Լիբանանահայ դպրոցի հիմնադրման պատմությունն ընդունված է համարել 1920-ական թվականները, երբ սկսվեց 1915 թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի զանգվածային ներգաղթը Լիբանան։ Սակայն մինչ այդ Սբ. Նշան եկեղեցում գործում էր վարժարան եւ Զմմառյան միաբանության ընծայարանը։ 1920-21 թթ. այստեղ հայտնված առաջին կրթօջախները Արեւմտահայաստանից եւ Կիլիկիայից տեղափոխված որբատներն էին, 1923-ից հայտնվեցին թիթեղաշեն ու փայտաշեն ուսումնարաններ։ Հետագա տարիներին հայության կյանքի բարգավաճմանը զուգընթաց աշխուժացավ նաեւ կրթական կյանքը, կառուցվեցին հարմարավետ, բարեկարգ դպրոցներ, որոնք ծաղկման հասան ազգային հասարակական-տնտեսական կյանքի վերելքի տարիներին։ 1974¬75 թթ. Լիբանանի տարածքում գործում էին 56 կրթարաններՙ 21.000 աշակերտությամբ։ 1991¬92-ին դրանք 45-ն էինՙ 11.939 աշակերտությամբ, իսկ 2001¬2002-ի կրթական տարեշրջանում Լիբանանում գործում էին ընդամենը 30 վարժարաններՙ 8.384 աշակերտներով։ Այս տվյալները վկայում են լիբանանահայ դպրոցի անկումային վիճակի մասին։ Նահանջի նման տեմպերը վտանգի են ենթարկում հայ դպրոցի հետագա գոյությունը, իսկ սա նշանակում է լիբանանահայության գոյությունըՙ որպես «հավաքականություն եւ կարողականություն», նույնպես վտանգի է ենթարկված։ Այս եզրահանգման է գալիս Դարուհի-Յովակիմեան երկրորդական վարժարանի տնօրեն Ժիրայր Դանիելյանըՙ լիբանանահայ կրթական ողջ համակարգը մանրազնին ուսումնասիրելով եւ թվային փաստերովՙ ամբողջական հրապարակելով «Լիբանանահայ դպրոցը» գրքույկում։ Հրապարակված թվերը մտորումների տեղիք են տալիս, եւ հնչեցվում է համահայկական ահազանգ, որ վերաբերում է ազգային իշխանություններին, կրթական մարմիններին, կուսակցություններին, կազմակերպություններին, եկեղեցիներին։ Հայության համար կենսականորեն կարեւոր այս խնդրի լուծման համար առաջնահերթը Ժ. Դանիելյանը համարում է երեւույթի ախտաճանաչումը, ապա հստակորեն տալիս դրա պատճառները եւ ճգնաժամից դուրս գալու ճանապարհները։
Պատճառները
Լիբանանահայ դպրոցի աշակերտության նոսրացման ամենահիմնական պատճառը լիբանանահայության արտահոսքն է տարբեր երկրներ, տնտեսական, ֆինանսական խնդիրներով պայմանավորված տեղափոխությունները պետական դպրոցներ, բարեկեցիկ հայ ընտանիքների հետզհետե օտարացումն ազգային կյանքից, հետեւաբար եւՙ դպրոցից։
Տարիներ շարունակ հայ հասարակական կյանքի նկատմամբ լռությունն ու անտարբերությունն են հանգեցրել հայ դպրոցի ներկա տագնապալի վիճակների։ Երբ մեծահարուստ բարերարներից ոմանք հիմնելով իրենց անուններով դպրոցներ, իրենց զավակներին ու թոռներին կրթության էին տալիս օտար վարժարաններ։ Այս վարվելակերպը բնորոշ էր նաեւ որոշ կուսակցապետների, մշակութային, մարզական, հայրենակցական միություններում բարձր դիրք գրավող, հեղինակավոր անձանց, տնօրենների եւ նույնիսկ ուսուցիչների։ Այս խնդրում իրենց պատասխանատվությունն ունեն բոլորը, իսկ ծնողներըՙ առավելաբար, քանի որ նրանք են որոշում երեխայի կրթական ուղղվածությունը։ «Օտարի հմայքով շլացածներից» բացի կա մի խավ, որին նման վարվելակերպի դրդում է սոցիալական կացությունը։ Նրանց թիվն օրըստօրե ավելանում է։ Այսօր ոչ միայն համեստ խավը, նաեւ միջին դասը դիմում է պետական, ոչ հայկական, ավելի սուղ կրթավճարներով վարժարաններ։ (Այս երեւույթն, ի դեպ, նկատելի է ոչ միայն հայերի մոտ)։
Մտահոգություններ
Լիբանանահայ դպրոցի ներկա տագնապալի վիճակը մշտապես մամուլի ուշադրության կենտրոնում է։ «Զարթօնք» եւ այլ պարբերականներում հաճախ անդրադարձներ են լինում վերոհիշյալ հարցի առնչությամբ, հրապարակայնորեն հնչում են հարցադրումներՙ կա՞ արդյոք երեւույթը դիմակայելու դժկամություն, եթե ոչՙ որո՞նք են ճանապարհները։ Մտահոգությունների համայնապատկերում տեղեկանում ենք, որ լուռ է հայ ուսուցիչը, երբ թվում էր հայ դպրոցի պաշտպանության ջահակիրը հենց նա պիտի լիներ, բայց չի արձագանքում վարժարանների փակվելուն, հայերեն լեզվի դասանյութերի վերաբերյալ փոփոխություններին, ուսուցիչների կրճատումներին եւ համանման այլ երեւույթների։ Ի մասնավորի նկատվում է, որ Լիբանանում 1996 թ. ի վեր պետության կողմից աշխատավարձի հավելում չի եղել, ի բացառյալ ուսուցիչներիՙ երկու տարին մեկ անգամ 50¬100 հազար լիբանանյան լիրայի սահմաններում։ Որպես օրինակՙ համալսարանական վկայականով (BA) կամ (BS) ուսուցման հատուկ վկայագրով (Normal diploma) ուսուցչի սկզբնական աշխատավարձը շուրջ 600 ԱՄՆ դոլար է, երբ երկրում նվազագույն աշխատավարձը 200 դոլար է։
Պատկեր
Ժ. Դանիելյանն ամբողջացնելով կրթական համակարգի թվային պատկերըՙ անդրադառնում է Լիբանանի տարածքում 2001¬2002 թթ. գործող բոլոր վարժարաններինՙ ազգային (11)ՙ 2503 աշակերտությամբ, հայ կաթողիկե (6)ՙ 2543, հայ ավետարանական (7)ՙ 1490, ՀԲԸՄ (3)ՙ 782 աշակերտներով, այլ միությունների (3)ՙ 1009, դպրեվանք-ընծայարաններ (3)ՙ 91, հատուկ դպրոցներ (ՔԱՀԼ եւ «Զուարթնոց»), ընդհանուրՙ 8418 աշակերտներով։ Մոտավոր տվյալներով ոչ հայկական վարժարաններում սովորում են շուրջ 3.500 աշակերտներ։
Ելքեր
Լիբանանահայ դպրոցների ներկա վիճակը պարտադրում է որոշակի վերափոխումներ կատարել։ Աշակերտության թվի նվազեցման հետ մեկտեղ պակասում է կրթաթոշակներից գոյացած վարձատրությունը։ Այս երեւույթներն ինքնին ենթադրում են ուսուցիչների թվի կրճատում եւ որոշ վարժարանների փակում։ Ուսումնասիրության հեղինակը գտնում է, որ 12¬15 վարժարաններՙ յուրաքանչյուրը 500¬700 աշակերտներով, կարող են սպասարկել 8.400 աշակերտի։ Երեւույթը շատ առումներով հիշեցնում է այսօր Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների օպտիմալացման ծրագիրը, որը, սակայն, բնակչության զգալի մասի համար անընդունելի է։ Որովհետեւ ծրագրի իրականացումն ուղեկցվելու է ուսուցիչների գործազրկությամբ։ Սփյուռքահայ գործիչն առաջարկում է հնարավորինս պահելով մարդկային ներուժը, մնացածների համար հնարավորություն ստեղծել նոր աշխատատեղերիՙ ազգային, բարեսիրական միություններում։
Լիբանանահայ կրթական այսօրվա համայնապատկերը հուսահատեցնող փաստ է, եւ հայ դպրոցի նահանջը կանխելու համար օր առաջ հարկավոր է համախմբել այս հարցով նախանձախնդիր բոլոր անձանց, կազմակերպություններին, միություններին։ Տնտեսական դժվարությունների պատճառով հայ դպրոցից հեռացողների համար կատարել բացառիկ նյութական կարգադրություն, եւ ոչ մի հայ աշակերտի այդ պատճառով դուրս չթողնել, գտնել անհատ բարերարներ, լիբանանահայ հոգեւոր պետերի նախաձեռնությամբ ստեղծել հատուկ մարմին եւ հիմնադրամ, զանազան կազմակերպություններից ապահովել կրթանպաստ, հայ դպրոցից օտարացող ծնողների մոտ ծավալել հատուկ աշխատանք, բարելավել հայ դպրոցի շենքային պայմանները (խաղադաշտ, գրադարան, համակարգչային ցանց, մշակութային միջոցառումներ), ուսումնական մակարդակի բարձրացում կատարել որակավոր մանկավարժների միջոցով, կազմակերպել ուսուցիչների վերամասնագիտացման դասընթացներ։
Այս միջոցառումները կնպաստեն բարելավելու ճակատագրական հանգրվանում գտնվող լիբանանահայ դպրոցի ներկա կացությունը. գերխնդիր նպատակ, որ ծառացած է ողջ հայության առաջ, որովհետեւ հայ դպրոցը եկեղեցու հետ հայության նկարագրի եւ մեր ինքնության պահպանման հիմնասյունն է թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ