Դժվար է հավատալ, որ Հայաստանում կգան ժամանակներ, երբ ամեն մի դեռահաս հայուհի կերազի քաղաքական գործիչ դառնալ, որովհետեւ մեր կանայք որքան էլ հետաքրքրվում են քաղաքականությամբ ու հաճախ տղամարդկանցից ավելի թունդ վիճում քաղաքական թեմաների շուրջ, բայց քաղաքական գործիչ դառնալու մասին գրեթե չեն մտածում։ Այդ մասին են վկայում կատարված բոլոր հետազոտություններն ու հարցումները։ Ինտելեկտուալ կանայք գերազանցապես զբաղվում են հասարակական գործունեությամբ, ինչը, սակայն, նրանց հնարավորություն չի տալիս քաղաքական դաշտ մտնել, ուր ամուր պատնեշներ են ձգել տղամարդ գործիչները։ Վերջիններիս հետ հավասար դիրքերում այսօր գործող սակավաթիվ կանայք, սեփական կաշվի վրա զգալով այդ ծանր պարտականությունը, ջանում են իրենց կողքին տեսնել նորանոր կանանցՙ առկա քաղաքական անհավասարակշիռ վիճակը վերացնելու համար։
Նրանց աջակցելու նպատակով Հայաստանում Մ. Նահանգների դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժինը երեկ անցկացրեց կանանց միջազգային ամսվան նվիրված ֆորումՙ քննարկելու կանանց դերը արտաքին եւ ներքին քաղաքականության, բիզնեսի, լրատվության եւ իրավական ոլորտներում։
Կանայք արտաքին քաղաքականության մեջ զեկուցողների թվում էր նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբբոտ-Ուոթը, որը «դիվանագիտորեն» անտեսելով իրեն ուղղված մեղադրանքները երեկ էլ կրկնեց, որ «բրիտանական կառավարությունը ցավում է հայերի հետ կատարվածի համար»ՙ վերստին խուսափելով ցեղասպանություն բառից։ Գուցե արժեր, որ դեսպանն անդրադառնար այն խիստ հրատապ հարցին, թե ինչպես են կանայք նաեւ փչացնում դիվանագիտական հարաբերությունները։
«Ինչո՞ւ ենք ուզում կանանց ներգրավել քաղաքականության մեջ», հարց տվեց Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Լուսիկ Դանիելյանն ու անցավ պատասխանի բացատրությանը. նախ ավելի հեշտ կլուծվեն կանանց հիմնահարցերը, հետոՙ կանայք տղամարդկանցից ավելի խաղաղասեր են, քաղաքականությունը մասնագիտություն է, որը պահանջում է հավասար իրավունքների պահպանում, եւ վերջապեսՙ մենք փոքր ազգ ենք եւ չպետք է մեր ուղեղի կեսն օգտագործենք, որովհետեւ կանայք կազմում են մտավոր ներուժի 50 տոկոսը։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է խորհրդարանում կանանց ներկայությունը հասցնել 30 տոկոսի, ներկայիս 5-ի փոխարեն։ Հասարակական կազմակերպություններ ղեկավարող կանանց, որոնք փոքր թիվ չեն կազմում մեզանում, նա հորդորեց ընդգրկվել քաղաքական խոշոր կուսակցությունների շարքերըՙ կառավարական օղակներում իրենց տեղն ապահովելու համար։
Այս հարցի առնչությամբ հնչեցին բազում դժգոհություններ տղամարդկանց վարքագծից, մասնավորապես քաղաքական պայքարում կանանց ուժերն օգտագործելուց եւ իշխանության հասնելուց հետո նրանց մի կողմ թողնելուց։ Իսկ Հայաստանի ժողովրդական կուսակցության մամլո խոսնակ Ռուզան Խաչատրյանի բնորոշմամբ տղամարդիկ քաղաքականության մեջ փնթի են եւ հիգիենայից զուրկ, դրա համար էլ կանայք կատարում են հավաքարարի եւ սանիտարի պաշտոնները։ Դժգոհություններ եղան նաեւ մարտի 8-ին կայացած կանանց ցույցի վերաբերյալ նախագահ Քոչարյանի արտահայտած մտքերից եւ ցույցը հանրային հեռուստատեսության 02 լրատվական ծրագրով ցուցադրելուց։
«Արժանապատվություն» կուսակցության նախագահ Լյուդմիլա Հարությունյանը հատկապես շեշտեց մեր հասարակության քաղաքացիական ակտիվությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը, քանի որ հասարակությունն աշխատում է պարզունակ սխեմայով, անմասն մնալով երկրում ընդունված կարեւորագույն որոշումների կայացմանը։ «Հասարակությունը պետք է ակտիվանա եւ կանայք պետք է լինեն առաջատարներ», ասաց նա։
Հետաքրքրական էր կանայք լրատվության մեջ թեմայով «Ինտերնյուզ» հասարակական կազմակերպության տնօրեն Նունե Սարգսյանի ելույթը։ Նա խոսեց իրենց հետազոտությունների մասին, որոնցից մեկի համաձայն մեր հասարակության համար ավելի առաջնային են սոցիալական, քան կանանց հիմնախնդիրները, իսկ ըստ երկրորդիՙ կանանց չեն գոհացնում իրենց համար նախատեսված հեռուստահաղորդումների բովանդակությունն ու պրոֆեսիոնալ մակարդակը։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ