ոչ հաճելի զգացողություններ կապրեն ծխախոտի սպասավորները հասարակական վայրերում ու հաստատություններում։ Արգելանքների ցանկը բավականին ընդարձակ էՙ ծխելն արգելվելու է մշակութային, կրթական, առողջապահական հաստատություններում, քաղաքային տրանսպորտում եւ փոխադրամիջոցների բոլոր տեսակներում։ Իհարկե, հարկադրանքով կամ կոշտ սահմանափակումներով մարդկանց հնարավոր չէ համոզել հրաժարվել վատ սովորույթից (եթե մինչ այժմ իրենք չեն որոշել նույնն անել)։ Սակայն անհանդուրժողականության մթնոլորտի ստեղծումը ծխողների հանդեպ եթե ոչ շուտ, հետո անպայման պտուղներ կտա։

Օրենքի պահանջի համաձայն հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները կպարտավորվեն ծխախոտի գործածության միկրոմիջավայր, ասենքՙ ծխելու առանձնացված գոտիներ ստեղծել աշխատատեղերում։

Ռեստորաններում, սրճարաններում եւ սննդի սպասարկման այլ վայրերում նույնպես պետք է առանձնացվեն փակ տարածքներՙ նույն նպատակով։ Ընդդիմանալու դեպքում եւ ֆիզիկական, եւ իրավաբանական անձինք կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Պատժատեսակն ու տուգանաչափերը կսահմանվեն ենթաօրենսդրական ակտերով։ Այնուամենայնիվ, օրենքը չի հուշում, թե, օրինակ, ռեստորանի տերը ի՞նչ մեխանիզմով է վարչական տուգանքի ենթարկելու կարգը խախտած այցելուին։

Կարեւոր սրբագրումներ են լինելու ծխախոտային ապրանքատեսակների իրացման գործընթացում։ Այսպես, 18 տարին չլրացած երեխաներին արգելվում է ծխախոտ վաճառել։ Արգելվում է նաեւ չափահաս չդարձած անձանց ծխախոտ վաճառել։ Այս դրույթն առկա է նաեւ Հակածխախոտային շրջանակային կոնվենցիայումՙ վաճառողը եթե կասկածներ ունի գնորդի տարիքի վերաբերյալ, կարող է չափահասությունը հաստատող վկայական պահանջել։

Ինչ վերաբերում է ծխախոտի գովազդի արգելմանը, ապա մեր պատգամավորները հատուկ վերաբերմունք արտահայտեցին ծխախոտի արտադրությամբ զբաղվող գործարարների հանդեպ, որոնց խոշոր ներկայացուցիչն, ի դեպ, ԱԺ պատգամավոր է։ Կարծիքներ հնչեցինՙ մեր տնտեսվարողներին չվնասելու համար գոնե ինտերնետում չպետք է արգելել ծխախոտի գովազդը։

Մի խոսքով, հրաշալի պահանջներ, հրաշալի ցանկություններ, որոնք, այս անգամ, առանց Եվրոպայի պարտադրանքի, մեզ պիտի ազատեն մեր առողջության հանդեպ անխելամիտ, անգիտակից վերաբերմունքից։

Համենայն դեպս, ըստ բժիշկների ոչ մի տարիքում ուշ չէ ծխախոտից հրաժարվելը։ Ծխելը թողնելուց հետո նիկոտինը կարճ ժամանակում լքում է օրգանիզմը, մեկ ամսվա ընթացքում ճնշումն իջնում է, արագորեն բարելավվում է թոքերի աշխատանքը, իսկ 5 տարի անց արդեն կաթված ստանալու հավանականությունը հավասարվում է չծխողի մակարդակին։ Ահա այսպիսի լավատեսական խոստումներ նույնիսկ նրանց, ովքեր արդեն իսկ զգում են ծխախոտի աննպաստ ազդեցությունը։ Իսկ որոշ մասնագետների համոզմամբ, ծխախոտից կախվածությունը ավելի շատ հոգեբանական, քան ֆիզիոլոգիական դրդապատճառներ ունի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4