«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2004-03-17 | #47, 2004-03-18 | #48, 2004-03-19


ԿԱՆԱԴԱՀԱՅ ՆԵՐԹԵՄԱԿԱՆ ՆՈՐ ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐ

Դեռեւս 1898 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը հայրապետական սրբատառ կոնդակով հաստատեց Հյուսիսային Ամերիկայի Հայաստանյայց առաքելական եկեղեցու թեմի (ներառյալ կանադահայ) ենթակայությունը Սբ. Էջմիածնի գերագույն իշխանությանը։ Կանադայում առաջին Հայ առաքելական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին պաշտոնապես հաստատվեց 1930-ինՙ օրհնությամբ եւ հովանավորությամբ Ամենայն հայոց կաթողիկոսության։ Հետագա տարիներին եկեղեցիների ցանցը սկսվեց տարածվել եւ 1984-ին Վազգեն Ա-նՙ ընդառաջելով կանադահայ եկեղեցիների խնդրանքին, հայրապետական կոնդակով հռչակեց կանադահայ առաջնորդության ստեղծումըՙ ըստ մեր եկեղեցական կանոնների եւ ավանդությունների։ Ուստի Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան եւ Արեւմտյան, նաեւ Կանադայի հայոց թեմերի իրավասություններից դուրս կազմավորված որեւէ եկեղեցի կամ առանձին թեմական վիճակ համարվում է հակականոնիկ եւ անօրինական։

Բայց ահա, ինչպես տեղեկացնում է կանադահայ առաջնորդության թեմական խորհուրդը, Արամ Ա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը վերջերս Խաժակ արք. Հակոբյանին շնորհում է առաջնորդի տիտղոսը, որով ավելի է խորացնում ներգաղութային պարտադրված պառակտումներն ու բաժանումները։

Թեմական խորհուրդը դատապարտում է գաղութի բաժանման ուղղությամբ տարվող նման գործելակերպըՙ չընդունելով նաեւ 2001 թ. հռչակված «թեմի» գոյությունը։ Անհարկի նման միջամտությունները հղի են լուրջ վտանգներով։ «Այն յատկապէս այս ափերու վրայ նոր սերունդի մէջ հիասթափութիւն եւ անհանդուրժողութիւն յառաջ պիտի բերէ հանդէպ մեր սբ. եկեղեցին եւ ազգային գիտակցութիւնըՙ պատճառ ըլլալով անոնց հեռացումն։ Այս իրավիճակի յառաջացման ամբողջ պատասխանատուութիւնը կը մնայ Կիլիկիոյ կաթողիկոսութեան վրայ։ Դատապարտելով հանդերձ կատարուածը, մենք կը մնանք միշտ միաբանութեան եւ սիրոյ պահպանումի դիրքին», ասված է թեմական խորհրդի հայտարարության մեջ։

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4