70 տարիների աթեիստական գաղափարախոսությունն իր կնիքը յուրաքանչյուրիս վրա այս կամ այն չափով թողել է։ Հայ ընտանիքներից Խորհրդային Հայաստանի տարածքում քչերն էին, որ փոքրիշատե գաղափար ունեին քրիստոնեական հավատքի, Հայ առաքելական եկեղեցու ծիսակատարությունների, արարողությունների եւ առհասարակ կրոնի մասին։ Անաստվածների այդ կարմիր երկրում ամեն ինչ շինծու էր, որովհետեւ ոչ թե հեռացել էին մարդու հոգեւոր էությունից, այլ սպանել էին այնՙ ամեն ինչ կառուցելով մատերիալապաշտության գաղափարախոսության կարծր դրույթներով։ Փորձեք հիշել, թե այդ տարիներին կոմկուսի որեւէ անդամ կարո՞ղ էր ոտք դնել եկեղեցուց ներս, լավագույն դեպքում հնավայր-սրբավայրերը կարող էին դիտվել սոսկ պատմամշակութային արժեքներ։
Հիմա այլ են ժամանակները, եւ տարիների հոգեւոր վակուումը լցնելու պահանջ կա։ Այս ընթացքում շատերը ոչ միայն հոգեւոր վերափոխում, այլեւ անսպասելի շրջադարձ ապրեցին. սկսվեց դարձ դեպի բուն ակունքները, ոչ միայն ազգային, այլեւ հոգեւոր ինքնության։ Մեր շուրջը դա այնքան ակնհայտ է, որ անիմաստ է կրկնել։ Նրանցից սակավները հոգեւոր սկզբունքները փորձեցին իրականացնել հոգեւոր գիտելիքի եւ սեփական փորձի հիման վրա։ Նրանք լուսակիր այն մարդիկ են, որոնց ուսերին աննկատելիորեն ընկած է մարդկության դիմանալ-չդիմանալու մեծ փորձությունը...
Հասարակությունը հոգեւոր-կրոնական խնդիրներում միատարր չի կարող լինել, խղճի ազատության մերօրյա պայմաններում (եւ ոչ միայն) հոգուն պարտադրանք չի արվում։ (Այստեղից էլՙ բազմատեսակ աղանդների ու դրանց հետեւորդների բազմացումը)։ Այս մասին մեկ ուրիշ անգամ։ Հիմա անդրադառնանք մեզանում նկատվող հետաքրքրական մի երեւույթիՙ քրիստոնյա հայերիս զգալի մասն ունի հոգեբանական բարդույթ, որ դրսեւորվում է եկեղեցիներում ծիսական արարողությունների ժամանակ, օրինակՙ չեն կարողանում աղոթել կամ խաչակնքել։ Նրանք խուսափում են, անհարմար են զգում կամ մեկ այլ բան։ Սրանց պատճառները, կարծում ենք, նախկին խորհրդային աթեիստական դաստիարակության մեջ են թաքնված։ Հոգեւոր կյանքին բացարձակ անհաղորդ մարդիկ առհասարակ խուսափում են նման թեմաներ շոշափելուց։ Այս երեւույթները բնորոշ են շատերիս եւ չեն շրջանցում որոշ պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ երկրի բարձրաստիճան ղեկավարներին։ Հիշենք, որ այս տարի Մայր աթոռ Սբ. Էջմիածնում Սբ. ծննդյան օրվա արարողությանը եւ վեհափառի քարոզին ներկա չէին ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ վարչապետը, ինչը նախատեսված է արարողակարգով եւ ավանդույթով։
Նրանց նայելով բացակայում էին նաեւ նախարարներից շատերը։ Իսկ փետրվարի 28-ին, Ծիծեռնակաբերդում սումգայիթյան զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցող հարյուր հազարավոր հայերի հետ ներկա մեր բարձրաստիճան իշխանավորներից ոմանք, այդ թվում ՀՀ նախագահը եւ ԱԺ նախագահը, Վեհափառ հայրապետի «Հոգւոցն հանգուցելոց» աղոթքից հետո չխաչակնքեցին։ Սա ե՞ւս հոգեբանական բարդույթ է, նախկին տարիներից ժառանգված աթեիստական գաղափարախոսության մնացո՞րդ, կարեւորություն չտվող մանրո՞ւք (չնայած ազգովին քրիստոնյա ենք մեզ համարում ու խաչով զարդարում մեզ ու մեր շուրջը)։ Սա բնորոշ է մեզանից շատերին, բայց պաշտոնյա բարձրաստիճան այրերի պարագայում նկատենք, որ հատկապես նրանց համար պարտադիր է հաղթահարել նման բարդույթները թեկուզ առերեւույթ եւ ի տես հանրության պահպանել պատշաճությունն ու ընդունված կարգը։
Մանավանդ եթե հաշվի առնենք, որ հասարակությունը (ավելի շուտ, պաշտոնական այրերը) տառացիորեն հետեւում են երկրի ղեկավարության վարք ու բարքին, նրանց վերաբերմունքին ու մտայնություններին, եւ նրանց օրինակը «վարակիչ» է կամ առնվազն պարտադրող։
Մ. Բ.